Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Փամբուխչյան. Մեր խմբակցությունը այն խմբակցությունը չի, որ ցանկացած նախագծի պարագայում լինի դակողի դերում. «Ժողովուրդ»

Հունվար 25,2019 13:07

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արմեն Փամբուխչյանի հետ

– Նախկինում շատ էին քննադատում խորհրդարանին, որ կառավարության կցորդն էր դարձել։ Կառավարությունը ինչ բերում էր, խորհրդարանը կոճակ սեղմողի գործառույթ էր կատարում։ Այս խորհրդարանին նույնը չի՞ սպառնում։ Ո՞րն է երաշխիքը, որ հիմա այդպես չի լինի։

– Սովորաբար, որպես կանոն, գործադիրից են ամենաշատ նախաձեռնությունները գալիս։ Մեզ չի սպառնում դա, քանի որ բավականին դեմոկրատական մոդել է ներդրված մեր խմբակցությունում, քննարկումներ են գնում ցանկացած հարցի շուրջ, ով ցանկություն է ունենում, հայտնում է իր կարծիքը, բանավեճեր են լինում։ Մեր խմբակցությունը այն խմբակցությունը չի, որ ցանկացած նախագծի պարագայում լինի դակողի դերում։ Մենք պետք է հստակ գիտակցենք, թե ինչ է տեղի ունեցել։ Տեղի է ունեցել հեղափոխություն, ձեւավորվել է նոր կառավարություն, եւ նոր կառավարությունը իր ծրագիրը չի կարողացել ամբողջապես իրականացնել, քանի որ չի ունեցել քաղաքական հենարան օրենսդիր մարմնում։

Գործադիրի ու մեր ժողովրդի ջանքերով ԱԺ-ն լուծարվել է, տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որտեղ մեզ 70 տոկոս վստահության քվե է տրվել։ Եվ բնականաբար, այս օրենսդիրը, մասնավորապես՝ մեր խմբակցությունը, պետք է հենարան լինի եւ, իհարկե, տեղին քննադատող, տեղին հարցադրումներ անող, եւ երբեմն կլինեն նաեւ նախագծեր, որոնց մասով բացասական եզրակացություն կտրվի թե՛ հանձնաժողովներում, թե՛ խմբակցություններում։

– Նախկին իշխանությունները խորհրդարանում չհայտնվելով՝ արտախորհրդարանական ընդդիմության հայտ են ներկայացրել։ Տեսնո՞ւմ եք նրանց ընդդիմադիրի դերում, թե՞ ավելի ազդեցիկ կարող են լինել խորհրդարանում ներկայացված ուժերը։

– ՀՀԿ-ին չեմ տեսնում, քանի որ դեկտեմբերի 9-ին այդ գնահատականը տվեց ժողովուրդը։ Եվ ժողովուրդը արդեն այլ որակ է պահանջում ու չընտրեց հինը։ Ժողովուրդն ապացուցեց, որ ապրիլին մերժել է։ Թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական այն ուժերին, որոնք որ նոր են ստեղծվել, որոնք որ ունեն գաղափարներ, արժեհամակարգով ընդհանուր առմամբ, գտնվում են մեր արժեհամակարգի սահմաններում, բայց ունեն գաղափարական տարաձայնություններ մեզ հետ կամ մեզնից տարբեր իդեաներ։ Ակնկալում եմ նաեւ հասարակության ակտիվ մասնակցությունը՝ որպես մեզ զսպող օղակ։ Իսկ ՀՀԿ-ն ունի ֆինանսական ռեսուրսներ, եւ իրենք փորձելու են այդ ռեսուրսներով որոշակի մթնոլորտ փոխեն։ Բայց նրանց չի հաջողվի, այդ մասին են վկայում ԱԺ ընտրությունների արդյունքները։

Զրուցեց Արման ԳԱԼՈՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031