Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն Թուրքիային կոչ է արել հարգանք դրսևորել մարդու իրավունքների նկատմամբ

Հունվար 25,2019 12:56

Ստրասբուրգում ԵԽԽՎ լիագումար նիստում տեղի ունեցած քննարկումներից հետո Վեհաժողովն արձանագրել է «Թուրքիայում ընդդիմադիր քաղաքական գործիչների դրության վատթարացում» և կոչ արել Թուրքիայի իշխանություններին հարգանք դրսևորել նրանց իրավունքների և խոսքի, հավաքների ազատության նկատմամբ:

Հիմնվելով այդ հարցով համազեկուցողներ Մարիաննե Միկկոյի (Էստոնիա) և Նայջել Էվանսի (Մեծ Բրիտանիա) եզրակացությունների վրա՝ Վեհաժողովը մասնավորապես խորհուրդ է տվել երաշխավորել խորհրդարանական անձեռնմխելիություն և կոչ արել Թուրքիայի իշխանություններին «ազատ արձակել պատգամավորներին և նախկին պատգամավորներին, որոնց անձեռնմխելիությունը խաթարվել է 2016թ. Եվրոպայի խորհրդի չափանիշների խախտմամբ»:

Այս համատեքստում մատնանշվել է «Դեմիրթաշն ընդդեմ Թուրքիայի» գործը, և ԵԽԽՎ-ն կոչ է արել Թուրքիային լիարժեք իրականացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը:

Իր ընդունած բանաձևում ԵԽԽՎ-ն նաև հիշեցրել է իր նախկին բանաձևում արտահայտած մտահոգությունները՝ կապված մամուլի և խոսքի ազատության սահմանափակումների, ընդդիմադիր խորհրդարանականների, նախկին պատգամավորների և ՏԻՄ ներկայացուցիչների ձերբակալությունների և բանտարկությունների վերաբերյալ, որոնք «խոչընդոտել կամ խաթարել են ընդդիմության հնարավորությունները՝ իրականացնելու իրենց իրավունքները և ժողովրդավարական դերը և՛ խորհրդարանի ներսում, և դրանից դուրս»:

Ողջունելով Թուրքիայի իշխանությունների կառուցողական գործողությունները Եվրոպայի խորհրդի հետ, մասնավորապես Եվրոպայի խորհրդի և Թուրքիայի արդարադատության նախարարության միջև, ԵԽԽՎ-ն կոչ է արել չեղարկել Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածը (վիրավորանք Հանրապետության նախագահի հասցեին) և փոփոխություններ մտցնել 301-րդ հոդվածում (թուրք ժողովրդի, Թուրքիայի Հանրապետության պետականության, պետական մարմինների և հաստատությունների ստորացում), որոնցում վիճարկվում է խոսքի ազատությունը:

Բացի այդ, խորհրդարանականները կոչ են արել փոփոխություններ մտցնել հակաահաբեկչական օրենքում և վերանայել ընտրական օրենսդրությունը՝ համապատասխան Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունների: 2017թ. սահմանադրական փոփոխությունները նույնպես պետք է վերանայվեն՝ «իշխանության գործադիր, օրենսդիր և դատական ճյուղերի միջև արդյունավետ տարանջատման և դրանց միջև հուսալի հավասարակշռությունը վերականգնելու համար»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031