Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ պետք չէ այնպիսի սեր, որը վերջանալու է օղու վրա մեր նկարներով կամ մոմի վրա մեր պատկերով. Արմեն Աշոտյան. «Ժողովուրդ»

Հունվար 25,2019 12:52

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ

– Հեղափոխությունից հետո ուսումնասիրելով ձեր անցած գործունեությունը՝ հասկացա՞ք, թե ժողովուրդը ինչու չի սիրում ՀՀԿ-ին։

– Ի՞նչ է նշանակում՝ չի սիրում։ Եթե չի սիրում, բա ո՞նց Արմեն Աշոտյանը ստացավ ամենապատկառելի ձայներից մեկը բոլոր ուժերի մեջ՝ «Իմ քայլը» հանած։ Ոչ շտաբ եմ ունեցել, ո՛չ քարոզչական գործունեություն եմ ծավալել, ո՛չ փողեր եմ ծախսել։

Ատելության մթնոլորտը այսօր շատ արագ փոխվում է։ Ես չեմ ասում, որ սկսում են մեզ սիրել։ Մեզ պետք չէ այնպիսի սեր, որը վերջանալու է օղու վրա մեր նկարներով կամ մոմի վրա մեր պատկերով։ Դա սեր չէ։ Սա ֆանատիզմ է, կռապաշտություն, դա քաղաքական կապիտալ չէ։ Մենք՝ որպես պետականամետ ուժ, հակված ենք, որ ֆորս- մաժոր չլինի։

Եթե այսօրվա իշխանավորները մի քիչ խելոք լինեն, մի քիչ պակաս մեծամիտ, մի քիչ պակաս լոպազ, ապա ականջ կդնեին այն քննադատությանը, որի նպատակն է ցույց տալ սխալներ, կանխել սխալ որոշումներ, չեզոքացնել վտանգներ։

Ես գիտեմ՝ իրենց անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից նոր հանձնարարական է իջեցվել չարձագանքել ՀՀԿ-ականների քննադատությանը, որպեսզի մոռացության մատնեն կամ անտեսեն։ Սա ջայլամային քաղաքականություն է։ Ասենք թե չեք տեսնում այն քննադատությունը, որը մենք անում ենք, դրանից ինչ-որ բա՞ն է փոխվում, դրանից փոխվո՞ւմ են Արցախյան հակամարտության համար մեր անհանգստությունները, թե՞ ինվեստորներն են Դավոսում շարվել Նիկոլ Փաշինյանի ստորագրությանը ներկայացնելու ներդրումային ծրագրեր։

«Դըմբ-Դըմբ հու»-ով արտաքին, տնտեսական, անվտանգային քաղաքականություն իրականացնել չի ստացվի: Լավ, անցյալ տարին էլ միջազգային հանրության վրա վաճառեցին ժողովրդավար, թավշյա Հայաստանի իշխանությունների իմիջը, բա հետո՞։ Սպառվեց այդ բրենդը։ Լավ, մի 4-5 ամիս էլ կխոսեն դրա մասին։

Իսկ ԵՄ-Հայաստան համաձայնագրի իրականացման ռատիֆիկացիայի մասին չե՞ն ուզում խոսել։ Իսկ ՀԱՊԿ-ում Հայաստանի նոր իշխանությունների ապիկար քաղաքականության պատճառով թուլացած դիրքերի մասին չե՞ն ուզում խոսել։

Զրուցեց Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031