Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Դավոսում կայացած հանդիպումը բազմաթիվ քննարկումների առիթ դարձավ։ Քաղաքագետ Թեւան Պողոսյանը, սակայն, այս հանդիպման մեջ որեւէ արտառոց բան չի տեսնում։ Նա ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ նման հանդիպումները օգնում են երկու երկրների ղեկավարներին ճանաչել միմյանց։
-Նման հանդիպումների ֆորմատը, որ ինչպես վարչապետն է ասում՝ «Եթե իրենք նույն տեղում են լինում՝ չեն խուսափում հանդիպումներից», ինչի՞ կարող է հանգեցնել։ Հնարավո՞ր է, որ դրական կամ բացասական անդրադառնա բանակցային հետագա գործընթացի վրա։
– Այն րոպեին, երբ իրենք իրենց ամեն մեկն իր ընկալմամբ բացահայտեն, ապա հաջորդ հանդիպումներին կվերաբերվեն շատ ավելի հանգիստ։ Հանդիպումներից պետք չէ վախենալ, պետք է հանդիպել, խոսել, ամեն ինչ անել։ Սրանք նախապատրաստական ժամանակահատվածներ են, ես որպես բանակցությունների մասնագետ եւ դասավանդող, գիտեմ՝ այս գործընթացն ինչի մասին է, դրա համար հանգիստ եմ վերաբերվում։ Ես նաեւ լավ գիտեմ, որ ՀՀ քաղաքացին իր քվեն տվել է այն խոստումներին, որ Արցախը վերադառնալու է բանակցությունների սեղանին, մեր կողմից զիջումների մասին խոսակցություն չի գնալու, մինչեւ չիմանանք, թե Ադրբեջանը ինչ զիջումների է գնալու։ Հայաստանում, Արցախում կան այն տղաները, որոնք թույլ չեն տալու, որ հայկական շահերին դեմ որոշումներ ընդունվեն։
– Պարոն Պողոսյան, Նիկոլ Փաշինյանն իր խոսքում հստակ ասաց, որ դավադրություններ չեն լինելու, սակայն, ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը հայտարարել է, որ հունիսին Փաշինյանն ու Ալիեւը համաձայնագիր են ստորագրելու Ղարաբաղի շուրջ, որտեղ հայկական կողմն անուղղակի կոմպրոմիսների ներքո ստիպված է լինելու զիջել մի քանի շրջաններ։ Նման սցենար հնարավո՞ր է:
– Եթե նախկինները չեն տվել՝ ինչու՞ պետք է առաջինը լինի Նիկոլ Փաշինյանը, որը հետո պիտակավորվի՝ ազգի դավաճան։ Ես ասում եմ՝ եկեք պատրաստվենք ցանկացած սցենարի, որ ոչ մի բան չզիջենք ոչ միայն հունիսին, նաեւ մի 200 տարի, մինչեւ կլինի նոր Ադրբեջան, կամ չի լինի ու հանգիստ մեր հայկական շահերը տանենք առաջ։ Ինչու այս մոտեցումը չեն կիսում եւ Տարասովին ենք անդրադառնում։ Տարասովն այդ տեսակի պատկերացում ունի, հնարավոր է, որ վաղն էլ ուրիշը ուրիշ բան ասի։ Այդ տեղեկությունները մեզ ընդամենը օգնում են հասկանալ, թե մեր վարած քաղաքականության մեջ ինչ ընկալումներ կարող են ձեւավորել եւ այդ ընկալումներով ոնց կարող են մեր հասարակության վրա ազդել։ Եթե ես գիտեմ, որ մինչեւ հունիս չեմ ուզում ինչ-որ բան ստորագրել ու զիջել, ուրեմն պետք է մինչեւ հունիս այնպիսի քաղաքականություն վարեմ, որ ստեղծվի ընկալում, որ նման սցենար չի կարող լինել։ Ես վստահ եմ, որ մենք դա չենք ցանկանում։
Նարեկ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Նախ սովետ պետությունը ստեղծվեց,որը առանց հաշվի առնելու ժողովրդի կամքը՝ մայր հայրենիք Հայաստանից պոկեց Նախիջևանը և ամբողջ Արցախը ( Քռի աջափնյակը ) նվիրեց Ադրբեջանին՛պատճառաբանելով,որ Հայաստանը տկար է և ի զորու չէ այդքան ժողովուրդ պահելու: Սովետը կազմալուծվեց,իսկ 75% և 85% հայ բնակչություն ունեցող մեր օրորանները խլվեցին: Ստացվում է ի՞նչպես՛ մենք իրավունք չունենք մեր հայրենիքը պաշտպանելու ,եթե մոռացվում է 6000-ից ավելի նվիրյալների արյան գինը,որը ոսոխի հրահրումով կատարվեց՛ անտեսվեց ի՞նչ է: Մենք տալու չունենք՛մենք ունենք հզոր Հայաստան ստեղծելու գաղափար:Աշխատել է պետք: