Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի հունվարի 24-ի լիագումար նիստի ընթացքում Մեծ Բրիտանիայի պատվիրակության անդամ Ռոջեր Գեյլի (լուսանկարում) հեղինակած զեկույցի հիման վրա ընդունվեց բանաձև:
Այն նվիրված է 2018-ին մոնիտորինգի ներքո գտնվող երկրներում իրավիճակին: Ըստ զեկույցի՝ մոնիտորինգի ներքո գտնվող կամ հետմոնիտորինգային երկխոսության մեջ գտնվող երկրներում առաջընթաց է գրանցվել:
Զեկույցում ամրագրված է՝ Վեհաժողովը ողջունում է այս առաջընթացը, բայց միևնույն ժամանակ մտահոգություն հայտնում գոյություն ունեցող խախտումների վերաբերյալ: Այս թեմայով յուրաքանչյուր երկրի տրված են հանձնարարականներ:
Հիշեցնենք՝ 10 երկրներ գտնվում են ամբողջական մոնիտորինգի տակ՝ Ալբանիա, Հայաստան, Ադրբեջան, Բոսնիա և Հերցեգովինա, Վրաստան, Մոլդովա, Ռուսաստան, Սերբիա, Թուրքիա, Ուկրաինա: Եվ երեք երկրներ ներգրավված են հետմոնիտորինգային երկխոսության մեջ՝ Բուլղարիա, Մոնտենեգրո և նախկին Հարավսլավիա՝ Մակեդոնիայի Հանրապետություն:
Իսլանդիայի և Իտալիայի վերաբերյալ ներկայացվեցին փուլային դիտարկումների արդյունքները և երկու երկրներին էլ տրվեցին հանձնարարականներ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ