2018-ի խորհրդարանի արտահերթ ընտրության քվեարկությունից հետո արտերկրի լրատվամիջոցների համար տրված ասուլիսին մասնակցած BBC-ի թղթակիցը Twitter-ի իր էջում գրառում էր արել. «Փաշինյանն ասաց, որ համաձայն չէ մամուլի հետ, որն իրեն որակում է ազատական, կենտրոնամետ կամ սոցիալ դեմոկրատ: Նա ասաց, որ 21-րդ դարը անցյալում է թողել գաղափարախոսությունը, եւ ինքը «իզմ»-երի կողմնակից չէ: Արդյոք դա նրան դարձնո՞ւմ է պոպուլիստ»:
Հայկական մամուլի գործընկերներիս համար, որոնցից շատերը թերեւս շտապում են նախ սոցիալական մեդիայում գրել իրենց լուսաբանելիքից ստացած տպավորությունները, հետո նոր՝ նյութը փոխանցել խմբագրությանը, այդ թղթակցի գրառումը բնավ տարօրինակ չի թվա:
Այն գուցե փոքր ինչ արտառոց էր դրանից կարճ ժամանակ առաջ՝ Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության նախաձեռնությամբ Լոնդոն այցելած խմբագիրների համար: Գրեթե յուրաքանչյուր խմբագրությունում, ուր այցելում էինք՝ անդրադառնալով սոցիալական մեդիայում իրենց աշխատակիցների պահվածքի վերաբերյալ կարգավորումներին՝ մեզ ասում էին, թե նրանք չպետք է ցանցերում գրեն այն, ինչ լուսաբանելու են: Արգելված է կամ առնվազն չի խրախուսվում անձնական դիրքորոշումներով հանդես գալն անգամ այնժամ, եթե կարգավորումներով այդ գրառումը նախատեսված է բացառապես ընկերական շրջապատի համար:
Եվ այս առումով բնավ զարմանալի չէ, թե ինչու է BBC-ի թղթակիցը իր էջում հստակ վերապահում արել, որ արտահայտում է բացառապես իր տեսակետները՝ ոչ իր լրատվամիջոցինը:
Մյուս կողմից էլ՝ բրիտանական ԶԼՄ-ները խրախուսում են, որ իրենց թղթակիցներն ակտիվ լինեն սոցիալական ցանցերում, մասնակցեն քննարկումներին եւ այլն: Սակայն այս ամենը հստակ կանոնակարգված է: Մի քանի մեջբերում անենք նման վարքականոններից՝ գուցե օգտակար լինի մեր գործընկերների համար:
Ասենք, Guardian-ի կանոնակարգումներով, որոնք վերաբերում են բլոգգինգին կամ մեկնաբանություններին՝ խրախուսվում է, որ լրագրողները մասնակցեն զրույցներին իրենց թողարկած բովանդակության մասին, հղումներ անեն աղբյուրներին՝ փաստերի եւ հայտարարությունների վերաբերյալ: Սակայն զգուշացվում է նաեւ, որ աշխատեն չթեժացնել տեսակետների շուրջ բախումը եւ ուշադրություն դարձնեն, թե ինչպես կարող են մեկնաբանվել իրենց խոսքերը:
Առավել հանգամանալից մեջբերելու ենք BBC-ի խմբագրական ուղեցույցից, որի մի բաժինը վերաբերում է սոցիալական ցանցերում եւ բլոգներում՝ ընդհանրապես համացանցային անձնական տարածքում լրագրողի պահվածքին:
Ըստ այդմ՝ BBC-ի հաստիքային աշխատակիցը չպետք է համացանցում ծավալի այնպիսի գործունեություն, որը կարող է հանգեցնել BBC- ի վարկաբեկմանը:
Չպետք է օգտագործի համացանցը որեւէ կերպ վիրավորանքներ կամ հարձակումներ գործելու գործընկերների նկատմամբ (այս փորձը հատկապես հաճելի կլիներ, որ փոխառեինք, այլապես մեզանում լրագրողները երբեմն միմյանց ոչ միայն «դատավոր» են կարգվում, այլ նաեւ «դահիճ»՝ անգամ ֆեյսբուքյան հատուկ խմբեր են գործում այդ նպատակով):
Արգելված է սոցիալական ցանցերում աշխատանքին առնչվող տեղեկատվություն հրապարակել՝ լինի լուսանկարների, տեսանյութերի, թե մեկնաբանությունների տեսքով: Ասենք, ակնկալվում է, որ BBC-ի մասնավոր հավաքույթների լուսանկարները չեն հանրայնացվի համացանցում թե դրան ներկաների, թե բացակաների կողմից: Եվ պետք է անմիջապես հեռացվի գործընկերոջ մասին տեղեկատվությունը, եթե նա խնդրում է դա անել:
Ընդհանրապես՝ արգելված է վիրավորական մեկնաբանություններ անել համացանցում: Սա կարող է գնահատվել իբրեւ cyber-bullying եւ հանգեցնել կարգապահական պատասխանատվության:
Եվս մի զուգահեռի տեղիք տվող դրույթ վարքականոնից: Նույնիսկ եթե նույնականացված չես իբրեւ BBC-ի խմբագրակազմի հաստիքային աշխատակից՝ չպետք է ակնհայտ լինի աջակցությունը որեւէ քաղաքական ուժի:
Անաչառության վերաբերյալ այդ դրույթը հատկապես կարեւորվում է նորություններ լուսաբանող լրագրողների համար: Կտրականապես արգելվում է, որ անգամ նրանց անձնական բլոգներում հայտնվի ինչ որ բան, որ կարող է խնդրահարույց դարձնել BBC-ի անաչառությունը: Եվ մասնավորապես՝ նորություններ լուսաբանող լրագրողները ոչ միայն չպետք է աջակցեն որեւէ կուսակցության, այլ նաեւ կողմ կամ դեմ տեսակետներ արտահայտեն ցանկացած քաղաքականության մասին, որը բանավեճի առարկա է:
Այսուհանդերձ, Լրագրողների ազգային միության, Ofcom-ի, Անկախ մամուլի չափանիշների կազմակերպության եւ բրիտանական այլ լրագրողական կազմակերպությունների տարբեր վարքականոններով՝ ընդունելի է համարվում, որ լրագրողը հետեւի այն անձանց գրառումներին, որոնք լրագրողական հետաքրքրության առարկա են: Ըստ այդմ՝ նրանց էջերը հավանելը դեռեւս չի դիտվում իբրեւ աջակցության ձեւ:
Ընդհանուր առմամբ նշենք, որ կարգավորումները այն աստիճանի խիստ են, որ կարող են գնահատվել իբրեւ արտահայտման ազատության սահմանաեզրին գտնվող:
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ