Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին՝ կադրերի մասին

Հունվար 25,2019 10:00

Ազգային ժողովի պատգամավորներն ընտրվեցին ժողովրդի կամքով, եւ դա հրաշալի է: Սակայն դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է արդյունավետ աշխատելու համար: Վերահսկողական եւ օրենսդրական արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ են ոչ միայն «քաղաքական կամքը» եւ բարի ցանկությունները, այլեւ որոշակի գիտելիքներ, հմտություններ, փորձառություններ: Ինքնին պատգամավորները, որքան էլ լավը լինեն, չեն կարող այդ գործն անել առանց խորհրդարանական աշխատակազմի՝ մասնավորապես օգնականների եւ փորձագետների: Եվ այստեղ երիտասարդ քաղաքական գործիչները (հիմնականում՝ «Իմ քայլը» իշխող խմբակցությունից) կրկին կանգնելու են երկընտրանքի առջեւ՝ «յուրային, բայց խա՞կ», թե՞ «օտար, կասկածելի, բայց, հնարավոր է, պիտանի»: Հավանաբար, ավելի նպատակահարմար է վերապահումներով, զգուշությամբ ընտրել երկրորդ տարբերակը:

Իհարկե, օգնականների եւ փորձագետների մի մասը նախկին պատգամավորների բարեկամներն են, ծանոթները եւ այլն ու կապ չունեն իրենց վստահված ոլորտի հետ: Բայց անգամ նրանց ես չէի շտապի հեռացնել աշխատանքից: Եթե նրանք մի քանի տարի աշխատել են եւ միայն սուրճ չեն եփել, ապա որոշ ժամանակ կարող են օգտակար լինել՝ գործի դրվածքին ծանոթացնելու առումով: Մյուս կողմից՝ ԱԺ աշխատակազմում հաստատ կան նաեւ արժեքավոր մասնագետներ, որոնց պետք է պահպանել եւ ծառայեցնել նրանց ունակությունները Նոր Հայաստանին:

Այդպես է ոչ միայն ԱԺ-ում, այլեւ պետական ցանկացած կառույցում: Օրինակ բերեմ բոլորովին այլ բնագավառից: Ամեն տարի ամռանը մենք կանգնում ենք ոռոգման ջրի խնդրի առաջ եւ ստիպված ենք լինում Սեւանից հավելյալ ջուր քաշել, ինչը, եկեք ընդունենք, խնդիրը չի լուծում: Իսկ այս ծանր վիճակի պատճառները ոչ միայն օբյեկտիվ են, այլեւ կադրային: Այդ բնագավառը տնօրինվում էր բիզնեսի շահերի տեսանկյունից, ոլորտը ղեկավարող պաշտոնյաները պարզապես «լավ տղերք էին», որոնք գիտակցում էին իրենց խիստ ժամանակավոր եւ բացարձակ ոչ կոմպետենտ բնույթը, ինչի պատճառով ջրային տնտեսության ենթակառուցվածքները քայքայվել-թալանվել են, իսկ ջրօգտագործման միությունները դարձել են գյուղացիներին կեղեքելու միջոց: Արդյունքում հիդրոինժեների մասնագիտության կարիքն առանձնապես չկար, եւ հիմնական մասնագիտական կադրերը 60 տարեկան սահմանագիծն արդեն անցել են: Բայց թե՛ համակարգում եւ թե՛ համակարգից դուրս կան մարդիկ, որոնք գործին միանգամայն պիտանի են: Հետեւաբար կարիք չկա պարտադիր բերելու «կաշվե բաճկոններով» եւ «Ավրորայի» նավաստիների գլխարկներով» հեղափոխականների, եթե իսկապես կարիք կա ոլորտը վերակենդանացնելու:

Մի խոսքով, երիտասարդ «քաղաքական» կադրերը պետք է սովորեն, սովորեն, սովորեն եւ «ոչ քաղաքական» հարցերում վստահեն մասնագետներին կամ եթե կարծում են, որ այդ՝ «ոչ քաղաքական» կադրերը մասնագետ չեն, հնարավորինս շատ տեղեկատվություն քաղեն այդ մարդկանցից: Ինչպես եւ շատ այլ հարցերում, այստեղ նույնպես անհրաժեշտ է պրագմատիկ, հեղափոխական ռոմանտիկայից զուրկ մոտեցում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    Սովորել, սովորել և սովորել, անհրաժեշտ է բոլորին և մինչև կյանքի վերջ: Սա նորմալ է, իսկ ով դա չի գիտակցում, կարելի է միայն ցավակցել: Վերջերս կարդացի մի հոդված, հոգեբանության ոլորտից, որտեղ հիմնավորվում էր մի կարծիք, թե ինչու կադրեր ընտրելուց, արհեստավարժությունը, որպես հատկանիշ, համարվում է ոչ կարևորագույնը: Առաջին տեղում անձի ազնվությունն է և պարկեշտությունը, երկրորդ տեղում նրա հարաբերվելու կարողություններն են, իսկ արդեն երրոդ պատվավոր տեղը հատկացված էր պրոֆեսիոնալիզմին: Մի պահ, գործածելով երևակայությունս, համաձայնվեցի այս պնդման հետ: Լավ կրթությունը և մասնագիտական կարողությունները բոլորովին չեն բացառում անձի սրիկա լինելը և հակառակը, սա համարում եմ աքսիոմ: Ներկայումս այս թեման ևս արծարծվում է ոչ միայն կառուցողական նպատակներով, այլ սպեկուլյատիվ և վարկաբեկիչ: Վերջերս, Աշոտյանը հայտնելով իր հեղինակավոր կարծիքը այս առումով, նշեց նաև այն, որ Փաշինյանի հաք-ու-կապն էլ այն չէ, ինչը որ վայել է այդ մաշտաբի քաղաքական գործչին: Ինձ համար և կարծում եմ բոլորի համար ևս շատ ավելի կարևոր է, որ իմ երկրի ղեկավարը ավազակ չէ, իսկ նրա կոստյումի արժեքը ինձ համար հարյուրերրոդական տեղում է: Ես, առայժմ, նրան վստահում եմ: Եվ հասկանալով հանդերձ, որ նա հիմար չէ և երևի մեզանից շատ ավելի լավ է գիտակցում իր առաջ դրված խնդիրների բարդությունը, կարծում եմ հնարավորինս ճիշտ կկողմնորոշվի: Միայն այն փաստը, որ դեռ մայիսին վարչապետ դառնալում պես, նա սկսեց աշխարհի հայ ծագումով տնտեսագետներ փնտրելը, խոսում է նրա մասին, որ նա ամեն ինչ լավ գիտակցում է: Ղարաբաղի հարցում էլ, նա ամեն ինչ շատ լավ հասկանում է: Իհարկե, մենք ունենք պայծառ ուղեղներ, որոնք, այս համակարգի ներքո, պարզապես չեն երևում: Մակերեսի վրա միայն խամաճիկներն են, թե և երբեմն կիրթ: Այն վիճակը, որում գտնվում է մեր երկիրը, պահանջ ունի ազնիվ նվիրյալների: Ստորև տեղակայված հոդվածում կգտնեք վերլուծություն կադրերի վերաբերյալ ևս:
    https://www.mediamax.am/am/column/12940/?fbclid=IwAR0X4xZnqRJF3Dty5ChKE17ousNrS_gIYhsMXPnEjAIMh4Z4zEnpfAg3Cz4

    • Ruben says:

      Դուք, որպես բիզնեսի սեփականատեր (օրինակ), կվերցնե՞ք (կընդունե՞ք) աշխատանքի օդաչուի, վարորդի, ծրագրավորողի, գյուղատնտեսի, դաշնակահարի կամ խոհարարի, որը ազնիվ է և պարկեշտ, բայց ոչ պրոֆեսիոնալ:

      … «Միայն այն փաստը, որ դեռ մայիսին վարչապետ դառնալուն պես, նա սկսեց աշխարհի հայ ծագումով տնտեսագետներ փնտրելը, խոսում է նրա մասին, որ նա ամեն ինչ լավ գիտակցում է:»…
      Դուք սխալվում եք: Նա ծագումով հայ տնտեսագետներ ու փորձագետներ չէր փնտրում: Նա «համոզում» էր, որ ծագումով հայ գործարարները իրենց սեփական կապիտալը ներդնեն հանրապետությունում որպես ներդրում:
      Միայն այն փաստը, որ նա առաջին հերթին շնորհավորեց Կենտրոնական բանկի աշխատակիցների Ամանորը, այլ ոչ թե ուսուցիչներին, մանկատներին, կամ բժիշկներին՝ նույնպես տպավորություն է ստեղծում գործարարների մոտ:

      Հագուստը, իհարկե, կարեւոր է: Բայց երբ նրան Մոսկվայում հաճախ ուղեկցում է նախկին (Ռոբերտ Քոչարյանի) Կենտրոնական բանկի ղեկավար եւ նախկին (Սերժ Սարգսյանի) վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ տարօրինակ է:

      • Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ says:

        Նկատենք, որ Տիգրան Սարգսյանը ՀՀ վարչապետին ուղեկցում է ոչ որպես նախին ԿԲ նախագահ կամ նախկին վարչապետ, այլ որպես Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ:

  2. gib.gibindus says:

    Մնում է լառ-Մարգարին էլ հիշեք՝ ու ամեն ինչ տեղը կգա: Բայց եթե ջրվորների դեպքում աշխատանքի որակը գնահատելը հեշտ է, այսինքն ժողովուրդն էլ կարող է գնահատել, ավելի ինտելեկտուալ աշխատանք գնահատելու համար միջին ինտելեկտով ընտրողի իմացությունը բավական չէ: Մակունցին կամ Շմայսին տասնյակ հազար ձայն տվող ամբոխը և նրա ընտրյալը չեն կարող ոչինչ սովորել: Եթե հիշել եք Լենին պապիկի սովորել-սովորելը, ապա ֆրազը աբողջովին ասեք: Տխմար ծերուկը առաջարկում էր սովորել կոմունիզմի գործին: Զառանցանք, որ կապ չունի գիտելիքի հետ: 88 պատգամավորից կարելի է ջոկել 15-20 խելացի և գրագետ:IQ ստուգելու թեստեր կան: Բարգավաճից կանցնեն 2-3 հոգի, լուսավորից մոտ 10: Լրիվ ՛՛ծով ա՛՛: Մակունց-մուկոնցներին ուղարկել նախկին գործին:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031