Ժամանակակից իռլանդացի նկարիչ Քոլին Դեւիդսոնը հայտնի է իր մեծակտավ ստեղծագործություններով եւ անվանի մարդկանց դիմանկարներով, որոնք լուսանկարներ են հիշեցնում: Դեւիդսոնը նկարելիս օգտագործում է հատուկ տեխնիկա, մեծ քանակությամբ ներկեր, սակայն մարդկանց աչքերը վրձնում է: kulturologia.ru-ի փոխանցմամբ, նա աշխատելիս կենտրոնանում է մարդու վրա, որն այդ պահին մտքերի մեջ է եւ կարեւորում է մարդու հայացքը:
Նախկինում այս նկարիչը հիմնականում քաղաքային բնանկարներ է նկարել, հետո միայն տարվել հայտնի մարդկանցով ու ստեղծել այնպիսի անվանիների դիմանկարներ, որոնց թվում են` Անգլիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, Բրայան Ֆրիլը, Բրեդ Փիթը, Մայքլ Լոնգլին, Բարի Դուգլասը եւ ուրիշներ:
Բրեդ Փիթին նա նկարչության դասեր է տվել ու երկու անգամ նկարել նրա դիմանկարը, որոնցից մեկը կախված է Սմիթսոնյան ազգային պատկերասրահում: Վերջինս արժանացել է Time ամսագրի ուշադրությանը, եւ հենց Time-ի կողմից առաջարկ է եղել Դեւիդսոնին, որ նկարի Անգելա Մերկելի դիմանկարը՝ ամսագրի շապիկի համար:
Դեւիդսոնի աշխատանքները պահպանվում են Վաշինգտոնում` Սմիթսոնյան պատկերասրահի հավաքածուներում, ինչպես նաեւ իր ծննդավայր Բելֆաստ քաղաքում: Նրա աշխատանքները սփռված են նաեւ Մեծ Բրիտանիայի տարածքում գործող տարբեր ցուցասրահներում: Ներկայումս Դեւիդսոնն իրեն կրկին նվիրել է հայրենի քաղաքի գեղեցիկ անկյունները կտավին հանձնելուն:
«Առավոտ» օրաթերթ,
24.01.2019