Գյումրու քաղաքապետարանի նախկին առանցքային պաշտոնյաներից մեկի՝ Վարդան Ղուկասյանի քաղաքապետ լինելու տարիներին բնակկոմունալ բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Հովհաննես Գրքիկյանի ազգականների ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի միջև դատական վիճաբանություն է ծագել։
Հովհաննես Գրքիկյանի ազգականները դատի են տվել Գյումրու քաղաքապետարանին՝ քաղաքապետին մեղադրելով անգործություն ցուցաբերելու ու իրենց պատկանող Բորյան փողոցի թիվ 2/3 հասցեում գտնվող առևտրի ու սպասարկման երկհարկանի օբյեկտը 45 ամիս շարունակ՝ 2013 թվականից հուլիսի 24-ից մինչև 2017 թվականի ապրիլի 30-ը կամայականորեն շահագործման չթույլատրելու համար, որի պատճառով իրենք կրել են հսկայական ֆինանսական վնաս՝ 55 431 540 (հիսունհինգ միլիոն չորս հարյուր երեսունմեկ հազար հինգ հարյուր քառասուն) ՀՀ դրամ։ Նրանք այժմ դիմել են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նյութական վնասի փոխհատուցման պահանջով։
Նշենք, որ խոսքը Հովհաննես Գրքիկյանին պատկանող «Դվին» հանդիսությունների սրահի հարակից տարածքի մասին է։
Հովհաննես Գրքիկյանի ազգականների՝ Արմեն Մովսիսյանի ու Անահիտ Գրքիկյանի՝ դատարան ներկայացրած հայցի մեջ նշված է․ «Գյումրի քաղաքի Բորյան փողոցի 0,073678 հա հողամասը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է մեզ՝ հայցվորներիս։ 15․06․2012 թվականին Գյումրու քաղաքապետարանի կողմից մեզ տրվել է շինարարության թույլտվություն՝ սեփականության իրավունքով մեզ պատկանող ք․Գյումրի Բորյան փողոցի թիվ 2/3 հասցեի բնակելի մասով առևտրի և սպասարկման երկու հարկանի օբյեկտի նոր կառուցման աշխատանքներ կատարելու համար։
Թույլտվությունը ստանալուց հետո մենք իրականացրել ենք շինարարությունը և ըստ ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի 17․05․2013 թ․ թիվ 01 ակտի՝ բնակելի մասով առևտրի և սպասարկման օբյեկտի շինարարական աշխատանքներն ավարտվել են 04․04․2013 թ․, և այն պատրաստ է եղել շահագործման։
Օրենքով սահմանված կարգով 27․07․2013 թ․ դիմում ենք ներկայացրել Գյումրու քաղաքապետին օբյեկտի շահագործման ակտի ձևակերպման համար, որպեսզի կարողանանք շահագործել ըստ իր նպատակային նշանակության։ Դիմումին կից ներկայացրել ենք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ինչ պահանջվում է օրենքով, այդ թվում տեղական տուրքի վճարումը հավաստող անդորրագիրը։ Քաղաքապետից պատասխան չստանալով՝ դիմել ենք փաստաբանի օգնությանը․ 06․09․2013 թվականին փաստաբանական հարցում է ուղարկվել Գյումրու քաղաքապետին հետևյալ բովանդակությամբ՝ «Խնդրում ենք հայտնել, թե ինչ ընթացքի մեջ է կառուցապատողներ Ա․Գրքիկյանի և Ա․ Մովսիսյանի դիմումի ընթացքը՝շահագործման ակտ ձևակերպելու ուղղությամբ»։Այս հարցմանը ևս քաղաքապետը չի պատասխանել»։
Գյումրու քաղաքապետից պատասխան չստանալով՝ նրանք դիմել են ՀՀ վարչական դատարան ու պահանջել ոչ իրավաչափ ճանաչել քաղաքապետի, քաղաքապետարանի անգործությունը և պարտավորեցնել պատասխանողներին ձևակերպելու Բորյան 2/3 հասցեի բնակելի մասով առևտրի և սպասարկման երկհարկանի օբյեկտի շահագործման ակտը։
Ու թեև, ըստ հայցվորների, դատարանը բավարարել է իրենց պահանջը, մերժել է մինչև Վճռաբեկ դատարան հասած Գյումրու քաղաքապետարանի բողոքը, սակայն այդքանից հետո էլ Գյումրու քաղաքապետը շարունակել է չկատարել ՀՀ Վարչական դատարանի 17․03․2016 թվականի վճռի պահանջը։ Ըստ հայցվորների, հարկադիր ծառայության աշխատակիցների միջոցով է միայն Գյումրու քաղաքապետը ձևակերպել հիշյալ օբյեկտի շահագործման ակտը։
Հովհաննես Գրքիկյանի ազգականները Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած հայցի մեջ նշել են նաև, որ «Է․ Ապրեսյան» ՍՊԸ-ն գնահատել է իրենց օբյեկտի վարձակալության վճարի շուկայական արժեքը, այն մեկ տարվա կտրվածքով կկազմի 14 782000 (տասնչորս միլիոն յոթ հարյուր ութսուներկու հազար ՀՀ դրամ), մեկ ամսվա կտրվածքով (1 231 812 մեկ միլիոն երկու հարյուր երեսունմեկ հազար ութ հարյուր տասներկու ՀՀ դրամ):
«Նկատի ունենալով, որ Գյումրու քաղաքապետը շուրջ 45 ամիս կամայական չի ձևակերպել մեր օբյեկտի շահագործման ակտն՝ այդքան ժամանակ էլ մենք չենք կարողացել այն օգտագործել ըստ իր նպատակային նշանակության և իրականացնել այն շահագործելու մեր իրավունքը, ուստի մեզ պատճառած վնասը կազմում է 55 431 540 ՀՀ դրամ», -գրված է հայցադիմումի մեջ։
Թե ինչո՞ւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը չի թույլատրել շահագործման, Գյումրու քաղաքապետարանից մեզ գրավոր տեսքով հետևյալ պարզաբանումն են ուղարկել․
«Գյումրի քաղաքի բնակիչներ Արմեն Մովսեսյանը և Անահիտ Գրքիկյանն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան են ներկայացրել նյութական վնասի փոխհատուցման պահանջով հայց:
Հիշյալ անձինք Գյումրի քաղաքի Բորյան փողոցի 2/3 հասցեի բնակելի մասով («Դվին» հանդիսությունների սրահ) առևտրի և սպասարկման երկհարկանի օբյեկտը «չշահագործելու» մասով սեփական հաշվարկներով իրենց վնասը գնահատել են 55 մլն 431.540 ՀՀ դրամ՝ վարձակալական հավանական շուկայական արժեք դիտարկելով ամսական 1մլն 231.821 ՀՀ դրամ: Գումարը հաշվարկվել է 2013 թվականի հուլիսի 24-ից մինչև 2017 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածի 45 ամիսների ընթացքում «չշահագործելու» հետևանքով պատճառված վնաս: Հայցադիմումում նշված է, թե օբյեկտը չի շահագործվել Գյումրի համայնքի ղեկավարի կողմից շահագործման ակտ չտրամադրելու պատճառով: Հայցում նաև նշվել է, որ օբյեկտի շահագործման ակտ չի տրամադրվել քաղաքապետի անգործության պատճառով, այնինչ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 21.04.2015թ.-ի ՎԴ/9984/05/13 վարչական գործով կայացված որոշմամբ քաղաքապետի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասով վերջիններիս հայցը կարճվել է:
Հարկ ենք համարում նշել, որ շահագործման ակտ չի տրամադրվել, քանզի այդ ընթացքում հիշյալ կառույցի հարևանությամբ բնակվող անձանց կողմից եղել են բազմաթիվ դիմում-բողոքներ (գրավոր և բանավոր), որ վերը նշված բնակելի մասով առևտրի և սպասարկման երկհարկանի օբյեկտի կառուցման արդյունքում խաթարվել է մարդկանց բնականոն տեղաշարժը, ամբողջությամբ փակվել է հարևանությամբ բնակվողների տուն տանող ճանապարհը: Թե երբվանից է շահագործվել տվյալ սպասարկման օբյեկտը, տեղյակ է Գյումրի քաղաքի գրեթե յուրաքանչյուր բնակիչ: Թե վարձակալության հիմք ընդունված թիվը որքանո՞վ է համաչափ Գյումրի քաղաքի շուկայական պայմաններին, արդյո՞ք նշված ժամանակահատվածում օբյեկտը փաստացի չի շահագործվել, որի արդյունքում հիշյալ անձինք կրել են վնաս, դժվար չէ պարզել համապատասխան հարցումների միջոցով, այնուհետ դրանք ներկայացնել դատարանին, ինչպես նաև՝ համայնքի բնակչությանը:
Հետաքրքրականն այն է, որ Գյումրի համայնքի բյուջեից ավելի քան 55 մլն դրամ գումար պահանջում է մի անձ, որը քաջատեղյակ է թե բազմաթիվ խնդիրներ ունեցող քաղաքում ինչպես են հավաքագրվում հարկերը, տուրքերը և այլ վճարները: Այս անձը, նրա հարազատները Գյումրիում սեփականության իրավունքով տնօրինում են մեկ տասնյակից ավելի շենք շինությունների (դրանց մեծ մասը ձեռք է բերվել համայնքից այն ժամանակահատվածում, երբ հիշյալ անձինք կամ նրանց հարազատները զբաղեցրել են պաշտոններ Գյումրու քաղաքապետարանում ), որոնց ձեռքբերման օրինականությունը ստուգելու նպատակով քաղաքապետարանը համապատասխան միջոցներ է ձեռնարկել: Արմեն Մովսեսյանի և Անահիտ Գրքիկյանի նյութական վնասի փոխհատուցման պահանջով հայցն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի գտնվում է դատարանի վարույթում և հետաքրքրական կլինի նաև դատարանի դիրքորոշումը Գյումրի համայնքի բյուջեից գումարի կորզման մասով:
Հարկ ենք համարում նաև նշել, որ Գյումրի համայնքի միջոցները բացառապես ծառայեցվում են ի շահ քաղաքի և քաղաքի ազգաբնակչությանը, մինչդեռ մասնավոր անձը կամ անձինք սեփական հաշվարկների և անձնական ամբիցիաների հիման վրա ցանկանում են գումար կորզել համայնքից»:
Պատրաստ ենք լսելու նաև Հովհաննես Գրքիկյանի ու հայցվորների պարզաբանումները։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ