Այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այցելել է Զանգակատուն համայնք, որտեղ նշվել է մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի 95-ամյակը: Մինչ բանաստեղծի ծննդավայր հասնելը՝ Գարիկ Սարգսյանը ծաղիկներ է դրել բանաստեղծի վթարի վայրում տեղադրված հուշակոթողին: Ավանդույթի համաձայն՝ պոետի ծննդավայրում գտնվող տուն-թանգարանում կազմակերպված գրական-երաժշտական ցերեկույթին ներկա են եղել նաև մարզպետարանի աշխատակիցներ, համայնքի ղեկավարներ, մտավորականներ, դպրոցականներ և պարզապես Սևակի պոեզիայի սիրահարներ:
Ողջունելով ներկաներին՝ Պ.Սևակի տուն-թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել բոլորին ներկայության համար և տեղեկացրել, որ այսօրվա ցերեկույթով մեկնարկ է տրվում միջոցառումների այն շարքին, որ նախատեսվում է իրականացնել ողջ տարվա ընթացքում:
Շնորհավորելով բոլորին մեծ հայի և մեծ մարդու ծննդյան կապակցությամբ՝ մարզպետ Գարիկ Սարգսյանը շեշտել է, որ Սևակն իր ուրույն տեղն ունի հայ գրականության պատմության մեջ, և իր ստեղծագործական հարուստ ժառանգությունը շարունակում է սերունդներ կրթել: Իր խոսքում մարզպետը նշել է նաև, որ եթե չլիներ այդ դժբախտ պատահարը, գրադարաններն ավելի հարուստ կլինեին, իսկ մեծ վարպետն այսօր գուցե դեռ մեզ հետ լիներ: Մարզի ղեկավարն ասել է նաև, որ նմանատիպ միջոցառումներով պետք է միշտ վառ պահել մեծ գրողի հիշատակը:
Արարատի մարզպետարան