Հայաստանում և Վրաստանում առաջ են գալիս ժողովրդավարության վառ օջախներ, չնայած որ նրանք սեղմված են առավել պակաս ժողովրդավարություն ունեցող տարածաշրջանային ուժերի՝ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև: Երկու երկրներն էլ փորձում են ամրապնդել ժողովրդավարական ձեռքբերումները և հաղթահարել աղքատությունը, միաժամանակ դիմակայել Ռուսաստանից և անջատողական հակամարտություններից եկող մարտահրավերներին: Չնայած որ Արևմուտքի հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայում ռուսական ագրեսիայի վրա, նա կարող է քաջալերել դրական զարգացումները Հարավային Կովկասի այդ երկու երկրներում: Այս մասին ամերիկյան National Interest պարբերականում համահեղինակած հոդվածում գրում են Վրաստանում և Հայաստանում ԵՄ նախկին դեսպան Դենիս Քորբոյը, Վրաստանի նախկին դեսպան Ուիլիամ Քորթնին և Վրաստանում (ավելի վաղ նաև Բելառուսում) ԱՄՆ նախկին դեսպան Քենեթ Յալովիցը:
Վրաստանում 2003թ., իսկ Հայաստանում անցյալ տարի տեղի ունեցան ժողովրդական հուզումներ Վարդերի և Թավշյա հեղափոխությունների տեսքով: Արմատացած քաղաքականությունից հիասթափությունը և ցածր կենսամակարդը առաջ բերեցին ժողովրդական ցույցեր և քաղաքական փոփոխություններ, որոնք իշխանության բերեցին ռեֆորմիստ առաջնորդների:
Հայաստանում ժողովրդավարական հեղափոխությունը և Վրաստանում առաջընթացը հակասում են գերիշխող այն պատկերացումներին, որ ամբողջ աշխարհում ժողովրդավարությունը «ճգնաժամ է ապրում»: Հայաստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած նորընտիր կառավարությունը վայելում է լայն աջակցություն և, թվում է, միտված է պայքարելու կոռուպցիայի դեմ, ապահովելու թափանցիկություն և վերականգնելու ժողովրդական վստահությունը կառավարության հանդեպ, գրում են հոդվածի հեղինակները:
Անցյալ ամիս Economist Intelligence Unit-ի հրապարակած Ժողովրդավարության ամենամյա ինդեքսում Հայաստանը ցույց է տվել ամենամեծ առաջընթացը Արևելյան Եվրոպայի «հիբրիդային վարչակարգ» ունեցող երկրների շարքում, իսկ Վրաստանը, թեև ամենամեծ անկումն է գրանցել, բայց և շարունակում է Հայաստանից բարձր հորիզոնական զբաղեցնել:
Վրաստանն այսօր ունի առաջին կին նախագահը հետխորհրդային տարածությունում (բացառությամբ Բալկանյան երկրների): Վրաստանի ժողովրդավարության հաջորդ մեծ մարտահրավերը 2020թ. ազատ և արդար ժողովրդավարական ընտրությունների անցկացումն է:
Հայաստանի ուշացած ժողովրդավարական ձեռքբերումները նրան թողել են առավել ծանր բեռ: Transparency International-ի՝ կոռուպցիայի ընկալման վերջին ինդեքսը ցույց է տալիս, որ 45 երկիր համարվում են ավելի քիչ կոռումպացված, քան Վրաստանը, բայց 106-ը գնահատվում են ավելի լավ, քան Հայաստանը: Նույն կերպ Համաշխարհային բանկի Doing Business զեկույցում Վրաստանից առաջ գտնվում է ընդամենը 5 երկիր, իսկ Հայաստանից բարձր ցուցանիշ ունի 40 երկիր:
Հայաստանում և Վրաստանում թույլ տնտեսությունը բացատրվում է նաև քաղաքական գործոններով, շարունակում են հոդվածագիրները: Նրանք նկատում են, որ 1990-ականների սկզբին ինտենսիվ մարտերից հետո Հայատսանը շարունակում է ռազմական աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին, ինչը ստիպել է Ադրբեջանին և Թուրքիային փակել Հայաստանի հետ իրենց սահմանները և տնտեսական շրջափակման ենթարկել նրան: Իսկ Ռուսաստանի աջակցությունը Աբխազիայի և Հարավային Օսիայի անջատողականներին հանգեցրեց նրա, որ Վրաստանը կորցրեց այդ տարածքների նկատմամբ վերահսկողությունը: Տրանսպորտային կապերը երկու շրջանների միջև և Վրաստանի մյուս հատվածի հետ կտրվեց, այդ թվում Ռուսաստանից Վրաստան հիմնական երկաթուղին, որն անցնում է Աբխազիայով դեպի Հայաստան:
Հոդվածի հեղինակները հիշեցնում են, որ Հայաստանն իր «նուրբ պարն» ունի Ռուսաստանի հետ: Հայաստանում է տեղակայված ռուսական ռազմաբազան, և այդ երկու երկրները ռազմական համաձայնագիր ունեն: Ռուսաստանը նաև Հայաստանին մատակարարում է սպառազինություն և օգնում է Հայաստանին հավասարակշռել նավթով հարուստ Ադրբեջանի ռազմական գնումները, որոնց զգալի մասը գալիս է Ռուսաստանից: Անհարմարություն զգալով լինել Ռուսաստանի խամաճիկը՝ Հայաստանը հավասարակաշռություն է պահպանում Արևմուտքի հետ հարաբերությունում:
Հոդվածի հեղինակները նկատում են, որ մինչ այժմ Մոսկվան չի միջամտել Հայաստանի ձևավորվող ժողովրդավարական հիմքերը խեղդելու համար: Փաշինյանը զգուշորեն ընդգծում է, որ Ռուսաստանի հետ պայմանագրային կապերը մնում են ամուր, և որ իր երկրի տնտեսական կողմնորոշումը նախկինի պես շարունակում է ուղղված լինել դեպի Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միություն: Կրեմլը, սակայն մտահոգություն է հայտնել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գործողությունների մասով: Մոսկվան չի ցանկանում, որ Հայաստանը շարժվի Վրաստանի արևմտամետ արտաքին քաղաքականության ուղղությամբ:
Հունվարի 19-ին Բաքվում տեղի ունեցան հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ ցույցեր՝ ի աջակցություն կալանավորված հակակոռուպցիոն բլոգեր Մեհման Հուսեյնովի և մյուս քաղբանտարկյալների՝ դրանով հարց բարձրացնելով՝ արդյոք Հայաստանի և Վրաստանի ժողովրդավարական ձեռքբերումները կարող են ազդեցություն ունենալ Ադրբեջանի վրա:
Հայաստանն ու Վրաստանը դեռ շատ աշխատանք ունեն բարեփոխումներն ամրապնդելու համար, որոնք էլ կամրապնդեն նրանց ժողովրդավարությունները և կբարելավեն կենսամակարդակը:
Առաջնորդվելով այս խնդրիրների լուծմամբ՝ այս երկրներն արժանի են Արևմուտքի շարունակական ուժեղ աջակցությանը: Հայաստանը և Վրաստանը կարող են ժողովրդավարական զարգացման մոդել ծառայել այլ տարածաշրջանների համար, իսկ Հարավային Կովկասը գնալով ավելացնում է իր նշանակությունը՝ որպես ռազմավարական և էներգետիկ խաչմերուկ Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Եվրասիայի միջև:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ