Այսօր կառավարության շենքի մոտ էին մի խումբ առեւտրականներ, որոնք երկար տարիներ իրենց ապրանքը վաճառում էին հենց փողոցում, մայթերին դրված: Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը դեռ անցյալ տարի հայտարարեց՝ հունվարի 1-ից խիստ մոտեցում է լինելու փողոցային ապօրինի առեւտուր իրականացնողների նկատմամբ: Եվ արդեն տոնական օրերից հետո փողոցային առեւտուր անողներ չկային:
Կառավարության շենքի մոտ Aravot.am-ի հետ զրույցում ցուցարարներից մեկը՝ Անուշ Հայրապետյանը պատմեց՝ 20 տարուց ավելի փողոցում է առեւտուր արել, Հանրապետության հրապարակի տարածքում խաղալիքներ է վաճառել. «Հիմա եկել կանգնել են դեմս, թե՝ դու չպիտի վաճառես: Էրեխես 1-ին կարգի հաշմանդամ է, ես ինքս մահացու հիվանդ եմ, մամաս հեպատիտ Ց ունի: Երկու խաղալիք եմ վաճառում, որ երեքիս պահեմ: Էրեխես ողորմություն թոշակ է ստանում, 22 տարեկան է, չի խոսում, ես իրան ո՞նց պահեմ, ինչո՞վ պահեմ: Էսօր մեզ հանել գցել են փողոցները»:
Մանրամասն՝ տեսանյութում
Մեկ այլ ցուցարար էլ՝ Լուսյա Կարապետյանը պատմեց, որ 2 ամիս առաջ իրենց խոստացել են տաղավարներ հատկացնել.«Էկան շրջեցին տարածքում, որ տաղավար պիտի հատկացնեն: Նայեցին, թե՝ էսի պետական ճանապարհ ա, էսի՝ մշակութային կենտրոն է, չենք կարա, հնարավորություն չունենք: Ծաղիկ էի վաճառում Պրոսպեկտի շուկայից մի քիչ հեռու: 40 տարի շուկայում միրգ-բանջարեղեն ու ծաղիկ էի ծախում, իմ ստեղծածը: Հիմա «Սիթին» չի թողնում ժողովուրդը ապրի: Պահանջում ենք, որ մենակ «Սիթին չանի առեւտուր, ժողովուրդն էլ անի: Ինձ պետք չի բացօթյա փռեմ, թող տաղավարներ հատկացնեն»:
Մեր դիտարկմանը՝ քաղաքապետարանը շուկաներում տաղավարներ է հատկացնում, նույնիսկ անվճար, տիկինն արձագանքեց՝ «40 տարվա իմ հաճախորդը ուր գնա, թող «Սիթին» գնա: Ինձ ճանապարհ պետք չի ցույց տալ»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ