Գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումը նրա փաստաբան Լեւոն Բաղդասարյանը համարում է ապօրինի:
Նա հերքեց մամուլում շրջանառվող լուրերը, թե դատարանի որոշումից հետո իր պաշտպանյալին բերման են ենթարկել.
«Դատարանի որոշման թանաքը դեռ չչորացած՝ Մանվել Գրիգորյանը ինքն է կամավոր ներկայացել մեկուսարան, որին անձամբ ես եմ ուղեկցել եւ իր հարազատներից մեկ հոգի»,- այսօր «Ազդակ» ակումբում ասաց փաստաբանը:
Նրա խոսքով, անցումային այս փուլում տարբեր պատճառներով, որոշ ուժերի կողմից ամեն ինչ արվում է անօրինական մեթոդներով իրականացնելու ընտրովի նախաքննություն, ընտրովի արդարադատություն` թիկունքին ունենալով փողոցը փակող որոշ անձանց օժանդակությունը. «Պարոն վարչապետ, ինչքան էլ որ հաստատեք, որ դուք չեք միջամտելու արդարադատությանը, դուք նաև երաշխավորն եք, որ երկրում բացառվի ընտրովի արդարադատությունը, դուք երաշխավորն եք, որ բացառեք և պատժեք դատավորի և պետական մարմինների հանցագործ շփումները: Դուք նաև պարտավոր եք լսել ոչ միայն իրավապահների զեկույցները, այլ նաև` իրավապաշտպանների, այն իրավապաշտպանների, որոնք խոսում են փաստերով»:
Փաստաբանը, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, խնդրեց հանձնարարություններ տալ գեներալ Մանվելի գործով, ճշմարտությունը բացահայտելու համար. «Խնդրում եմ հանձնարարեք ճշտել և զեկուցել ձեզ, ո՞վ է այդ անձը, ու՞մ անունից է լիազորված եղել նման իմպերատիվ հայտարարություն անելու և ազդելու դատավորի վրա, որ կրկին Մանվել Գրիգորյանին բանտախուց տանեն, ինչը որ արվեց: Բավական է ձեր ցուցումը, որ մի քանի ժամ անց ձեզ զեկուցեն և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկեն մեղավորներին, որոնք, առերևույթ ձեր անունը տալով, իրենց սև գործն են անում: Նույն կերպ նախկինում դուխով ընտրություն էին կեղծում ոմանք` տալով նախկին նախագահների անունները»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ