Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ընդունվեց «Շարիաթը, Կահիրեի հռչակագիրը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան» զեկույցը:
Այս փաստաթղթում քննադատություն և զգուշացում է հնչում Ադրբեջանի հասցեին: Մասնավորապես ամրագրված է. «Վեհաժողովը կարծում է, որ տարբեր իսլամական հռչակագրեր մարդու իրավունքների վերաբերյալ, որոնք ընդունվել են 1980-ից ի վեր, ավելի շատ եղել են կրոնական, քան իրավական»:
Զեկույցում մտահոգություն է հնչում այն մասին, որ չի հաջողվել իսլամը համաձայնեցնել մարդու համընդհանուր իրավունքների հետ, ընդհակառակը, այն օրենքները, որոնք ընդունվել են այս երկրներում, համապատասխանում են Շարիաթին, որպես առաջնային փաստաթուղթ:
Փաստաթղթում այսպիսի մտահոգություն կա. «Խիստ մտահոգիչ է այն, որ Եվրոպայի խորհրդի երեք անդամ երկրներ՝ Ալբանիան, Ադրբեջանը և Թուրքիան ընդունել են Կահիրեի հռչակագիրը, ինչպես Հորդանանը, Ղրղըզստանը, Մարոկկոն և Պաղեստինը»:
Ուստի Վեհաժողովը կոչ է անում անդամ Ադրբեջանին, Ալբանիային և Թուրքիային մտածել Կահիրեի հռչակագրից հրաժարվելու մասին:
ԵԽԽՎ-ն կոչ է անում այս երկրներին հանդես գալ հռչակագրերով, որոնք կվկայեն այն մասին, որ 1990-ի Կահիրեի հռչակագիրն իրենց օրենսդրության վրա ազդեցություն չի ունեցել և այդ նորմերը չեն մտել Եվրոպական կոնվենցիայի հետ անհամապատասխանության մեջ:
Վեհաժողովը նաև կոչ է անում այս երկրներին կոնկրետ պաշտոնական գործողությամբ հանդես գալ, որի միջոցով կամրագրվի, որ Եվրոպական կոնվենցիան ունի վերադաս նշանակություն:
Փաստաթղթում նաև նշվում է, որ Վեհաժողովը կոչ է անում անդամ երկրներին 2020 թվականին գործողությունների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ