Հունվարի 24-ին, ԱՀ նախագահ Բակո Սահակյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ` նվիրված ՊԲ-ի միավորումների և զորամասերի 2018 թվականի ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը:
Ռազմական խորհրդի նիստին ներկա էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների, զորամասերի և գումարտակների հրամկազմը, զինկոմիսարիատների և ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչներ:
Հրապարակելով նիստի աշխատակարգը ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը կարևորել է բոլոր ելույթները, նշելով, որ առաջիկա մեր բոլոր ձեռքբերումները կախված կլինեն նաև այն հանգամանքից, թե ինչ հետևություններ կարվեն նախորդ տարվա արդյունքներից և ըստ այդմ՝ ինչպիսի հերթականությամբ կպլանավորվեն նոր բանակային տարվա առաջնահերթությունները:
Բանակի հրամանատարի ներածական խոսքին հաջորդել են օրակարգային ելույթները: ՊԲ-ի 2018 թվականի ուսումնական տարվա մարտական ու զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, օպերատիվ և շտաբների պատրաստության, հետախուզության, կապի, ռադիոէլեկտրոնային պայքարի կազմակերպման, զորքերի ծառայության և ինժեներական աշխատանքների վիճակի մասին համապարփակ ելույթով, հանդես է եկել բանակի հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գնդապետ Ջալալ Հարությունյանը:
Այնուհետև ըստ ուղղությունների և առանձին ոլորտների վերլուծական ելույթներ են ունեցել բանակի հրամանատարի տեղակալները` անդրադարձ կատարելով հաշվետու ժամանակահատվածում մարտական պատրաստության վիճակին, գաղափարադաստիարակչական և հասարակական-պետական պատրաստության, զինվորական կարգապահության ու բարոյահոգեբանական ապահովման հարցերին, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման, թիկունքային ապահովման և հարակից այլ ուղղությունների:
Բանախոսները ընդգծել են, որ չնայած նշված բնագավառներում ակնհայտ են դրական զարգացումներն ու արձանագրված հաջողությունները, սակայն առկա են նաև մի շարք ոլորտներ, որոնք պահանջում են առավել համակարգված ու հետևողական աշխատանքներ: Բանակային 2018 թվականը ամփոփել ու ընթացիկ տարվա խնդիրներին անդրադարձել է հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավարը: Կարեն Աբրահամյանը մասնավորապես նշել է, որ 2019 թվականի ընթացքում բանակի հրամանատարության ուշադրության կենտրոնում են լինելու պետական սահմանի պահպանության, ղեկավարման համակարգի հետագա զարգացման, շտաբների պատրաստության և փոխգործակցության մակարդակի բարձրացման, անձնակազմի հետ տարվող աշխատանքների, սպառազինության ու թիկունքային ապահովման հետ առնչվող խնդիրների համալիրը:
Այնուհետև ելույթ է ունեցել ԱՀ նախագահը: Բակո Սահակյանը բավարար գնահատելով 2018 թվականի ընթացքում արձանագրված հիմնական ցուցանիշները, հավաստիացրել է, որ պետությունը այսուհետ ևս կշարունակի իր հետևողական ուշադրության կենտրոնում պահել ՊԲ-ի մարտական հնարավորությունների կատարելագործմանն ու զինծառայողների սոցիալ-կենցաղային ապահովվածությանը վերաբերող հարցերը:
Ռազմական խորհրդի նիստի ավարտին հրապարակվել է բանակի հրամանատարի հրամանը, որի համաձայն դրամական պարգևներ, արժեքավոր նվերներ ու պատվոդրոշներ են հանձնվել անցած բանակային տարվա ընթացքում առավելագույն բարձր արդյունքներ ունեցած զորամասերին, ստորաբաժանումներին ու անհատ զինծառայողներին
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն