Անցած տարվա նոյեմբերի ավարտին, Արգենտինայում կայացած «Մեծ քսանյակի» («G20») գագաթաժողովում աշխարհի առաջատար երկրների կողմից հրատապ դիտարկվեցին կիբեռանվտանգությանը վերաբերող խնդիրները: Մինչ այդ հանդիպումը, կայացել էր Փարիզյան Խաղաղության ֆորումինը (Paris Peace Forum): Այն միտված էր համացանցային անվտանգության միջազգային համագործակցությանն ու կիբեռանվտանգության ոլորտում վստահության ապահովմանը: Փարիզյան հուշագրին որոշակի վերապահումների պատճառով, ԱՄՆ-ի, Չինաստանի հետ չմիացավ նաև Ռուսաստանը: Այդուհանդերձ, փաստաթուղթը ստորագրեցին ռուսական երեք կազմակերպությունների` «Կասպերսկու լաբորատորիա», «Group-IB», «IPChain» ասոցիացիան:
«IPChain» ասոցիացիայի նախագահ, Իրավատերերի միության եվրասիական համադաշնության ղեկավար Անդրեյ Կրիչևսկին Aravot.am-ի հետ զրույցում նկատեց, որ Փարիզում ընդունված հուշագիրը առավելապես ինքնաբուխ նախաձեռնություն էր. «Փաստաթղթում առկա որոշ հայեցակետեր իրականում մի շարք առաջատար երկրների հարկադրեցին որոշակի վերապահում դրսևորել և անմիջապես չմիանալ հուշագրին։ Հիշատակված հայեցակետերի շուրջ ներկա պահին համապատասխան շտկումներ են իրականացվում: Ըստ իս՝ որոշակի հստակեցումներից հետո նշյալ երկրները ևս կմիանան այս կարևոր նախաձեռնությանը»։
Մեր զրուցակցի կարծիքով, կիբեռանվտանգության ապահովման հարցում ստորագրված հուշագիրը թեպետ ինչ-որ առումով դեկլարատիվ է, սակայն, մյուս կողմից ներկայացնում է առկա իրականությունը և ընդգծում դրան հակազդելու առաջնային վեկտորը:
«Միջազգային ամենալուրջ մակարդակով Բուենոս Այրեսում առաջին անգամ բարձրաձայնված կիբեռանվտանգության կարևորությունն ու նշանակությունը ասվածի հավաստումն է։ Եթե նախկինում շեշտը դրվում էր տեխնոլոգիական զարգացման կարևորության վրա, ապա այսօր արդեն՝ ամենալուրջ հարթակներում բարձրացվում է կիբեռանվտանգության հարցը»,- ասաց Անդրեյ Կրիչեւսկին`հավելելով. «Ըստ էության, մարդու կյանքն այսօր՝ առնվազն 50 տոկոսով անցում է կատարել թվային արտահայտչաձևի։ Ուշադրություն դարձրեք, թե մեզանից յուրաքանչյուրը որքան ժամանակ է տրամադրում սեփական սմարթֆոնին, էլ չեմ խոսում աշխատանքային համակարգիչների առջև անցկացրած ժամաքանակի մասին։ Մարդկային շփումների զգալի մասն «ընթանում» է վիրտուալ տարածքում։ Տնտեսության մեծաթիվ հատվածներ արդեն իսկ թվայնացվել են։ Ավելին՝ մեր անհատական տվյալներն ու անձնական կյանքն են ամրագրված թվային համակարգերում։ Իսկ այս ամենը կազմում է մարդու, այսպես կոչված՝«թվային ավատարը»։ Բնականաբար, արդեն իսկ ուրվագծվում է մարդկային կյանքի նոր կացութաձևը։ Եվ եթե առօրյա կյանքում դեռևս գործում են պաշտպանվածության ապահովմանը կոչված որոշակի ինստիտուտներ (որոնց արդյունավետությունը օրըստօրե նվազում է), ապա կիբեռաշխարհում այդ ինստիտուտները գործում են մեր սովորական պատկերացումներից էապես տարբեր՝ նոր մեթոդների կիրառությամբ։ Կիբեռանվտանգության հարցը հենց այս պատճառով էլ հայտնվել է համաշխարհային քննարկումների օրակարգում։ Բնականաբար,երբ առանձին երկրներ բարձրաձայնում են կիբեռանվտանգության անհրաժեշտության մասին, նրանք առաջին հերթին ելնում են իրենց իսկ պետական շահերից։ Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք այս հուշագրին միացել ենք նկատի ունենալով մարդկային կապիտալի՝ գնալով առաջնային դարձող գործոնը։ Մեր հետաքրքրությունների ու աշխատանքի հիմքում մարդու գործունեության արդյունքում ստեղծված ստեղծագործական արտադրանքն է։ Եվ մեզ համար որքան կարևոր է մտավոր սեփականության պաշտպանությունը, նույնքան կարևոր է նաև մտավոր արտադրանքի հեղինակի ապահովությունը։ Մենք քաջ գիտակցում ենք, որ մտավոր արտադրանքի թվային միջավայրում հայտնվելուն պես, անմիջապես կորչում են նյութական կյանքում գործող պաշտպանվածության մի շարք կարևոր երաշխիքներ։ Մեզ համար առաջնային է դիտարկվում՝մարդկային կապիտալի ստեղծման գործընթացում յուրաքանչյուր անհատի մասնակցության կարևորության ամրագրումը։ Եթե բանկի սեփականատիրոջ համար առաջին տեղում սեփական ներդրումների պաշտպանվածության հարցն է,ապա նույն սկզբունքը գործում է նաև մեր պարագայում: Այդ պատճառով էլ, աշխարհի մի շարք առաջատար ընկերությունների հետ միասին, մենք ևս միացանք այդ հուշագրին»։
Միջազգային այս ընկերությունն առաջիկայում պատրաստվում է գործունեություն ծավալել նաեւ մեր տարածաշրջանում: Եթե հարեւան Վրաստանում պայմանավորվածությունները փոքր-ինչ դանդաղ են ընթանում։ Մեր զրուցակիցը դա պայմանավորում է այդ երկրի ներսում ընթացող գործընթացներով. «Ամեն դեպքում համագործակցության հեռանկարներն առկա են ու դա անվիճարկելի է։ Մենք տեսնում ենք ընդգծված հետաքրքրվածություն մեր առաջարկների հանդեպ։ Առողջ երկխոսության փուլում ենք։ Կցանկանայի ընդգծել՝ այն ինչը անհրաժեշտ է Վրաստանին, չի հակասում այլոց շահերին։ Դա նաև Հայաստանին է վերաբերում։ Տարվող աշխատանքներն ուղղված են ոչ թե ինչ-որ մեկի դեմ, այլ հանուն ընդհանուր զարգացման և աշխարհի հետ առողջ կապերի ամրապնդման»։
Հայաստանում եւս աշխատանքները նախնական փուլում են, սակայն, հեռանկարները խոստումնալից են: Համապատասխան նամակներն արդեն ուղարկվել են վարչապետի եւ նախագահի գրասենյակներ: Կառավարությունից տեղեկացրել են, որ համապատասխան ոլորտային նախարարություններում ուսումնասիրություն-քննարկումներ են ընթացել, դրական եզրակացություններ արդեն կան, հիմա հարցը վարչապետի հետ քննարկումների փուլում է: Իսկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանն ընկերության ներկայացուցիչները սպասում են փետրվար ամսին:
Մեր տեղեկություններով, նախագահ Արմեն Սարգսյանը բավական հետաքրքրված է եւ հանդիպման նախնական պայմանավորվածություններ արդեն կան: «Կարող եմ փաստել, որ ՀՀ իշխանությունների կողմից համագործակցության հանդեպ հետաքրքրվածությունը մեծ է»,- ասաց մեր զրուցակիցը։
Դիտակմանն`արդյոք հետհեղափոխական գործընթացները, կառավարության կառուցվածքային փոփոխությունները եւ սպասվող արմատական բարեփոխումները չեն դանդաղեցնում աշխատանքների ընթացքը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մենք տեսնում ենք, որ Հայաստանի ղեկավարները հստակ գիտակցում են ժամանակակից աշխարհի իրողությունները եւ ձգտում են նոր տիպի պետության ստեղծման`գնահատելով սեփական մարդկային կապիտալը: Այն, ի դեպ, ցանկացած երկրի գլխավոր հարստությունն է»: Նա հույս ունի, որ կառուցվածքային փոփոխությունները արագ կավարտվեն եւ աշխատանքային ընթացքը կմտնի բնական հուն: Իսկ մինչ այդ, Հայաստանում ակտիվ կաշխատի ընկերության դուստր-ձեռնարկությունը`IT ոլորտի հարթակում:
Անդրեյ Կրիչեւսկու խոսքով, Ադրբեջանի հետ համագործակցության նախաձեռնություններ դեռեւս չկան`դրա նախադրյալների բացակայության պատճառով: «IPChain-ը միջազգային ծրագիր է, սակայն, դրանում այս կամ այն երկրի ներգրավումը նախեւառաջ պայմանավորված է տվյալ երկրի պատրաստակամությամբ`գիտելիքահեն հասարակություն ստեղծելու առումով եւ սեփական մարդկային ռեսուրսներում, այսպես ասած, ներդրումներով» -ասաց մեր զրուցակիցը`հույս հայտնելով, որ առաջիկայում Ադրբեջանի հետ նույնպես հարաբերություններ կձեւավորվեն եւ այդ ընթացքում հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջեւ եւս բարի դրացիական եւ գործընկերային հարաբերություններ կձեւավորվեն:
Անդրեյ Կրիչեւսկին չի կիսում տեսակետը, որ Հարավային Կովկասն, ամեն դեպքում, բարդ տարածաշրջան է. «Իրականում Հարավային Կովկասը բավականին հեռանկարային տարածաշրջան է։ Հեռանկարային՝ աշխարհագրական դիրքի, նույնպես և՝ մարդկային կապիտալի և հնարավորությունների տեսանկյունից։ Եվ այս առումով, Հայաստանի համար օրինակ, կիբեռանվտանգությունը կարող է ունենալ առաջնային նշանակություն։ Նույնը նաև Վրաստանին է վերաբերում։ Կարծում եմ՝ տարածաշրջանի մյուս երկրները ևս գիտակցում են կիբեռանվտանգության կարևորությունը։ Այլ կերպ՝ նա ով կկարողանա դառնալ անհատական տվյալների, թվային միջավայրի, պետական կառույցների պաշտպանվածության երաշխավոր՝ նա էլ կդառնա միջազգային մակարդակի լուրջ խաղացող։ Ի դեպ, այստեղ պետության մեծ կամ փոքր լինելը որևէ նշանակություն չունի։ Այս հոլովույթում առաջին պլան է մղվում ուղեղը, մարդկային միտքն ու ստեղծելու, ստեղծագործելու կարողությունը։ Եվ եթե հաշվի առնենք Հարավկովկասյան տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական տարբեր վեկտորներն ու հետաքրքրությունները, ապա ասվածից պիտի ածանցենք, որ առաջիկայում մեծ նշանակություն է ունենալու թվային չեզոքությունն ու, այսպես կոչված՝ «հիգիենան»։ Ոչ հեռու ապագայում հակամարտությունները ևս թվային արտահայտչաձև են ունենալու: Մենք այսօր արդեն դրա ականատեսն ենք։ Ռազմական գործողություններին, օրինակ, նախորդում են հակերային գրոհները և այլն։ Պետք է հասկանալ, որ պետությունն` ունենալով կիբեռանվտանգության համակարգ՝ պաշտպանում է ինքն իրեն։ Բացի այդ, խնդրի խորքային նշանակությանը հասու երկիրը՝ կարող է այլ պետությունների համար դառնալ կիբեռանվտանգության որոշումների «մունետիկը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ