«Այս 100 օրում ես հասկացա, որ գլխավոր ճարտարապետը պետք է զբաղվի ամեն ինչով»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:
Նա պատմեց, թե ինչ զավեշտալի դիմումներ է ստացել քաղաքացիներից: Օրինակ, վերջերս մի նամակ է ստացել՝ նկարներով. «Փողոցի մայթին ոչխար են մորթում, մսի կտորները թափած են մայթի վրա ու շատ խիստ նամակով գրել են՝ էդ ինչ խայտառակ գլխավոր ճարտարապետ ունենք մենք: Ժողովուրդ ջան, եթե նույնիսկ ուզենամ, ես էդ մսի հարցերով չեմ կարող զբաղվել: Կամ՝ տոնածառի հարցով հետաքրքիր բան էին գրել: Ասում է՝ ես խորհրդակցել եմ երկու շատ հայտնի ճարտարապետների հետ, որոնց անունները չեմ ասի, որոնք ասում են, որ Մեսչյանը շատ սխալ տեղ է որոշել տոնածառի համար՝ մեկ, երկրորդը՝ տոնածառի պրոպորցիաները գրագետ չեն: Ես ամենաերջանիկ մարդը կլինեի աշխարհում, եթե զբաղվեի տոնածառի հարցերով: Ինչ-ինչ՝ տոնածառն իմ գործառույթից դուրս է, դրանով ավելի նվիրված, գրագետ մարդիկ են աշխատում»:
Մեսչյանը նաեւ մեկ այլ քաղաքացու դիմումին անդրադարձավ՝ «Նախկին ԿԳԲ-ի աշխատողներից մեկը վարչապետին, բոլորին մի նամակ է գրել, թե Արթուր Մեսչյանն այցելել է Պուշկինի 4 պատմական միակ պահպանված միջավայրերից մեկը եւ արհամարհական վերաբերմունք է ցույց տվել մարդկանց, էնպես, ասես ես վրայով անցել եմ, գոռոզ պահվածքով…բան..Տղերք, միակ բանը, որ ես չունեմ, դա գոռոզ պահվածքն է…Ես հասկացա ինչը պիտի արհամարհեմ, հաշվի չառնեմ ու շատ լավ հասկացա ինչ պիտի անեմ»:
Նա ասաց, որ մտադիր չէ շատ երկար մնալ գլխավոր ճարտարապետի պաշտոնում՝ ելնելով իր տարիքից. «Պլանավորում եմ մոտավորապես 2-2,5 տարի: Ես մի բան գիտեմ՝ ինչ ես մտադիր եմ անելու, կանեմ այս 2,5 տարվա մեջ»: Նա ժպիտով է վերաբերվում հրապարակումներին՝ իր մասին. «Ես ինչ անելիք ունեմ՝ կհասցնեմ մինչեւ վերջ, ֆեյսբուքչիները թե ինչեր են գրում՝ կարեւոր չի: Կարեւորն այն է, որ երեւանցիների կողմից դրական վերաբերմունք կա այն ամենին, ինչ մենք մեր խմբով փորձում ենք անել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ