Լրահոս
Օրվա լրահոսը

Սմբատ Գոգյյան. «180 տոկոսով պարգեւատրել եմ տեղակալիս եւ դրա պատասխանատուն եմ»

Հունվար 24,2019 15:38

ԿԳ նախարարության Բարձրագույն որակավորման կոմիտեի ( ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանը հունվարի 24-ին «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց, որ 2016թ. ՀՀ-ում պաշտպանվել է 465 ատենախոսություն, 2017թ.` 394, իսկ 2018-ին` 359:

«Քանակը գնալով նվազում է, ինչը ունի մի քանի պատճառ: Օրինակ, մի պահ չինովնիկական մեծ ներհոսք եղավ դեպի գիտական աստիճանաշնորհման համակարգ: Նրանց մի մասն արդեն հագեցել է եւ ունի աստիճաններ: Որոշ մասնագիտություններում կան կադրային լուրջ խնդիրներ` ասպիրանտուրայի տեղերի թափուր մնալը եւ այլն, որոնք բերում են այդ հետեւանքներին»,-ասաց ԲՈԿ նախագահը:

Նա նշեց, որ 2017թ. մերժվել է 1 ատենախոսություն, որը 2018-ին նորից պաշտպանվել է, իսկ 2018-ին, իր պաշտոնավարման շրջանում մերժվել է 6 ատենախոսություն` արտագրությունների եւ հղումների հետ կապված պատճառներով: Ասաց նաեւ, որ ԲՈԿ-ում մի քանի խնդրահարույց գործեր կան, եւ հնարավոր է, որ մերժված ատենախոսությունների թիվը աճի:

«Պահանջում են, որ ԲՈԿ-ը բացահայտի արտագրությունները, խարդախությունները, բայց եկեք ընդունենք, որ մենք ընդամենը գիտական հիմնարկ ենք, որի գործառույթն է կազմակերպել եւ վերահսկել գործընթացը: Մենք մասնագիտորեն իրավունք չունենք ատենախոսության մեջ մուտք գործել եւ մասնագիտական եզրահանգումներ տալ»,-ընդգծեց Սմբատ Գոգյանը:

Նա մի զավեշտալի դեպք պատմեց. «Մի շաբաթ առաջ մեկը եկավ մեզ մոտ եւ ասաց` ո՞նց կարելի էր այսինչ մարդու դոկտորական ատենախոսությունը հաստատել: Երբ նա գնաց, ես մեր բաժնի աշխատողին ասացի, որ մարդը բողոքում է ատենախոսությունից: Աշխատակիցն էլ ասաց, որ հենց այդ մարդն էլ խորհրդի կազմում գովել էր նույն ատենախոսությունը…Նման դեպքեր կան եւ դրանց դեմը ԲՈԿ-ը չի կարող առնել»:

Նա ասաց, որ իրեն հարցրել են, թե ճի՞շտ է, որ ԲՈԿ-ի նախագահի նոր տեղակալն իր ընկերոջ կինն է: «Դա իրականությանը չի համապատասխանում: Նրա ամուսնուն կյանքումս տեսել եմ երկու անգամ. մեկը նշանակումից մեկ-երկու օր առաջ, երբ իմիջային խնդիր կար` շատերը մամուլում տարածված սուտ տեղեկատվության պատճառով (սկսած սեռական կողմնորոշումից մինչեւ կենսակերպ) խուսափում էին ինձ հետ շփվել:

Ինձ համար իսկապես դժվար էր կադրային քաղաքականություն վարել: Մի խոսքով, իմ տեղակալի ամուսնուն մի անգամ նշանակումից հետո եմ տեսել, մի անգամ էլ հունվարին ենք առնչվել»,- վստահեցրեց Սմբատ Գոգյանը:

Պարգեւատրումներին էլ անդրադարձավ. «Հարցրել են` արդյոք ճի՞շտ է, որ իմ տեղակալը ստացել է 180 տոկոսի չափով պարգեւավճար: Ասեմ, որ դա համապատասխանում է իրականությանը, բայց դա արվել է այն պատճառով, որ ամբողջ կոլեկտիվը ստացել է 80 տոկոս, անձամբ ես պարգեւավճար չեմ ստացել, միայն տեղակալին եմ տվել, որովհետեւ նա մեր հիմնարկի միակ աշխատողն էր, որ առավոտյան 8:30-ից գալիս էր աշխատանքի եւ ամբողջ օրը նվիրվում էր աշխատանքին; Այդ պատճառով ես նրան պարգեւատրել եմ եւ դրա պատասխանատուն եմ: Իսկ գումարի չափն ասել չեմ կարող»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Պարոն Գոգյան, իսկ մի՞թե արդարացի չէր լինի, եթե ամեն ԲՈՒՀ ինքը որոշեր իր ասպիրանտի և հայցորդի գիտական ապագան, այլ ոչ թե ԲՈԿ-ը։ Եվ ինչու անպայման հենց 6 գիտական հոդված է պետք տպագրել, որպեսզի ատենախոսությունը պաշտպանելու իրավունք ստանաս, հաշվի առնելով այն փաստը, որ հիմա կարելի է փողով քանի հոդված ասես և որտեղ ասես տպագրել։ Մի՞թե արդարացի է հոդվածների քանակը որպես չափանիշ ընդունել։ Կարծում եմ, բուն ատենախոսությունն է կարևոր, նրա վրա թափած աշխատանքի որակն ու ատենախոսության բուն ասելիքը, այլ ոչ թե տպագրված հոդվածների քանակը, նույնիսկ եթե դրանք ատենախոսության հետ են կապված։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031