Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ նախագահ. «Ասում են՝ շատ հայրենասերը, վերջերս պարզվեց, որ այլեւս չի ձգում»

Հունվար 24,2019 15:25

«Անձնական տվյալների մասին տեղեկատվության գաղտնիության պահպանման իրավական պարտականություն ունենք, եւ կոնկրետ թվեր չեմ ներկայացնի»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահն, անդրադառնալով երեկ աղմուկ հանած ՊԵԿ-ի աստղաբաշխական չափերի հասնող պարգեւավճարներին:

«Երբ ներկայացնեմ տարեկան իմ հայտարարագիրը, կտեսնեք իմ բոլոր թվերը: Ես, ընդհանուր առմամբ, ասում եմ, որ տեղեկատվությունը սուտ է, այն առումով, որ նման պարգեւատրումներ հնարավոր չէ, որ լինեն, այդպիսի մեծ թվեր չկան»,-ասաց Անանյանը:

Ըստ մի հրապարակման, ՊԵԿ նախագահը տարեվերջին պարգեւավճար է ստացել՝ 8 մլն 55 000 դրամ, ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը՝ 9 մլն. 60 000 դրամ, ՊԵԿ նախագահի օգնական Էլիզաբեթ Մամիկոնյանը՝ 2 մլն 120 000 դրամ, ՊԵԿ նախագահի խորհրդական, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի գործավարուհի Սաթինե Գզողյանը՝ 2 մլն. 763 000 դրամի չափ:

ՊԵԿ-ն այս առնչությամբ պարզաբանել է՝ «դեկտեմբերին բոլոր պետական գերատեսչություններում ստանում են երկու` նոյեմբեր–դեկտեմբեր ամիսների աշխատավարձերը, երկու ամիսների պարգևատրումներն ու տարեվերջյան հավելավճարները միասին: Հետևապես, հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և նման պարգևատրումների չափեր ՊԵԿ-ում չկան»:

«Առձեռն վճարված պարգեւատրման չափը առավելագույնը կազմել է 1.5 միլիոն դրամ: Պարգեւատրվել են բոլորը՝ ինձանից սկսած մինչեւ հավաքարարն ու տեսուչները: Կան նաեւ հավելավճարներ՝ օրենքով են սահմանված»,-ասաց Անանյանը: Նրա ներկայացմամբ՝ ՊԵԿ-ն, ի տարբերություն այլ  գերատեսչությունների,  պարգեւավճարների ավելի մեծ ֆոնդ ունի եւ հնարավորություն ունի ավելի մեծ պարգեւավճարների, քանի կոռուպցիոն ռիսկերը մեծ են .«Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ եղանակը արժանապատիվ ու մոտիվացիոն համակարգեր ստեղծելն է»:

Անանյանի վստահեցմամբ՝ «Բոլորը ստանում են իրենց ադեկվատության, իրենց ստեղծած արժեքին համապատասխան պարգեւավճարներ»:

ՊԵԿ ղեկավարի կարծիքով՝ «Այդ ամենը պետք է մարդկային, անձնական արժեքների հետ համադրվի: Եթե մենք հայրենասիրության սերմեր ենք ցանում ու մարդկային արժեքներ ուզում պրոպագանդել, որ մարդն ունենա բարձր արժեքային համակարգ, ու դրանով սահմանափակվում ենք, երկար չենք գնա»: Անանյանն այս ենթատեքստում մի հումոր հիշեցրեց՝ «Ասում են՝շատ հայրենասերը, վերջերս պարզվեց, որ այլեւս չի ձգում: Հայրենասիրությունը, համարժեք վարձատրությունն ու արժեքային համակարգը, այս երեքը միասին կաշառակերության դեմ պայքարի անկյունաքարն է»:

Aravot.am-ի հարցին՝ արդյոք չպետք է վերացվի պարգեւավճարների «ավանդույթը», քանի որ այն սուբյեկտիվ մոտեցում կարող է ունենալ, եւ ասենք՝ ինչպես Անանյանն իր խորհրդականին մոտ 3 միլիոն դրամ է պարգեւատրել, պարզ չէ՝ ինչ աշխատանքի դիմաց, իսկ որեւէ տեսուչ գուցե ավելի լավ է աշխատել, Անանյանն այսպես արձագանքեց.«Մենք պարգեւավճարների եւ հավելավճարների մշակույթը պետք է զարգացնենք եւ պետական համակարգը այդպիսին պետք է լինի»:

Մանրամասն՝ շուտով տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031