«Բարի մամա»-ի հիմնադիր Մարինա Ադուլյանը «Բարի տնակ» այցելած ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանին նվիրելով իրենց կենտրոնի երեխաների պատրաստած հուշանվերը` հարցրեց. «Թեյ եւ չիր սիրո՞ւմ եք»: Տիկին Սարգսյանը պատասխանեց. «Դա իմ գաղտնիքն է, բայց կասեմ` այո, սիրում եմ»:
Aravot.am-ը հետաքրքրվեց` իսկ ինքը երբեւէ չիր պատրաստե՞լ է: «Մանուկ տարիներին տատիկիս հետ էի չիր պատրաստում: Խնձորը եւ տանձը կտրտում էինք եւ դնում էինք տանիքի վրա, արեւի տակ: Դա մի մեծ հաճույք էր, որովհետեւ տատիկս չէր կարողանում տանիք բարձրանալ, ինձ էր ասում` բարձրացիր, շուռումուռ տուր: Եվ մանկությանս այդ քաղցր հիշողությունը ինձ մոտ մնացել է»,-նշեց տիկին Սարգսյանը:
Նա նաեւ հարցրեց Մարինա Ադուլյանից` ճի՞շտ է, որ «Բարի տնակի» տանիքում նման հարմարություն են ստեղծելու եւ դրական պատասխան ստացավ:
Նունե Սարգսյանը կարեւորեց եւ պետական, եւ մասնավոր աջակցությունը՝ ուղղված «Բարի տնակին»: Վերջինս կազմված է երկու շինությունից, առաջինն արդեն պատրաստ է (վերականգնողական թերապիաների հարկ, իվենթ-հարթակ եւ մայրերի ապաստարան այն կանանց համար, որոնք չեն ուզում լքել իրենց երեխաներին):
Սերժ եւ Անժելա Թանկյանների նվիրատվության շնորհիվ մայիսին պատրաստ կլինեն նաեւ փոքրիկ սրճարանը, խանութը եւ արտադրամասը, որպեսզի հնարավոր լինի ապահովել «Բարի տնակի» բնակիչների կարիքները: Խանութը եւ արտադրամասը երկրորդ շինության առաջին հարկում են լինելու, իսկ ներկայումս «Բարի տնակը» շարունակում է հանգանակություններ հավաքել 2-րդ, 3-րդ հարկերն ավարտին հասցնելու համար:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ