«Արամի 23-ի հարցը վերջապես լուծվեց»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ հավելելով՝ «այսօր ստորագրվելու է պայմանագիր, այդ տարածքի իրացնողը, պարոն Հեքեքյանը եւ մշակույթի նախարարությունը, կառուցապատողը տալիս է 14 մլն դրամ իտալացի ճարտարապետին, որը գալիս է Իտալիայից եւ որը այդ կառույցի վերականգնման նախագիծը պետք է անի»:
Մեսչյանն ասաց՝ «Ես ուրաախ եմ, որ Լուչիո Պեցին գալիս է Արամի 23-ի համար, բայց շատ ավելի ուրախ կլինեի, որ եկեղեցիների պատերը վերականգնվեին: Մեր եկեղեցիների պատերը, որոնք փլվել են եւ որոնք շատ ավելի մեծ արժեք ունեն, Լուչիո Պեցին չեկավ, բայց գոնե այստեղ կարողանանք այդ հարցը լուծենք: Բոլոր կողմերը հիմա պետք է որ հանգիստ լինեն»:
Մեսչյանը զարմացած է, որ Արամի 23-ի պատի համար այսքան մեծ աղմուկ բարձրացավ, բայց այլ դեպքեր էլ են ունեցել, երբ եղել են նաեւ մարդկային զոհեր, բայց այսքան աղմուկ չի եղել.«Այդ պատը կվերականգնվի, կառույցը կվերականգնվի, մի անհանգստացեք: Երբ ես ասեցի, որ Երեւանում ոչ մի հուշարձան չի քանդվի, մարդիկ սխալ հասկացան, թե՝ եթե հուշարձանի վրա մի փոքրիկ կտոր պոկվի՝ մեղավոր եմ ես: Կներեք, ես հնարավորություն չունեմ ամեն հուշարձանի իրավիճակին հետեւելու: Իմ պատասխանատվությունն այն է,որ ոչ մի հուշարձան Երեւանում չի քանդվելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ