Եվրասիական տնտեսական մաքսային օրենսդրության համաձայն՝ հունվարի 1-ից ֆիզիկական անձանց ներկրած հարկման ոչ ենթակա ապրանքների ծավալի ու գնի շեմը փոփոխվել է: Ըստ այդ, մաքսազերծման ոչ ենթակա ֆիզիկական անձանց ուղեկցող բեռը նախկինում գործող 50 կգ-ի շեմն իջեցվել է, այն արդեն 25 կգ է: Թեեւ Անանյանն այս խնդրին վերջերս ասուլիսում անդրադարձել էր, սակայն, այսօր էլ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում կրկին անդրադարձավ դրան:
«Եթե մենք անցած տարի առավելագույն չափերը բարձրացրեցինք 50 կգ-ի, մենք տեսանք տարվա վերջում, որ մեր քաղաքացիներն իրենց անձնական օգտագործման այդպիսի հնարավորությունը դիտարկել են որպես բիզնեսի իրականացման շատ կարճ եղանակ ու ճանապարհ: Մենք մտածում էինք ինչ անել, ԵԱՏՄ-ի կանոնը եկավ օգնության»,-ասաց Անանյանը: Նա նշեց, որ պետք է կանոնակարգեն այդ խնդիրը եւ վերահսկեն 25 կգ-ները:
Շատ քաղաքացիներ այս օրերին մաքսատանը խնդրի առաջ են կանգնում, քանի որ իրենց հաշվարկած ու նախկին գործող կարգով են ուղեբեռ վերցրել, որի մի մասը պետք է մաքսազերծվի: Այս առնչությամբ Անանյանն ասաց. «Մարդիկ ասում են ՝ չենք իմացել: Պարոն Վանեցյանի հետ հեռախոսային խոսակցության ժամանակ միասնական որոշում կայացրեցինք՝ եթե նույնիսկ համարենք, որ չեն իմացել, եթե կան այնպիսի օբյեկտիվ դեպքեր, որ այդ եղանակով են բերել, միգուցե մենք հայտարարենք, որ սա վերջինն է, եւ արդեն անցնելու ենք չոր վարչարարության»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ