ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանին «Բարի տնակում» դիմավորեցին ծաղիկներով: «Բարի տնակը» ներառական զարգացման կենտրոն է, որտեղ անցկացվում են արտ-թերապիայի դասընթացներ, մատուցվում լոգոպեդի և հոգեբանի ծառայություններ: «Բարի տնակը» հայ մայրիկների ջանքերով ստեղծված «Բարի մաման» կազմակերպության կենտրոնն է: «Բարի մամայի» նպատակն է աջակցել հաշմանդամության պատճառով լքված և մանկատներում հայտնված հաշմանդամություն ունեցող երեխաներին:
ՀՀ նախագահի տիկինը հունվարի 24-ին շրջեց «Բարի տնակով» մեկ, ծանոթացավ պայմաններին, խոսեց մասնագետների հետ ու նաեւ շփվեց փոքրիկ բնակիչների հետ:
Մանրամասները ` տեսանյութում
«Բարի մաման» համեստորեն սուսուփուս իր գործն արել է, երեւի թե տարիներ շարունակ: Ինձ համար այն ուղղակի հայտնագործություն էր: Մտնելով իսկապես բարի տեսքով այս տնակը` շատ տպավորված եմ, հուսով եմ, որ կկարողանամ օգնել իրենց` ինչով կարող եմ: Վստահ եմ, որ իրենք շատ հաջող ապագա ունեն: Սա շատ կարեւոր գործ է, չէ՞ որ հիմա աշխարհում հաշմանդամությունն այլեւս թաքնված չէ… Հաշմանդամություն ունեցող երեխաները չպետք է թաքնվեն, հասարակությունն ավելի մտավորական մոտեցում ունի, եւ պետք է ամեն ինչ անի, որ երեխաները դառնան հասարակության մասը…Այս շենքում շատ կիսատ բան կա, որը հուսով եմ արագությամբ եւ հաջողությամբ կավարտվի»,- ասաց Նունե Սարգսյանը:
Մանրամասները ` տեսանյութում
Նրա ձեւակերպմամբ, պետք է հասարակության մոտեցումը փոխվի հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ, հասարակությունն ու երկիրը ավելի ներառական դառնան. «Բոլոր մարդիկ թերություն ունեն, եթե մեկը սրտում չարություն ունի, դա հաշմանդամություն է, նախանձ լինելը հաշմանդամություն է, բայց, չգիտես ինչու, խուլ ու համար լինելը, չտեսնելը, վերջույթների պակաս լինելն է համարվում հաշմանդամություն, ինչո՞ւ:
Կարեւորը մեր երկրում հաշմանդամություն ունեցող անձանց կրթություն տալն է, արվեստ եւ արհեստ սովորեցնելը, որպեսզի մենակ չզգան, ապրեն երկար տարիներ ու խուսափեն դեպրեսիայից, չմեկուսանան..Մեր քաղաքում եւ երկրում պետք է պայմաններ ստեղծենք հաշմանդամություն ունեցողների տեղաշարժման համար»:
Նրա համոզմամբ, բացի հոգատարությունից ու խնամակալությունից, այսինքն այն ամենից, ինչ-որ անում է «Բարի տնակը», երեխաներին պետք է ձիրքեր, կառուցել, թխել, արվեստներ ու արհեստներ սովորեցնի, որպեսզի երեխաները հետո կարողանան իրենց տեղը գտնել կյանքում եւ հասարակության լիարժեք անդամ դառնալ: Փոքրիկներից մեկին նա խոստացավ իր հետ կարուսել տանել, նաեւ խնդրեց, որ հաշվի:
Մանրամասները ` տեսանյութում:
«Բարի մամա»-ի հիմնադիր Մարինա Ադուլյանը նախագահի տիկնոջը նվիրեց երեխաների ձեռքով պատրաստված հուշանվեր: Ասաց, որ նման հուշանվերների վաճառքի հասույթը եւս ուղղվում է «Բարի տնակի» կարիքներին:
Նունե Սարգսյանը նշեց ամերիկացի գրող եւ քաղաքացիական ակտիվիստ Հելեն Քելլերին, որը կույր էր, խուլ, բայց հանդիպելով Էնն Սալիվանին, նրա հոգատարության եւ ճիշտ մոտեցման արդյունքում կարողացավ խոսել, սովորել, բարձրագույն կրթություն ստանալ ու հետագայում հեղինակել 12 գիրք:
Նա հիշեց նաեւ աշխարհահռչակ բրիտանացի ֆիզիկոս, տիեզերագետ Սթիվեն Հոքինգին, որը գամված էր սայլակին, բայց դարձավ հայտնի գիտնական ու ապրեց շուրջ 90 տարի: «Մենք Հայաստանում ունենք հաշմանդամ սպորտսմեններ, որոնք մասնակցում են պարալիմպիկ օլիմպիադաների ու ապացուցում, որ հաշմանդամությունը թերություն չէ, այն կարելի է հաղթահարել»,-ասաց նախագահի տիկինը:
Հավելենք, որ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից «Բարի տնակ» նախագծին նվիրաբերվել է 2 միլիոն 664 հազար դրամ գումար, որն ուղղվել է տնակի ջեռուցման համակարգի ձեռքբերմանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ