Լրահոս
Օրվա լրահոսը

«9 մետրի վրա Թամանյանի շենքից տղերքը միս են սարքում…մենք արժեքներից ենք խոսում». Մեսչյան

Հունվար 24,2019 14:41

«Այս 100 օրը բավականին հետաքրքիր էր: Ինչպես ասում են՝ ճաշակեցի ե՛ւ քեն, ե՛ւ ոխ»,-այսպես Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ամփոփեց իր պաշտոնավարման 100 օրը:

Հրավիրած ասուլիսում Մեսչյանն ասաց՝ եթե ասեմ, որ այս 100 օրում քաղաքաշինության ոլորտում 4200 գործ է նայվել, գրեթե ոչինչ չասել կնշանակի: Նա ասաց, որ շատ շուտով Երեւանում ակտիվ շինարարություն կսկսվի՝ բնակելի գոտում:

Մեսչյանն ասաց, որ Երեւանի մետրոպոլիտենի նոր կայանների կառուցման ծրագիրն են արդեն ուզում սկսել. «Խոսքը գնում է Աջափնյակի երկու կայարանների մասին: Հետագայում դա կշարունակվի դեպի Դավիթաշեն: Երկրորդ կարեւոր ստրատեգիական ծրագիրը ճոպանուղին է, որը կկապի Նորքը քաղաքային կենտրոնի հետ: Դա շատ ավելի արագ կստացվի իրագործել, որովհետեւ գումարային առումով շատ ավելի համեստ ներդրում է պահանջում, քան մետրոպոլիտենը»:

Մեսչյանն ասաց, որ Աջափնյակում, որտեղ ամենավտանգավոր վթարային շենքերն են, այդ շենքերի բնակիչների հարցերը մոտակա ամիսներին կկարողանան լուծել:

Գլխավոր ճարտարապետը նաեւ նշեց, որ օպերայի մի հատված՝ երկրորդ գոտին, նորից հնարավորություն կա կանաչապատ տարածք դարձնելու, ու ուշագրավ է, որ մարդիկ առաջ բողոքում էին, որ այդ տարածքում կանաչ գոտին վերացվել է, հիմա, երբ փորձում են վերականգնել, նորից բողոքում են. «Շատ տարօրինակ խոսակցություններ են գնում, թե՝ դեռ ոչինչ չարած՝ արդեն քանդում են: Շատ զարմանալի է, որ բավականին զգալի մարդիկ քան թե ուրախանան, բավականին տարօրինակ վերաբերմունք են ցույց տալիս, ես դա չեմ հասկանում: Առանձնապես բիզնեսները չեն տուժել, ասում են՝ աշխատատեղեր կկորցնեն, եւ այլն, այդ սրճարանները երկու զոնաներ ունեն, մի գոտին վերացնելուց՝ իրենց բիզնեսը դրանից բան չի լինում, իրենք մնում են իրենց տարածքում, աշխատատեղերի վերաբերյալ էլ մեծ կորուստներ չեմ տեսնում: Եկեք ազնիվ խոսենք, ո՞ւմ է դուր գալիս, երբ Մաշտոցի փողոցից նայում ենք դեպի Օպերայի դերասանական մուտքը, դուք տեսե՞լ եք աջից եւ ձախից այնտեղ արդեն ինչ է կատարվում: Այնտեղ արդեն շահումային ծխնելույզ է դրած՝ 9 մետրի վրա Թամանյանի շենքից, էնտեղ տղերքը միս  են սարքում…մենք արժեքներից ենք խոսում, ամեն երկրորդ բառը Թամանյան է, բայց ամենակարեւոր օբյեկտի նկատմամբ ունենք այս աստիճան անլուրջ վերաբերմունք»: Մեսչյանը նշեց, որ սեփականատերերը, ովքեր զբաղեցրել են այդ տարածքները, այնքան մեղավոր չեն, մեղավոր են նրանք, ովեր թույլ են տվել. «Բիզնեսը, թե հնարավորություն ունի, կանի ամեն ինչ: Ա՛յ քաղաքը ժամանակին պետք է ասեր՝ ոչ, ոչ մի դեպքում, այս այգու տարածքում ոչ մի կառույց չի լինելու»:

Մեսչյանն ասաց, որ հիմա արդեն եղածը եղած է, պետք է փորձեն շտկել իրավիճակը, կառուցապատողները պետք է հասկանան, որ սա ոչ թե քաղաքապետարանի, այլ երեւանցիների պահանջն է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031