Ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանին ներում շնորհելու հարցի հետ կապված այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում հրավիրած ասուլիսում սպանված Իոսիֆ Աղաջանովի հարազատները ներկայացրեցին իրենց դիրքորոշումը:
Ենոքյանի կինը՝ Զարուհի Մեժլումյանը հայտարարել է, որ պահանջում են գործը վերաբացել, բայց սպանվածի հարազատները դեմ են: Սպանվածի հայրը՝ Միխայել Աղաջանովն ասաց, որ իրենց մոտ որեւէ կասկած չկա, քանի որ դատավարությանը մասնակցել են, բայց եթե համապատասխան մարմինները գտնում են, որ պետք է գործը վերաբացել, թող վերաբացեն. «Դա մեր որոշելիքը չէ»:
Սպանվածի քույրը՝ Ելենա Աղաջանովան ասաց. «Միայն ցուցմունքները չեն, որոնց հիման վրա դատավճիռներ են կայացնում, փորձաքննություններ, բազմաթիվ հարցեր կան ու խոսել դրա մասին՝ մանիպուլյացիա է՝ մարդկանց հոգեբանության վրա ազդելու: Մարդասպանի կինը ամեն տեղ փորձում է ներկայացնել, որ մենք ազդել ենք գործի վերաբացմանը դիմելու վրա: Մենք թերթերից ենք իմացել, կամ մեզ ուղարկված նամակներից, որ դիմել են ու մերժվել են: Դա մեր որոշելու հարցը չի, ինչպես տեսնում եք, այդ մասին ոչ մեզ են հարցնում, ոչ էլ ձեզ են հարցնում: Դրա համար չեմ գտնում, որ ճիշտ է, որ հանրությունը հիմա քննարկի այդ հարցերը: Դա մանիպուլյացիայի համար է արվում: Եթե դա չլիներ, մենք չէինք հանի մեր վիշտը հրապարակայնացնելու: Որպես բժիշկ ասեմ, բժշկի աչքի համար դա ակնհայտ է՝ Ենոքյանը վտանգավոր է մարդկանց համար: Նա պսիխոպատ է, եւ մենք պահանջում են, որ կատարվի հոգեբուժական փորձաքննություն, դա կապացուցվի, ես համոզված եմ: Եվ նրա խոսը, եւ նկարները, որ հրապարակվել էին, մենք այդ ամեն ինչը տեսանք, մանիպուլյացիայի ձեւերը: Մենք կարծում են, որ նրա կինը՝ Մեժլումյանը նույնպես զոհն է մարդասպան, մանիպուլյատոր Ենոքյանի»:
Գործի վերաբացման հիմքերի հետ կապված իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ասաց, որ ցանկացած գործում կարող են գտնել մութ կետեր. «Ես որպես իրավաբան, պարտավոր եմ հիմք ընդունել դատավճիռը: Ես դատավճիռը մանրամասն ուսումնասիրել եմ: Մի քանի անգամ ցուցմունք փոխած լինելը չի նշանակում, որ դա սուտ ցուցմունք է, ուրիշ ապացույցների միջոցով կարելի է դա ստուգել, այդ թվում՝ վկաների ցուցմունքներով, դատաբժշկական փորձաքննությամբ, կարեւոր է, թե ինչ ապացույցների կամակցություն կա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ