Երևանի քաղաքապետին դատարանով սպառնացին պարգևատրումների ցուցակ հրապարակել։ Նա էլ դիմադրեց-դիմադրեց ու սկսեց կամաց-կամաց հրապարակել։ Պարզվեց՝ քաղաքապետարանի պարգևատրման ծավալը 474 մլն դրամ է, որ բաժանվել է 1628 աշխատակցի միջև։
Ու սկսվեց. մի լրատվամիջոց հաշվեց, որ 474 մլն դրամը 980 հազար դոլարից ավելի է։ Մյուսը գրեց, որ միջին պարգևավճարը 290 հազար դրամից ավելի է, ու բացատրեց, որ միջինը հանել են, քանի որ քաղաքապետարանը հականե-հանվանե ցուցակ չի հրապարակում։ Դժվար է ասել, թե հասարակությանն ինչ կարող է տալ միջին ցուցանիշ կոչված այս պարագային։
Առողջապահության մասնագետները միջին ցուցանիշի «անիմաստությունն» ապացուցելու համար հորինել են «հիվանդանոցի հիվանդների միջին ջերմաստիճան» արտահայտությունը։ Սոցիոլոգներն այս պարագային ասում են՝ «Եթե դուք երեկ կաղամբ եք կերել, իսկ հարևանը՝ միս, ապա չի կարելի ասել, որ երկուսով միջինը տոլմա եք կերել»։
Բայց մասնագիտական ոչ մի ծաղր փաստարկ չէ ուրիշի գրպանի փողերը հաշվելու գայթակղությունից քեզ զրկելու համար։ Մինչդեռ հարկավոր էր նախ զարմանալ, որ մեր քաղաքապետարանն առնվազն 1628 աշխատակից ունի։ Եթե իմ խոսքերում սարկազմ նկատեցիք, ես ստիպված կվերաձևակերպեմ միտքս՝ «Հարկավոր է զարմանքով ուրախանալ, որ մեր քաղաքապետարանում պարգևատրման արժանի 1628 աշխատակից կա»։ Թե չէ՝ կարելի է առանձին «չուզող» լրատվամիջոցների նման քննարկել, թե պարգևատրման արժանացած աշխատակիցները քանի ամիս կամ շաբաթ են աշխատել այս կամ այն պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում։
Քննարկել ու չարախոսել՝ առանց հասկանալու, որ այդ հիմնարկներում յոթ ամսից ավելի երկար աշխատածները ոչ մի վաստակ, առավել ևս՝ արժանիք չունեն պարգևատրումից մի օր առաջ ընդունված աշխատակցի հանդեպ։ Որովհետև յոթ ամիս առաջ նրանք ոչ թե երկրին են ծառայել, այլ՝ նախկին իշխանություններին։ Եղա՞վ։
Ու ընդհանրապես հասարակական թեր ու դեմ կարծիքների աղմուկի մեջ բազում առողջ մտքեր են կորչում։ Պարգևատրման հասարակայնորեն անհրաժեշտ, արդյունավետ (արդի հայերենով ասած՝ ճիշտ) համակարգն արժեզրկվում է հասարակության համար։ Որովհետև այդ համակարգը ճիշտ կիրառածներն ու չարաշահած չինովնիկները դիրքավորվում են նույն խրամատում ու բոլոր տեսակի քննադատներին թշնամի, հակահեղափոխական, «չուզող» կամ «աբիժնիկ» հայտարարում (որքան էլ տարօրինակ է ընդամենը յոթ ամսում իշխանություններին հաջողվեց իրենց շարքերում «աբիժնիկների» նկատելի մասսա ձևավորել)։
Արա ԳԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում