Հայաստանի համար ամենակարևոր բարեփոխումները կապված են տնտեսության հետ, քանի որ այժմ մենք պետք է քաղաքական հեղափոխությունը վերածենք տնտեսականի: Այս մասին Euronews-ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դրա համար մենք պատրաստվում ենք պարզեցնել կարգավորումները, որպեսզի Հայաստանում հեշտանա ցանկացած բիզնես գործունեություն: Մյուսը հարկային օրենսգրքի փոփոխությունն է. մենք պատրաստվում ենք Հայաստանում նվազեցնել եկամտահարկի և շահութահարկի մակարդակը՝ հայկական բիզնես միջավայրը և ներդրումային միջավայրը ներդրումների համար ավելի գրավիչ դարձնելու: Երրորդ, խրախուսել աղքատներին, ինչ-որ բան անել՝ հաղթահարելու աղքատությունը Հայաստանում: Եվ այժմ մենք պատրաստվում ենք ստեղծել նոր սեկտոր տնտեսության մեջ. դուք գիտեք՝ գոյություն ունի փոքր բիզնես, միջին բիզնես, և մենք պատրաստվում ենք ստեղծել իրավականորեն նոր սեկտոր՝ միկրոբիզնես, և այդ բիզնեսն ազատել բոլոր հարկերից: Այդ ճանապարհով մենք պատրաստվում ենք խրախուսել մեր մարդկանց՝ քայլեր ձեռնարկել՝ սկսելու որոշակի բիզնես գործունեություն և օգնելու կառավարությանը հաղթահարել աղքատությունը, որն ամենամեծ խնդիրն է Հայաստանում»,- ասել է Փաշինյանը:
Անդրադառնալով աշխարհաքաղաքականության մեջ փոփոխություններին, Փաշինյանն ասել է, որ այդ ուղղությամբ ինքը «որևէ ծրագրեր չունի»:
«Քանի որ մենք հայտարարել ենք, որ Հայաստանը չի պատրաստվում շրջադարձներ անել արտաքին քաղաքականության մեջ: Բայց մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, որը շատ կարևոր է Հայաստանի համար տնտեսական առումով, քանի որ այն հսկայական շուկա է հայկական բիզնեսի համար: Մենք նաև համապարփակ և խորը համագործակցության համաձայնագիր ունենք ԵՄ-ի հետ, և մենք պատրաստվում ենք իրականացնել այս համաձայնագիրը ևս: Այս համաձայնագիրը Հայաստանում սոցիալական և քաղաքական կյանքի բարելավման մասին է, և մենք Համապարփակ և ընդլայնված գործունեության համաձայնագրի, ԵՄ-ի հետ համագործակցության օգնությամբ պետք է ուժեղացնենք հայկական ժողովրդավարությունը ինստիտուցիոնալ առումով: Այժմ հայ ժողովուրդը, Հայաստանի քաղաքացիները ոգևորած են Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական հեղափոխությամբ, բայց մենք պետք է ամրապնդենք ժողովրդավարությունը ինստիտուցիոնալ առումով, և մենք ակնկալում ենք ԵՄ-ի աջակցությունը այդ հարցում»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ հենց այդ առումով համաձայնագիրը կարևոր առաջնահերթություն ունի Հայաստանի համար:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ