Մանկապարտեզի երեխաներին տրամադրվող սննդի մի մասը յուրացնելու, տարբեր հաստիքներում իր ծանոթներին ու մտերիմներին գրանցելու, նրանց աշխատավարձերից շուրջ 13 միլիոն հափշտակելու մեջ կասկածվող Երեւանի «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրեն Գայանե Հովհաննիսյանը երեկ ազատ է արձակվել։
Մինչ մեղադրանքի մասին հայտնի լինելը երեկ Գայանե Հովհաննիսյանի պաշտպան Վահե Մնացականյանն ասաց, որ նախօրեի գիշերը իր պաշտպանյալի առողջական վիճակը վատացել է, եւ բժշկի որոշմամբ նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։
Մնացականյանն ասաց, որ իր պաշտպանյալն առողջական լուրջ խնդիրներ ունի։
Գայանե Հովհաննիսյանը ձերբակալվել էր հունվարի 21-ին. դա մեծ աղմուկ բարձրացրեց հատկապես այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Հովհաննիսյանը կասկածվում է տարիներ շարունակ մանկապարտեզի երեխաների սննդի մի մասը յուրացնելու համար։
Նրա պաշտպան Վահե Մնացականյանի հետ զրույցը՝ ստորեւ.
– ՔԿ-ից ասացին, որ պատճառված վնասը փոխհատուցել եք։
– Այո, բայց, բնականաբար, մեղադրանքն ավելի քիչ է, բայց մենք ավելի շատ ենք վճարել։ Մեղադրանքը մոտ 13 միլիոնի մասին է, բայց մենք 20 միլիոն ենք փոխհատուցել, որովհետեւ քննչականը այդ թիվն է մեզ ասել, մենք էլ ստիպված դա ենք փոխհատուցել, որովհետեւ մեզ համար առաջնահերթ մեր պաշտպանյալի առողջական վիճակն է, ուղղակիորեն իր վրա ազդում էր ձերբակալման պայմանները։
– Իսկ ինչո՞ւ է ՔԿ-ն որպես պատճառված վնաս այդ չափի գումարը նշել։
– Քննիչը բացատրեց, որ հնարավոր է հետագայում քննության արդյունքում ավելանա։
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում