«Հրեշը պետք է մեկուսացված լինի հասարակությունից»,- այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում Իոսիֆ Աղաջանովի սպանության համար դատապարտված Մհեր Ենոքյանին ներում շնորհելու թեմայով ասուլիսում ասաց սպանվածի հայրը՝ Միխայել Աղաջանովը:
Նրա խոսքով՝ ուրիշի վշտի վերաբերյալ խոսելը բավականին հեշտ է:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ասաց, որ պատրաստակամություն է հայտնել աջակցել Աղաջանովների ընտանիքին այս գործում: Նա ասաց, որ երկար տարիներ Մհեր Ենոքյանի հետ կապված միակողմանի տեղեկատվություն են ստացել ու ինքն անձամբ համոզմունք է ունեցել՝ այդ տեղեկատվության հիման վրա. «Մարդկանց խումբ է ձեւավորվել, որոնք հավատացած են, թե գործ ունեն հերոսի հետ: Ինչ վերաբերում է իրավական կողմին, որեւէ տեղեկատվություն չի տրամադրվում արդարադատության նախարարութան կողմից: Մարդու իրավունքների ժամանակակից իրավունքը հստակ պահանջներ է պարունակում, որ ներման պրոցեսում նույնպես պետք է հաշվի առնվեն տուժողների շահերը ծանրացնող հանգամանքներով սպանությունների գործերում, իսկ մենք այստեղ գործ ունենք ծանրացնող հանգամանքներով սպանության հետ: Այն մեկնաբանությունները, որոնք պաշտոնապես ներկայացվում են, իրավաբանական տեսանկյունից իմ համար առնվազն անհասկանալի են: Զարուհի Մեժլումյանը, Մհեր Ենոքյանը հրապարակային խոսում են, որ ներման պրոցեսը անձնական տվյալ է, որեւէ մեկն իրավունք չունի դրան ծանոթանա եւ այլն: Այսինքն, ստացվում է, որ մի օր կարող է Մհեր Ենոքյանը ներման արժանանա ու հայտնվի փողոցում՝ ընտանիքը դրա մասին չիմանա՞: Երկրորդ ամենահայտնի ցմահ ազատազրկվածը Նաիրի Հունանյանն է, դե եկեք պատկերացնենք մի օր Հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատները՝ իմ կողմից շատ սիրված Անահիտ Բախշյանը՝ լուսահոգի Յուրի Բախշյանի կինը, կամ շատ հարգված Ստեփան Դեմիրճյանը, կամ լուսահոգի Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, փողոցում պատահաբար հանդիպում են Նաիրի Հունանյանին, ասում են՝ Նաիրի, ի՞նչ գործ ունես այստեղ, ասում է՝ դե գիտեք, իրավունք չունեիք իմանալ, ինձ պետությունը ներում շնորհեց: Սա նորմա՞լ իրավիճակ է որեւէ իրավական տրամաբանության մեջ տեղավորվո՞ւմ է: Այսօր փաստորեն, մեր պետությունը պաշտոնապես այս բացատրությունն է տալիս: Բա սա անձնակա՞ն գործ է, որ անձնական տվյալներ լինեն, կարո՞ղ է անձնական բնույթի սպանություն է կատարվել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ