Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ ամեն ինչի համար դատի ենք տալու՝ պահանջելով պատիվ Զարուհի Մեժլումյանից». սպանված Աղաջանովի հարազատների բողոքը

Հունվար 24,2019 12:48

Այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում Իոսիֆ Աղաջանովի սպանության համար դատապարտված Մհեր Ենոքյանին ներում շնորհելու թեմայով հրավիրած ասուլիսում սպանվածի հարազատները ներկայացրեցին իրենց դիրքորոշումը: Ելենա Աղաջանովան՝ սպանվածի քույրն ասաց, որ կառավարությանը նամակով են դիմել. «Ոչ մի պաշտոնական արձագանք չունենք ոչ ներման գործընթացի մասին, ոչ հանդիպման մասին: Հայրս դիմեց վարչապետին՝ խնդրանքով հանդիպման համար, ոչ մի արձագանք չունենք: Դիմել ենք արդարադատության նախարարություն՝ պահանջելով մեզ տեղեկություն տալ ներման գործընթացի մասին: Ստացանք գրեթե ոչ մի բան չնշանակող պատասխան, որտեղ հղում էին տալիս «Անձնական տվյալների պաշտպանության» մասին, «Ներման մասին» օրենքներին ու գրել, թե չեն կարող տրամադրել ինֆորմացիա մեզ, մինչդեռ մենք տուժող կողմ ենք հանդիսանում այդ գործում»:

Ելենա Աղաջանովան այսօր՝ 20 տարի անց պատմելով 19-ամյա եղբոր սպանության դրվագները, հուզվում էր ու չէր կարողանում շարունակել խոսել. «19-ամյա անչափ բարի տղա, որը գեղեցիկ արտաքինով էր, սպորտսմեն, խելացի, շատ դաստիարակված, մարդկանց հասնող…դաժանորեն սպանված էր: Նրան սպանողները՝ Մհեր Ենոքյանն ու Արամ Հարությունյանը իրենք էին ներկայացել ոստիկանություն, դատապարտվեցին: Մենք դրանից հետո փորձեցինք ապրել: Բայց վերջին 10 տարիների ընթացքում գնում էր մարդասպանի գովազդը ցանցերում, թերթերում ու շարունակվում է մինչեւ այսօր մարդասպանի գովազդը, հերոսացումը: Փորձում են հանրությանը հասցնել այն ինֆորմացիան, որ նա անմեղ է, մինչդեռ կա դատարանի որոշումը, որը միակն է այսօրվա օրով: Մենք դա տեսնում էինք, դա շատ մեծ ցավ էր մեզ պատճառում, բայց չէինք խառնվում, մենք չէինք ուզում հրապարակել մեր վիշտը: Մենք շատ հետաքրքիր բաներ իմացանք մեր ընտանիքի մասին, իմացանք նրա մասին, որ մենք կապված ենք նարկոբիզնեսի հետ, որ մենք մեր փողերով, մեր ծանոթություններով 20 տարի անմեղ մարդուն բանտում պահում ենք, որ մենք շատ լուրջ ազդեցություն ունենք բոլոր 3 նախագահների վրա, որ մենք ազդել ենք Լեւոն Տեր-Պետրոսյանի կնոջ վրա, եւ նա կարգադրել է, որ անմեղ մարդուն մահապատժի դատապարտեն…Այս ամեն ինչը սուտ է, զրպարտություն է, այդ ամեն ինչի համար դատի ենք տալու՝ պահանջելով պատիվ Զարուհի Մեժլումյանից»:

Ելենա Աղաջանովան հարցադրումներ ուներ՝ «Մենք մտածում էինք, իսկ ի՞նչ պատահեց, որ մարդասպանին այսպես են ներկայացնում, ի՞նչ շահ ուներ այդ աղջիկը, որը մարդասպանին բեմ էր հանում: Այս վերջերս բոլորս իմացանք, որ նա մարդասպանի կինն է: Հասկացանք, որ նա ուղղակի դասավորեց իր անձնական կյանքը, պաշտպանում էր իր հարազատին, ինչը լրագրողական էթիկայի խախտում էր»:

Ըստ տիկին Աղաջանովայի, բոլոր նրանք, ովքեր փորձում էին հակադարձել, հալածանքների էին ենթարկվում ինչպես, օրինակ, Նարեկ Մալյանը. «Միակ պաշտոնյան էր Մալյանը, որ լինելով ոստիկանապետի խորհրդական, որ եկավ ու փորձեց իմ ծնողների աչքերի մեջ նայել, հետաքրքրվեց երկրորդ կողմով…Ամեն ձեւով փորձում են լռեցնել նրանց, ովքեր փորձում են իրականությունը հրապարակել»:

Սպանվածի հոր՝ Միխայել Աղաջանովի խոսքով՝ «Եղել է դատական պրոցես, մենք մեր ընտանիքով մասնակցել ենք բոլոր նիստերին, դա այնքան ակնհայտ էր մեր համար, որ մենք ոչ մի վայրկյան չէինք կասկածում ով էր գլխավոր կազմակերպիչը, դա եղել է Մհեր Ենոքյանը: Ես երկուսի համար էլ պահանջել եմ մահապատիժ, ինչպես որոշեց դատարանը՝ ուրիշ գործ է, ասացին, պետք է անպայման տարբերություն լինի կատարողի ու կազմակերպչի միջեւ: Մենք ընդունեցինք դա ու այդ վիշտով ապրում էինք, բայց երբ ժամանակ առ ժամանակ փորձում են արդարացնել այդ հրեշին…ես զարմանում եմ, թե մեր հասարակությունը ինչպես է թույլ տալիս իրեն…երեւի միակողմանի ինֆորմացիա ունեն: Ամենավտանգավոր հանցագործին ուզում են ներկայացնել ներմանը ու կան որոշ մարդիկ, որոնք կողմնակի՞ց են դրան: Այն հասարակությունը, որը այսպիսի հարցեր է քննարկում, այդ հասարակությունը առողջ չի կարող լինել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031