ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը Հայաստանին ու Ադրբեջանին՝ բնակչությանը խաղաղության նախապատրաստելու վերաբերյալ, ինչպես նաև Դավոսում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը վերջին տարիների ամենալավ լուրն են Ղարաբաղյան իրադարձությունների համատեքստում: Haqqin.az-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Քարնեգի» հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը:
Նրա խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում զոհերի թվի աննախադեպը նվազումը նոր պայմաններ են ստեղծում ղարաբաղյան հակամարտության խաղաղության գործընթացն առաջ տանելու համար:
«Դավոսում տեղի ունեցած հանդիպումը որոշակի առումով նույնպես հույս է տալիս ԵԱՀԿ ՄԽ շրջանակում նոր բանակցություններ անցկացնելու, չնայած որ երկար ժամանակ դրանք դադարեցված էին: Համանախագահների՝ բնակչությանը խաղաղության նախապատրաստելու առաջարկը կոչ է ազնվորեն քննարկելու հակամարտող կողմերի միջև հաշտության հասնելու ճանապարհները: Մենք հաճախ ենք լսում «վերևների» դիրքորոշումը, բայց ոչ պակաս կարևոր է «ներքևների» ազնիվ դիրքորոշումը:
Առայժմ մենք չենք լսել հասարակության, քաղաքացիական դաշտի, գիտության և մշակույթի ներկայացուցիչների դիրքորոշումը: Հակամարտության կարգավորման ճանապարհների և հայերի ու ադրբեջանցիների միջև խաղաղ կյանքի ճանապարհների քննարկումը պետք է դուրս գա մարդկանց նեղ շրջանակի սահմաններից: Կարելի է հույս ունենալ, որ Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունները կսկսեն ազնիվ քննարկումներ թշնամանքը վերացնելու և փոխադարձ ընդունելի խաղաղության ուղիներ գտնելու վերաբերյալ»,- ասել է փորձագետը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ