Նիկոլ Փաշինյանը հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում, ըստ նրա, քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությանն առնչվող հարցեր, խոսվել է այդ հարաբերության խորացման կարևորության մասին: Բոլթոնի հետ հեռախոսազրույցի տեղեկությունը հատկապես ուշագրավ է հնչում Դավոսում Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ որոշակիորեն անսպասելի հանդիպման ֆոնին, որ ունեցել էր վարչապետ Փաշինյանը: Եվ այդ հանգամանքում, անշուշտ, շատերը կդիտարկեն Բոլթոնի ռեգիոնալ այցի շրջանակում Երևանում արած հայտարարությունները, որոնք մի շարք դիտարկումների և հարցերի տեղիք էին տվել:
Մյուս կողմից, սակայն, Նիկոլ Փաշինյանը նշում է, որ անդրադարձ չի եղել Արցախի հարցին: Իհարկե, կգտնվեն շատերը, որ չեն հավատա այդ պնդմանը՝ հարցնելով, թե այդ դեպքում ինչո՞ւ պետք է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդականի հետ հեռախոսազրույցը անմիջապես հաջորդեր Ալիևի հետ հանդիպմանը:
Միևնույն ժամանակ հարկ է արձանագրել, որ Ջոն Բոլթոնը իր հայտնի ռեգիոնալ այցից և Արցախի ու Իրանի թեմայով հայտարարություններից հետո Հայաստանում որոշակիորեն ընկալվում է իբրև տագնապահարույց ֆիգուր: Իհարկե, այս իմաստով պետք է արձանագրել, որ բուն խնդիրը, թերևս, հայաստանյան իրողության մեջ է, որտեղ հանրությունը վարժեցվել է տագնապներ, ոչ թե աշխատանքային իրողություններ դիտարկելու ռեժիմի և հոգեվիճակի, ու դա, թերևս, նախորդ քառորդ դարում թե՛ իշխանության, թե՛ ընդդիմությունների գործունեության հետևանքն ու բացթողումն է: Սակայն ներկայումս հարցն այդ իմաստով հանրային օրգանիզմի և մտածողության ախտորոշումը չէ, այլ տեղի ունեցող հետաքրքիր զարգացումները: Սակայն այստեղ է նաև, որ կարևոր է վերանայել մոտեցումների սանդղակն ու գնահատման ռեժիմը առավել արդյունավետության հասնելու համար:
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում