Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարի վստահեցմամբ՝ մեքենաների՝ մեկ անձից գնման ընթացակարգում խախտումներ են եղել
Երեկ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարեց՝ քաղաքապետարանը ձնամաքրման 9 մեքենաները ձեռք է բերել ոչ թե մրցույթով, այլ մեկ անձից գնման միջոցով:
Նախօրեին Երեւանի քաղաքապետարանը հայտարարել է. «Մայրաքաղաքի ձնամաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար Երեւանի քաղաքապետարանը 9 նոր հատուկ տեխնիկա է ձեռք բերել: Մրցույթում հաղթող է ճանաչվել ռուսաստանյան «ԿամԱԶ» ընկերությունը»: Ի պատասխան այս հաղորդագրության՝ Խաժակյանը հայտարարեց. «Ռուսաստանյան «ԿամԱԶ» ընկերությունից 9 մեքենաները ձեռք են բերվել առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով: Մեկ անձից գնման ընթացակարգը եւս տեղի է ունեցել խախտումներով, սակայն այս պահին առաջնային հանգամանքն այն է, որ 9 մեքենաների 414.000.000 դրամի՝ առանց մրցույթի գնումը անընդունելի է եւ սկսել է կրել պարբերական բնույթ»:
Խաժակյանը հրապարակել է քաղաքապետի՝ նոյեմբերի 30-ի կարգադրության լուսանկարը, որտեղ քաղաքապետ Հայկ Մարությանը կարգադրում է բազմաֆունկցիոնալ կոմունալ ճանապարհային մեքենաների ձեռք բերման համար մեկ անձից գնման ընթացակարգը գնահատող հանձնաժողով ստեղծել:
Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն «Առավոտ»-ի հետ զրույցում վստահեցրեց. «Օրենքի խախտում չի եղել, ամեն ինչ եղել է օրենքին համապատասխան: Գնումների մասին օրենքը հնարավորություն տալիս է քաղաքապետարանին կատարել մեկ անձից գնում՝ ըստ անհրաժեշտության»: Իսկ այդ անհրաժեշտությունը, ըստ Կարապետյանի, պայմանավորված է խնդրի հրատապությամբ. «Պետհիդրոմետը նոյեմբերին քաղաքապետարանին փոխանցել է տվյալներ, որ սպասվում է սովորականից ավելի խիստ եւ ձնառատ ձմեռ: Եվ քաղաքապետարանը, հաշվի առնելով «Սանիթեքի» տիրապետած ռեսուրսները, որոնք գնահատել է անբավարար, որոշել է հրատապ կարգով ձեռք բերել լրացուցիչ ուժեր, որպեսզի անկախ «Սանիթեքի» պատրաստվածության աստիճանից՝ ինքն իր, այսպես ասած, անվտանգության բարձիկներով երաշխավորված ձնամաքրման աշխատանքներ կարողանա կատարել: Ձյունը թեեւ ակնկալածից դեռ շատ չէ, բայց ձմեռը շարունակվում է»:
Քաղաքապետի խոսնակը, արձագանքելով Խաժակյանի հայտարարությանը, ասաց. «Պարոն Խաժակյանը բառախաղով է զբաղվում, դրա միջոցով փորձում է տպավորություն ստեղծել, թե քաղաքապետարանը ինչ-որ բան է թաքցնում հանրությունից»:
Ինչ վերաբերում է քաղաքապետարանի հաղորդագրությանը, որտեղ այդ մեքենաների ձեռք բերումը նշված է որպես մրցույթ, որի արդյունքում է «ԿամԱԶ»-ը հաղթող ճանաչվել, Կարապետյանն ասաց. «Այո, քաղաքապետարանի լրատվական ծառայությունն իր տարածած հաղորդագրության մեջ այդպես է գրել: Մենք պետք է խոսենք, որ լրագրողական լեզուն ոչ միշտ է, որ պետք է իրավաբանորեն հստակ եւ կոռեկտ ձեւակերպումներ պարունակի: Մեկ անձից կատարվող գնումն ըստ էության մրցույթ է, որովհետեւ ընթացակարգը թեեւ դասական մրցույթից տարբերվում է, բայց այդ գնման գործընթացին կարող են մասնակցել բազմաթիվ ընկերություններ եւ ներկայացնել իրենց առաջարկությունները: Տվյալ դեպքում «ԿամԱԶ»-ը մասնակցել է ընթացակարգին եւ օրենքով սահմանված կարգով դարձել է այդ մատակարարը»:
Այդ դեպքում արդյոք «ԿամԱԶ»-ից բացի՝ այլ ընկերություններ ձեր նշած ընթացակարգին մասնակցե՞լ են, մեր այս հարցին ի պատասխան՝ Կարապետյանն ասաց. «Ոչ, չեն մասնակցել»: Այսինքն՝ ուղղակի գնում է կատարվել, մեր այս դիտարկմանն էլ Կարապետյանն այսպես արձագանքեց. «Մենք գնահատել ենք «ԿամԱԶ»-ի առաջարկը եւ, այո, կատարել գնում»:
Իսկ արդյոք քաղաքապետարանը փորձե՞լ է շուկայում դրանից ավելի մատչելի մատակարար փնտրել եւ գտնել՝ մեր այս հարցին ի պատասխան էլ Կարապետյանն ասաց. «Մրցույթի մասին տվյալները հրապարակվում են պաշտոնապես, եւ այդ հրապարակմանը կարող են արձագանքել այն ընկերություններն ու այն անձինք, որոնք ուզում են մասնակցել: Քաղաքապետարանն ընտրում է ներկայացված առաջարկներից»: Եվ, ըստ էության, քաղաքապետարանի այդ հայտարարությանն արձագանքել է միայն «ԿամԱԶ»-ը, իսկ քաղաքապետարանը այլ մատակարար չի փնտրել, թեեւ ժամանակ ուներ:
«Քաղաքապետարանը հրատապ կարգով ձեռք է բերել այս ձնամաքրման մեքենաները, բայց քաղաքը շահել է, սրանք բազմաֆունկցիոնալ են, ամառը ջուր են ցանելու, խոզանակով մաքրելու են, եւ սա ներկայացնել ինչ-որ ենթատեքստով, որ իբրեւ թափանցիկության… կամ նույնիսկ սխալ ընթացակարգով անօրինական գործողություն է, չեմ կարծում, որ քաղաքական պայքարի ամենաարդյունավետ միջոցն է»,- ասաց Կարապետյանը:
«Եթե Կարապետյանը նշում է, որ դա քաղաքական շահարկում է եւ բառախաղ, ինձ մոտ հարց է առաջանում՝ երբ իրենք ասում են մրցույթ, բայց իրականում արել են մեկ անձից գնում, եւ որին հայտ ներկայացրել է միայն մեկ կազմակերպություն, սրան մրցույթ համարո՞ղն է բառախաղով զբաղվում, թե՞ նա, ով որ ասում է՝ մրցույթ չի եղել, մեկ անձից գնում է եղել: Գնումների մասին օրենքում հստակ նշված է՝ կամ մրցույթ է, կամ մեկ անձից գնում, երկուսը միասին չի լինում: Սրանք տարբեր ընթացակարգեր են»,- այսպես արձագանքեց Խաժակյանը քաղաքապետի մամուլի խոսնակի գնահատականին: Խաժակյանը նաեւ հավելեց՝ մեկ անձից գնման ընթացակարգում խախտումներ են եղել. «Կառավարության որոշմամբ՝ գնումների կարգով նախատեսված է, որ գնման պահանջը սկսվելու պահից, եթե գնումը հրատապ է, պետք է 40 օրում մատակարարվի գնման առարկան: Այս պահանջը խախտված է: Մեքենաները նշված ժամկետից ուշ են մատակարարվել: Այսինքն՝ հրատապ գնման հիմքը ապահովված չի եղել»:
Խաժակյանը հավելեց. «Մրցույթ կոչել մեկ անձից գնումը՝ որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում, հետեւաբար այստեղ բառախաղ չկա: Եթե խոսնակն ասում է՝ քաղաքական շահարկում ենք անում, նշանակում է՝ ինքը չի ընդունում, որ կարգը խախտել է, իսկ 40-օրյա ժամկետի խախտումը հստակ է»:
Արդյոք այս 414 միլիոն դրամի գնումն իսկապե՞ս հրատապ էր եւ արդարացված, եւ պետք չէ՞ր մի քիչ ավելի ժամանակ տրամադրել ու այլ՝ գուցե ավելի մատչելի մատակարար փնտրել, եւ եթե փնտրեին ու չգտնեին, գնահատականն էլ այլ կլիներ: Այս առնչությամբ Խաժակյանն ասաց. «Համակարգային առումով որքանով է արդարացված՝ առաջիկայում հայտարարություն կանենք: Իսկ եթե մրցույթ չի եղել, չեմ կարող ասել… պետք է մրցույթ լիներ, որպեսզի ծանոթանայինք գնային այլ առաջարկներին»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
23.01.2019