«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում բուժմասի բժիշկների աշխատանքը սկսվում է առավոտյան ժամը 9-ին եւ ավարտվում 18.00-ին:
Դրանից հետո «հաստիք» չկա, որպեսզի կալանավորին անհրաժեշտության դեպքում բուժօգնություն ցուցաբերվի: Եթե, իհարկե, արյունահոսություն, կոտրվածք, ծանր դեպքեր չգրանցվեն: Երեկ այդ մասին որպես վկա հարցաքննված նյարդաբույժ Մանվել Նանայանն ասաց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Շենգավիթի նստավայրում, ուր դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ շարունակվեց արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած խոշտանգման գործով մայոր Արմեն Հովհաննիսյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը:
Կալանավոր Արմեն Աղաջանյանը խոշտանգվել էր, երբ ոստիկանության բաժնից տեղափոխվել էր քրեակատարողական հիմնարկ, աղիները պարկով մարմնին կախ, եւ չբարեւելու, մի դեպքում՝ ՔԿՀ աշխատակիցներին հայհոյելու պատճառով վայրկյաններ հետո:
Վկա բժիշկը տեսել էր երկու այտոսկրերի վարդագույն երանգները, արյունազեղումները, կալանավորն ասել էր, թե խնդիր չունի բժշկի դեմ, ցույց էր տվել մարմնի վրայի պարկը, եւ ասել, թե կարող ես օգնել, դա է միայն:
Սկզբում բժիշկն ասաց, թե խուցը բաց էր, երբ գնացել էր զննելու, ապա հայտնեց, թե հերթափոխի պետը՝ Յուրան ասել է, թե բժիշկ չկա, կալանավորի վրա ուժ են գործադրել, գնա, նայի, եւ դուռը բացել է հսկիչը: Հետո, երբ դատախազը հարցրեց, գիտեր այս դեպքի մասին, նա ասաց, թե լսել է քննիչից:
Նյարդաբույժն ասաց, թե նախկինում էլ ճանաչել է տուժողին, նա ունեցել է հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ, ճանաչել է նաեւ ամբաստանվող սպային, որպես զուսպ անձնավորության: Բժիշկն արձանագրել էր, որ կալանավորը հրաժարվել է, որ իրեն զննի: Հարցին, թե ինչպիսին էր հոգեվիճակը, բժիշկը պատասխանեց. «Իմ նկատմամբ ագրեսիվ չէր, բայց զայրացած էր»: Նա իր նկատածն ու գրառածը հայտնել էր ծառայության եւ հերթափոխի պետերին:
Ի դեպ, նախորդ դատական նիստի ավարտին պարզվել էր, որ վկաներից երկուսը, մասնավորապես՝ բժիշկը ներկա է գտնվել դատական նիստին եւ լսել են նախորդ վկային՝ Հովհաննես Թովմասյանին: Դիրքորոշում արտահայտելով, դատախազն ասաց, թե դատարան ներկայացած երկու վկաների ցուցմունքների վրա չեն կարող ազդել, քանի որ մեկը եղել է դեպքի հաջորդ օրը, իսկ նախորդ վկան էլ կարող էր նույն դատական նիստի մասին իմանալ լրատվամիջոցներից:
Դատավոր Բալայանն էլ նկատեց, որ կունենանք երեւի մի այնպիսի դատարան, որտեղ դատախազն այլ տեղով կմտնի, վկաները այլ սենյակում առանձնացված կլինեն:
Դատարանին դիմել էր տուժողի իրավահաջորդ Արա Ղարագյոզյանը՝ «Ընդդեմ իրավական կամայականության» իրավապաշտպան կազմակերպության փաստաբանը: Նա ասել էր, որ նախորդ նիստից հետո պաշտպան Ղազարովան՝ նախկինում դատախազ, ճնշում է գործադրել վկաների, այդ թվում՝ դատարան ներկայացած վկաների վրա, եւ որ մասնագիտական էթիկան թույլ չի տվել տեսանկարահանել, սակայն դատախազը տեսել է:
Դատախազն իր հերթին «սահուն» հրաժարվեց, հայտնելով, թե ճնշում տեսնելու դեպքում համարժեք գործողությունների կարող էր դիմել, իսկ Ղազարովան էլ ասաց, թե «դատարանի դիմաց ինքը թրեյնիգներ» չէր կարող անցկացնել, եթե նման մտադրություն լիներ, այլ վայրում կարող էր անել:
Հիշեցնեմ, որ 2018թ. մարտի 15-ին Արմեն Հովհաննիսյանը եղել է ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբում եւ ծառայություն է իրականացրել բնակելի գոտում: Ժամը 17:00-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնի աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով, որպես մեղադրյալ ներգրավված, հետախուզման մեջ գտնվող Արմեն Աղաջանյանը, որը մարտի 15-ի լույս 16-ի գիշերը ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Անուշավան Նիկողոսյանի եւ նշված բաժնի եւս երկու աշխատակիցների ուղեկցությամբ տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Մուտք գործելիս՝ մարտի 16-ին՝ ժամը 00:35-ին, Արմեն Աղաջանյանին ընդունել է Արմեն Հովհաննիսյանը: Ըստ գործի նյութերի. «Չբարեւելու համար Արմեն Հովհաննիսյանը դիտողություն է արել Արմեն Աղաջանյանին՝ պահանջելով իրեն կարգի հրավիրել եւ հայհոյանքներ չտալ՝ զգուշացնելով, որ շարունակելու դեպքում կտեղափոխի պատժախուց, ինչին Արմենը հայհոյանք տալով պատասխանել է՝ «չկա մեկը, ով կարող է իրեն տանել պատժախուց»: Արմեն Հովհաննիսյանն Արմեն Աղաջանյանին ուղեկցել է հիմնարկի հավաքակայանում գտնվող խուզարկության կատարման համար նախատեսված սենյակ, ուր ՔԿՀ-ի դեռեւս չպարզված մի խումբ ծառայողների հետ, փոխգնդապետի, ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել Արմենին: Ի դեպ, նրան պատճառվել է առողջությանը թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող՝ աջ եւ ձախ այտային շրջանների, ձախ սրունքի շրջանների քերծվածքների, վերին շրթունքի շրջանի սալջարդ, վերքի ձեւով մարմնական վնասվածքներ»:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ.– Արմենի մայրը մեր այն հարցին, թե որդու ինքնասպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործն ինչ փուլում է, ասաց, դեռ նախաքննությունը շարունակվում է, որոշ ապացույցների համադրումից եզրակացնում է, որ 31-ամյա որդուն սպանել են:
«Առավոտ» օրաթերթ,
23.01.2019