Իրավապաշտպան կազմակերպությունն ահազանգում է
Օրերս «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությանն էր դիմել Երեւանի բնակիչ, կենսաթոշակառու, հաշմանդամ Կամարիկ Գասպարյանը եւ հայտնել, որ 2014 թվականի ապրիլ ամսին իրենց տան բակում անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Ֆրանսիայի Հանրապետությունից տան սեփականաշնորհման հարցերով Հայաստան ժամանած իր տագոր նախկին կնոջ` Հայաստան Գասպարյանի հետ։
Վիճաբանության ընթացքում վերջինս ծեծի էր ենթարկել թոշակառունին, որը չի կարողացել դիմակայել, վատացել է, քանի որ 2013 թվականին սրտի բարդ վիրահատություն է տարել, շտապօգնության մեքենայով նրան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Հիվանդանոց են այցելել ոստիկանության Աջափնյակի բաժնի աշխատակիցները, բացատրություն են վերցրել տուժածից։ Մոտ 20 օր ստացիոնար բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից։
Այնուհետեւ տիկին Կամարիկին հրավիրել են ոստիկանության Աջափնյակի բաժին, բացատրություն եւ ցուցմունք են վերցրել նրանից, հարուցվել է քրեական գործ, նրան ճանաչել են տուժող, կասկածյալի նկատմամբ ներկայացվել է մեղադրանք, կիրառվել բնակավայրից չբացակայելու վերաբերյալ խափանման միջոց։
Սակայն մինչ այդ կասկածյալ Հայաստան Գասպարյանը հեռացել է իր բնակավայրից եւ վերադարձել Ֆրանսիա։
Դեպքից անցել է ավելի քան 4 տարի, մինչ այժմ կասկածյալը չի հայտնաբերվել եւ ներկայացվել նախաքննության մարմնին։
2018 թվականի վերջին ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակի քննչական բաժնից նորից են հրավիրել տուժողին եւ հայտնել, որ քրեական գործում նոր ի հայտ եկած հանգամանքներ կան, նոր վկա, որը ցուցմունք է տվել այն մասին, որ քրգործով տուժող ճանաչված Կամարիկ Գասպարյանն է նախահարձակ եղել Հայաստան Գասպարյանի վրա, իսկ վերջինս ընդամենը փորձել է պաշտպանվել։ Հետո պարզ է դարձել, որ նոր վկան նույն կասկածյալի տնվորն է եւ մինչ այսօր վարձով բնակվում է Երեւանում նրան պատկանող սեփական տանը։ Գործում որպես վկա ներգրավված այս աղջիկը, ըստ դիմումատուի, դեպքի օրը դեպքի վայրում չի եղել եւ դեպքին ականատես չի եղել։
Օրերս կրկին քննիչը մի քանի անգամ քննչական բաժին է հրավիրել տիկին Կամարիկին, եւ փորձել պնդել, որ վերջինս բողոքը հետ վերցնի, մեկնաբանելով` «միեւնույն է՝ նա համաներմամբ ազատվում է»։
Տուժողը բողոքը հետ չի վերցրել եւ պահանջել է հայտնաբերել եւ կատարած հանցանքի ու փախուստի համար համարժեք պատասխանատվության ենթարկել մեղավորին։
Վերլուծելով դիմումով մեզ հասած տվյալները՝ կարելի էր ենթադրել, որ նախաքննության մարմինը փորձում է խեղաթյուրել փաստերը եւ մեղավորին արդարացնել։ Առկա են կոռուպցիոն ռիսկեր, հրավիրում եմ պատկան մարմինների ուշադրությունը նշված փաստի վրա։
Մնում է անհասկանալի, թե նախաքննության մարմինը ինչպես է համաներում փորձում կիրառել նախաքննությունից թաքնված եւ հետախուզման մեջ գտնվող անձի նկատմամբ։
ԽԱՉԻԿ ՄԱՐՈԶՅԱՆ
«Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ
«Առավոտ» օրաթերթ,
23.01.2019