Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորը «սահադաշտ» ունի (Ֆոտոշարք)

Հունվար 23,2019 22:44

Մի քանի ամիս է Վանաձորի պետական պոլիտեխնիկական քոլեջի դասախոսական կազմն ու ուսանողները վախով են հասնում հաստատություն: Բանն այն է, որ քոլեջի բակ տանող ճանապարհը վերածվել է իսկական «սահադաշտի»:

Պատճառն այն է, որ արդեն երկար ժամանակ է քոլեջին հարող տարածքից ջուրը հոսելով լցվում է ուսումնական հաստատության բակ տանող ճանապարհ, այն դարձնելով անանցանելի. «Ջուրը պարալիզացրել է մեր հիմնարկի անցուդարձը: Մեքենաները չենք կարողանում այստեղ շահագործել: Շատ տհաճ դեպքեր են լինում, մեքենաները գալիս բախվում են այս երկաթե սյուներին: Մարդիկ սայթաքում վայր են ընկնում»,- ասում է քոլեջի փոխտնօրեն Վիլյամ Սարոյանը:

Նշված ճանապարհից օգտվում են նաեւ թաղամասի բնակիչները: Եթե մինչ վերջերս նրանք դժգոհում էին, որ թաղամասը ջուրը ստանում է մի քանի ժամ գրաֆիկով, հիմա հակառակը, ուրախ են, քանի որ յուրաքանչյուր անգամ ջրի գրաֆիկի հետ ավելի է մեծանում տարածքն ավելի մեծ սահադաշտի վերածվելու հավանականությունը. «Բացի քոլեջում աշխատելը, նաեւ այս թաղամասի բնակիչ եմ: Խնդիրները պարբերաբար առաջանում են, հիմնականում ձմռան ամիսներին, պարզապես հիմա շատ երկար տեւեց: Մեզ մոտ ջուրը գրաֆիկով է, եթե մշտական լիներ ամբողջ օրը հոսելու էր այս ջուրը: Տարածքը վերածվել է սահադաշտի: Որքանով տեղյակ եմ՝ սարի տակ ջրամբար կա, այդտեղ վթար է առաջացել, որի հետեւանքով խնդիրը միշտ առաջանում է: Մեր ուսանողները կամ թաղամասի բնակիչներն ունենում են լուրջ խնդիրներ: Քանի անգամ սայթաքել ենք, ուղղակի բախտի բերմամբ լուրջ վնասվածքներ չենք ստացել: Մեկս մյուսին օգնելով գալիս գնում ենք: Ինչքա՞ն կարելի է՝ ամեն օր թեփ, մոխիր շաղ տալով փորձենք հարցին մի փոքր լուծում տալ: Մի քանի տարի առաջ սառածի պատճառով ավտովթար եղավ: Ուղղակի այս տարի եղանակները բարենպաստ էին, այդքան ձյուն չեկավ, սառույցն էլ մի քիչ շուտ հալվեց»,- ասում է քոլեջի արտադրական ուսուցման վարպետ Արամ Ղարագյոզյանը:

Տեսնելով, որ խնդրին սեփական ուժերով լուծում տալ հնարավոր չէ, աշխատակիցները բազմաթիվ անգամներ դիմել են «Վիոլա ջուր» ընկերությանը, սակայն մինչ օրս ոչինչ չի փոխվել. «Մենք էլ, բնակիչներն էլ, տարածքում առկա խանութի աշխատակիցներն էլ զանգել ենք «Վիոլա ջրին», ասել են Վանաձորից կարձագանքեն: Պատասխանեցին, որ իրենք այս ուղղությամբ աշխատում են, կփորձեն վերացնեն: Բայց ոնց տեսնում ենք՝ խնդիրը լուծում չունի, կամ ունի՝ քայլեր չեն ձեռնարկում: Մեկ լիտր ջրի համար բնակչին 200.000 դրամ տուգանում են, բայց հիմա, որ հարյուրավոր լիտրերով ջուրն այսպես գնում է, ոչինչ չեն անում, ափսոս է»,- ասում է Արամը:

Նշված տարածքից ջուրը հոսելով հասնում է նաեւ գլխավոր ճանապարհ: Այստեղ եւս որոշակի հատված սառած է, որը խնդիրներ է առաջացնում վարորդների համար, հաճախ ստեղծելով վթարային իրավիճակ. «Ամեն պահի հնարավոր է վթարային իրավիճակներ ստեղծվեն: Բարձրանում էի, սառածի պատճառով մեքենան հետ գնաց, հետեւից էլ մեքենաներ էին անցնում, հնարավոր էր, որ վթարներ լիներ: Իսկ պատասխանատուն ո՞վ պետք է լինի, իհարկե՝ չկա: Դիմում ենք, ոչինչ չեն անում, նույնիսկ իրենց գործը չեն անում, թողնում են, որ իրենց պարտականություններն էլ մենք անենք»:

Իրավիճակը ուսումնական հաստատությանը պատճառել է նաեւ նյութական վնասներ. «Մեր պահեստները գտնվում են շենքի հետնամասում եւ հիմա ամբողջությամբ լցված են ջրով: Բացի նյութական վնասից նաեւ մենք ենք տուժում: Փորձում ենք գտնել ավելի հուսալի տարբերակ, որպեսզի հասնենք քոլեջ»,- ասում է գլխավոր հաշվապահ Գայանե Հունանյանը:

Գարնանը՝ ցեխը, իսկ ձմռանը սառույցը հաղթահարելով քոլեջի 236 ուսանող ու 50 աշխատակիցներ մի կերպ հասնում են հաստատություն. «Ահավոր իրավիճակ է: Ձմռանը սառցակալում է, իսկ տաք եղանակներին ամբողջ տարածքը հեղեղվում է: Ամռան կեսին ուսանողները քոլեջ են գալիս՝ ցեխոտ, կեղտոտված, հիգիենան չի պահպանվում: Մեր ամբողջ բակը ցեխի մեջ կորչում է»,- ասում է գանձապահ-հաշվետար Լաուրա Քաշանյանը:

Առաջիկայում Aravot.am-ը խնդրի հետ կապված կներկայացնի նաեւ «Վիոլա ջուր» ընկերության պարզաբանումը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031