Այսօր «Սասնա ծռերի» գործով դատական նիստին որոշում կայացվեց տուժողներից մեկին բերման ենթարկել, քանի որ նա հրաժարվում է գալ դատարան ու ցուցմունք տալ: Նիստից հետո ՊՊԾ գունդը գրաված Պավլիկ Մանուկյանը՝ Ապարանցի Պավլիկը, Aravot.am-ի հետ զրույցում հարցին, թե ըստ նրա, տուժողներն ինչո՞ւ են հրաժարվում գալ դատարան՝ պատասխանեց՝ որովհետեւ «ֆիկտիվնի» են, տուժող չեն:
Նրա խոսքով՝ «Դուք լսե՞լ եք պատանդը, որ ասի՝ գլուխս ցավում էր, թափ տվի ձեռս, գնացի: Դուք էդ ո՞նց եք պատկերացնում: Էս ի՞նչ պատանդից են խոսում, էս ի՞նչ դատավարությունից են խոսում: Պայթացրել են ոտ, ձեռներս կարճացրել են՝ էդ մասին չի ասվում…: Ո՞նց է լինում, որ հանդիպում ենք, պայմանավորվածություն ենք ձեռք բերում 15 օրից մեկամսյա ժամկետում, մեկ էլ հաջորդ օրը խփում, գցում են, ըտենց ո՞նց կլինի…Պետության ներկայացուցիչը, անվտանգության ծառայության տնօրեն…կադրերը կան, մենք նստած տեղներս խփում գցում են»:
Պավլիկ Մանուկյանին հարցրեցինք՝ վերանայե՞լ է իր դիրքորոշումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին՝ հաշվի առնելով, որ ըստ հրապարակված ձայնագրության, ՊՊԾ գնդի գրավման օրերին Պավլիկ Մանուկյանն ասել էր՝ «Ժողովրդին ասա՝ Նիկոլին շպրտեք զիբիլի վեդրոն…վեդրո ճարեք: Տղեքին ասա, որ Նիկոլին չլսեն…Զուրաբյանին ու Նիկոլին մի լսեք, ասի՝ զիբիլի վեդրո ճարեք՝ Նիկոլին գցեք մեջը: Մի բան տվեք գանգին՝ չերեւա»:
Պավլիկ Մանուկյանը պատասխանեց. «Ես Նիկոլին աղբանոց ինչի՞ համար եմ ասել նետեք, ասել եմ՝ թողեք, էս ժողովուրդը մի անգամ հաղթանակ տանի, մի՛ սեփականաշնորհեք, ժողովուրդը մեկ անգամ զգա իր ուժը: Ասել եմ՝ էդ կուսակցական դրոշները խոնարհեք, չպիտի՛ լինի կուսակցական դրոշ»: Հարցին՝ խանգարո՞ւմ էր Փաշինյանն այն ժամանակ, որ ժողովուրդը հաղթանակ տանի՝ Պավլիկ Մանուկյանը պատասխանեց. «Իհարկե, խանգարում էր: Մենք կուսակցության անո՞ւն ենք տալիս, քանի՞ անգամ ասինք՝ բոլոր կուսակցական դրոշները խոնարհեք, վսյո՛, կուսակցականով չի լինի: Էդ նեղ մաջալին քառսունքը չլրացած ՔՊ-ի, ասում են՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միակ ընդդիմադիր կուսակցությունն է, այ քեզ բան…Էդ կուսակցություններն առանց էդ էլ ժողովրդի կյանքը կերան, բոլ է, էլի: Գնա ընտրությունների ժամանակ ինչ ուզում ես արա: Էն ժամանակ ասե՞լ եմ՝ ապստամբել եմ, հիմա էլ եմ ասում, դատարանում էլ եմ ասել՝ պետք լինի՝ էլի եմ ապստամբելու»:
Պավլիկ Մանուկյանը համաձայն չէ, որ հեղափոխություն է եղել մեր երկրում. «Ով ինչ ուզում է ասի, ի՞նչ հեղափոխություն, տեղափոխություն է: Հեղափոխություն է՝ մենք բանտերում ենք, Մանվելը, մյուս հանցագործները…ցեղասպան, ոճրագործ Սերժը…ես ո՞նց մեկնաբանեմ»:
Հարցին՝ գոնե ձեր վրա չադրադարձա՞վ հեղափոխությունը, եթե հեղափոխություն չլիներ, դուք հիմա ազատության մեջ չէիք լինի՝ Պավլիկ Մանուկյանը պատասխանեց. «Ես ճիշտն ասած ոչ էլ տրամադրված եմ, ինձ կուզեք հենց հիմա էլ գնդակահարեք՝ աչքերս չեմ թարթի: Ես ժողովրդի համար եմ ապստամբել, Մարտական խաչ եմ վերցրել, իմ խաչն իմ ժողովրդի մեջ է: Ես դրա համար եմ հերոսացել պատերազմի դաշտում, եթե չկա իմ ժողովուրդը, գողացել ես նրա դեմքի ծիծաղը, ես հո բա՞ն չեմ էդ կախեմ դոշիս կապիկի պես ման գամ, թքա՛ծ ունեմ ամեն տեսակի պարգեւի վրա: Իմ պարգեւը իմ ժողովուրդն է»:
Մեր դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ հիմա մարդկանց դեմքին ժպիտ է եկել, չե՞ք տեսնում այդ ժպիտը՝ Պավլիկ Մանուկյանը պատասխանեց. «Որտե՞ղ, աճպարարություն չեմ սիրում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ