Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայտարարություններ արվել են, բայց կառավարությունը դեռեւս ժամանակ չի ունեցել այդ հայտարարությունները կոնկրետ գործերով ամրապնդել». Վազգեն Սաֆարյան

Հունվար 23,2019 19:40

«Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանի դիտարկմամբ, հեղափոխությունը Հայաստանի տնտեսությանը չի հասել:

«Հայտարարված տնտեսական հեղափոխություն պետք է լինի ասելով պատկերացնում ենք՝ այդ հեղափոխությունը պետք է հայտարարի՝ ինչպիսի տնտեսական քաղաքականություն է վարվելու, արդյոք վարվելու է պետություն- մասնավոր տիրում: Արդյոք պետությունը կարգավորելու է տնտեսությունը, արդյոք ստեղծվելու է արդյունաբերության գործերը համակարգող նախարարություն, արդյոք արդյունաբերության մասին ընդունված հայեցակարգը վերածվելու է օրենքի եւ նման խնդիրներ, որոնք վերաբերում են արդյունաբերությանը»,- Aravot.am-ին ասաց Վազգեն Սաֆարյանը:

Նա հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանը չպետք է դառնա հումք արտահանող երկր, բայց պետք է մեր հումքը օգտագործենք մինչեւ պատրաստի արտադրանքի աստիճանի, որը նպաստի տեղական արդարադատությանը. «Նման հայտարարություններ արվել են, բայց կառավարությունը դեռեւս ժամանակ չի ունեցել այդ հայտարարությունները կոնկրետ գործերով ամրապնդել:

Այդ հայտարարություններից հետո կոնկրետ գործողություններ պետք է լինեն, որոնք կապացուցեն, որ տնտեսական քաղաքականությունը պետք է դառնա բարեփոխիչ գործառույթների շարունակություն: Այսօրվա դրությամբ, արդյունաբերությունն ու տնտեսական գործառույթները իներցիոն բնույթ են կրում, այսինքն, շարունակվում է այն, ինչ կա, արմատական քայլեր բարեփոխման ուղղությամբ չեն արվում»:

Ըստ նրա, մինչդեռ տնտեսությունում լուրջ արմատական փոփոխություններ էին սպասվում, հատկապես պետական հատվածի եւ մասնավոր բիզնեսի փոխգործակցության հաշվին։ Պետությունը պետք է մասնավոր բիզնեսի հետ համագործակցեր այն ոլորտներում, որտեղ կարելի է բեկում սպասել, որը կարող էր մեր տնտեսության համար հետագա աճ ապահովել, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ:

Անդրադառնալով մարզպետների իրենք իրենց ու աշխատակիցներին տված շռայլ պարգեւավճարներին՝ Վազգեն Սաֆարյանը կարծիք հայտնեց՝ եթե չլինեին օպտիմալացման արդյունքում տեղի ունեցող կրճատումները եւ նման գործընթացներ չգնային, պարգեւատրումները հասկանալի կլինեին. «Բայց կրճատումների ֆոնին, երբ մի կողմից կրճատում են, մյուս կողմից որոշ մարդկանց խրախուսում, նման գործողությունները հանրության կողմից չեն ընկալվում: Սա մի տեսակ սոցիալական անարդարության մասին է խոսում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031