Լրահոս
Օրվա լրահոսը

Սաշիկ Սարգսյանը արագաչափերի բիզնես չի ունեցել. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Հունվար 23,2019 19:20

parliamentmonitoring.amՀարցազրույց ՃՈ պետի նախկին տեղակալ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ

-Դուք այժմ մի իշխանության մեջ եք, որը դեմ էր ճանապարհներին արագաչափեր ու տեսախցիկներ տեղադրելուն: Նիկոլ Փաշինյանը կտրականապես դեմ էր դրան: Դուք, որպես ոլորտի մասնագետ, արդարացված համարո՞ւմ եք այդ դիրքորոշումը:

-Մարդկային գործունեության բոլոր ոլորտներում ավտոմատիզացման պրոցեսն անխուսափելի է: Դրա դրսևորումն են նաև տեսահսկման սարքերը, որոնք արդյունավետ են, քան տվյալ տարածքում մարդկային ուժի կիրառումը: Այդ սարքավորումների կիրառման արդյունքում բավականին լավ արդյունքներ ենք ունեցել: Այո, ես այդ համակարգին անցնելու հարցում լուրջ դերակատարում եմ ունեցել և փորձելու եմ ավելի զարգացնել համակարգը: Կարծում եմ, որ Հայաստանի վարչապետը դեմ է եղել ոչ թե այդ համակարգին, այլ տուգանքների կիրառման պրակտիկային: Իշխանության գալով այդ պրակտիկան էապես փոխվեց, մեղմացվեց: Բացի դա, կլինեն օրենսդրական նախաձեռնություններ, որոնք էապես կնվազեցնեն տուգանքների չափերը, կկիրառվեն տուգանային միավորներ, որոնք կբարձրացնեն ճանապարհային երթևեկության անվտանգությունը և, որպես երկրորդական էֆեկտ, կնվազեցվի սոցիալական բեռը: Այս ամենը կլինի վարչապետի հանձնարարությամբ: Բացի այդ, աննախադեպ քայլ կատարվեց՝ 13 մլրդ դրամի տուգանք համաներվեց:

-Ասում եք՝ ավտոմատացված համակարգի զարգացումն անխուսափելի է. ուրիշ ի՞նչ նոր քայլեր են իրականացվելու:

-Ճանապարհային ոստիկանության կառուցվածքը փոխվելու է: Լուրջ բովանդակային փոփոխություններ են իրականացվելու: Ճանապարհային ոստիկանության հիմքի վրա կստեղծվի հասարակական անվտանգության ոստիկանություն, ժողովրդական լեզվով ասած՝ պարեկային ոստիկանություն:

-Այսինքն Ճանապարհային ոստիկանություն չի՞ լինելու:

-Ոչ, Ճանապարհային ոստիկանություն, որպես այդպիսին, չի լինելու, լինելու է հասարակական անվտանգության ոստիկանություն, որի գործառույթների մեջ կմտնի բոլոր իրավախախտումներին, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության խախտումներին արձագանքելը: Սա մեծ փոփոխություն է: Շուտով այս հարցով քննարկումներ կլինենին նաև Ազգային ժողովում:

-Դուք տուգանքների համաներումը համարում եք ճի՞շտ քայլ …

-Իհարկե, նախաձեռնողներից մեկն էլ ես եմ եղել:

-Բայց շատերը պնդում են, որ պետության կողմից այդ քայլը նպաստեց, որ շատ վարորդներ մնան նույն օրինախախտը:

-Համաներման հետ բացարձակ կապ չունի վարորդների որոշ խմբի սանձարձակ լինելը: Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում վարորդների ավելի քան 85%-ը բավականին կարգապահ են և տարեկան կատարում են մինչև 5 խախտում: Մենք խնդիր ունենք վարորդների 1-2%-ի հետ, որոնք օգտվում են ոչ թե համաներումից, այլ այն հանգամանքից, որ տուգանքների կիրառման պրակտիկան շատ է մեղմացվել այսօր:

-Պարոն Խաչատրյան, նախկին ընդդիմությունը հայտարարում էր, որ արագաչափերի բիզնեսը պատկանում է Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանին: Դա ճի՞շտ էր:

-Ամբողջ տեսախցիկների համակարգը՝ գույքով, տեխնիկական միջոցներով, պետության սեփականությունն է շատ վաղուց, դեռևս 2013 թվականից: Որպես ծառայության մատուցում՝ դա հանձնարարվել է «Սեքյուրիթի դրիմ» կազմակերպությանը և որևէ մեկի սեփականությունը չէ: Այդ ամբողջ գույքը պատկանում է պետությանը և այդ գործառույթը իրականացվում է պետության կողմից: Սա ոչ մեկի բիզնեսը չէ:

-Այսինքն, հերքո՞ւմ եք հայտարարությունները, թե Ալեքսանդր Սարգսյանն առնչություն ունի այդ ամենին:

-Այո:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031