Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյան. «Այցելեք 1-2 հիվանդանոց եւ տեսեք, թե ինչքան երեխաներ կան հատկապես գանգուղեղային տրավմաներով»

Հունվար 23,2019 17:56

Այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ օրենսդրական նախաձեռնությանը, որը վերաբերում է երթեւեկության ժամանակ երեխաների անվտանգությանը: Այս նախաձեռնությամբ նախատեսվում է որոշակի տարիքի երեխաներին մարդատար կամ այլ տեսակի ավտոմոբիլային տրանսպորտային միջոցով տեղափոխելու դեպքում պարտադիր օգտագործել «քարսիթ», այսինքն՝ երեխաների անվտանգությունն ապահովող հատուկ միջոց: Այս նախաձեռնությունը սոցցանցերում քննարկվեց, կարծիքներ կային, թե սա ինչ-որ մեկի համար նախատեսվող շահավետ բիզնես է եւ այլն:

Ինչ-որ մեկի բիզնեսին այս նախաձեռնությունը ծառայեցնելու մասին կարծիքներին, Թորոսյանն այսպես արձագանքեց. «Ջրի վաճառքն էլ է շատ շահավետ բիզնես, բայց շատ կարեւոր է մեր առողջության եւ ընդհանրապես կյանքի համար»:

Ինչ վերաբերում է օրենսդրական նախաձեռնությանն, ապա Թորոսյանն ասաց. «Եթե կարդային նախագիծն, ապա կտեսնեին, որ գրված է՝«մինչեւ 7 տարեկան երեխաների փոխադրումը թեթեւ մարդատար ավտոմոբիլում եւ բեռնատար ավտոմոբիլի խցիկում, որոնց կառուցվածքում նախատեսված է անվտանգության գոտիներ եւ մանկական պահող համակարգ, պետք է իրականացվի երեխայի քաշին եւ հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի օգտագործմամբ: Իսկ 7-12 տարեկանների համար կամ իրենց քաշին եւ հասակին համապատասխան՝ պահող համակարգի կամ ամրագոտու միջոցով: Այս հարցը օրենքի նախագծում հստակ գրված է եւ տարընթերցման տեղիք չկա»:

Օրինագիծն, ըստ Թորոսյանի, միտված է միայն մանկական տրավմատիզմի եւ մահացածության մակարդակի նվազեցմանը.«Այլ տարբերակ պարզապես չի կարող լինել: Մենք անցյալ տարվանից սկսել ենք հավաքել մանկական մահացության եւ տրավմատիզմի վիճակագրությունը, բայց նույնիսկ ամբողջ հանրապետության համար չունենալով այդ թվերը, համաշխարհային վիճակագրությամբ՝ մինչեւ 4 տարեկան երեխային ճիշտ «քարսիթի» մեջ դնելը իջեցնում է 50 % -ով տրավմատիզմը, եթե դա դիմացի նստատեղին դրված «քարսիթ» է: Իսկ եթե հետեւի նստատեղին է տրված՝ 80% է նվազեցնում: Թվերը շոկային են: Ես համարում եմ, որ մենք պետք է շատ հետեւողական լինենք այս հարցում եւ ոչ միայն օրենքում փոփոխություններ անենք, այլեւ հետեւենք այդ օրենքի կիրառմանը: Սա պետության պոզիտիվ պարտականություններից է՝ պաշտպանել նաեւ մանկահասակ երեխաներին, անկախ նրանից, ծնողը հասկանո՞ւմ է վտանգը երեխայի՝ առանց ամրագոտու երթեւեկելը, թե՞ ոչ: Եթե թողնենք նրանց հայեցողությանը, կունենանք այն, ինչ ունենք հիմա: Եթե ունեք ժամանակ, այցելեք Երեւանի 1-2 հիվանդանոց եւ տեսեք, թե ինչքան են ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժած երեխաներ լինում, հատկապես գանգուղեղային տրավմաներով, հատկապես «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031