Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը եւ Մարտուն Մաթեւոսյանը բացատրություններ են տվել քննչական կոմիտում

Հունվար 23,2019 17:51

Օրեր առաջ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը քննչական կոմիտե է հրավիրվել եւ բացատրություն տվել Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում հայտնաբերված ենթադրյալ կոռուպցիոն դրսեւորումների վերաբերյալ։ Այս տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Հովիկ Աբրահամյանից բացի, ՔԿ–ում նույն գործի շրջանակում բացատրություններ են տվել նաեւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը եւ Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգելդյանը: Նյութերի նախապատրաստման փուլում բացատրություն է տվել նաեւ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մանուկ Վարդանյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ անտառային ֆոնդի հողերից ավելի քան 50 հեկտար հողատարածքի սեփականաշնորհման ընթացքում պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ։

«Հետք» տեղեկատվական կայքում 2018թ. սեպտեմբերի 28-ին հրապարակվել էր «Պաշտոնյաները Ծաղկաձորում 60 հա անտառ են սեփականաշնորհել» վերտառությամբ նյութ, որտեղ մատնանշված հանգամանքներն ստուգելու արդյունքում տվյալներ են ձեռք բերվել առերևույթ կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ. «Մասնավորապես՝ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ՀՀ կառավարության՝ 2007 թվականի ապրիլի 5-ի թիվ 422-Ն որոշման 2-րդ մասի համաձայն՝ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անտառային ֆոնդի հողերից 50.48 հեկտարից 36.48 հեկտարը փոխադրվել է բնակավայրերի հողերի կատեգորիա` խառը կառուցապատման համար, և անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել համայնքին, իսկ 14.0 հեկտարը՝ հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա` հանգստի կազմակերպման համար: Մինչդեռ ՀՀ անտառային օրենսգրքի 4-րդ հոդվածի համաձայն՝ պետական անտառները և անտառային հողերն ընդհանրապես ենթակա չեն օտարման, այդ թվում՝ համայնքներին:

Բացի այդ, անթույլատրելի էր նաև հողերի կատեգորիայի նշված փոփոխությունը, քանի որ ՀՀ հողային օրենսգրքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ խառը կառուցապատման հողեր են համարվում բնակելի, հասարակական կառուցապատման, ընդհանուր օգտագործման հողերի այնպիսի համադրությամբ կազմավորված տարածքները, որտեղ դրանցից որևէ մեկը գերակշիռ նշանակություն չունի, իսկ նույն օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանգստի համար նախատեսված հողեր են համարվում բնակչության հանգստի կազմակերպման, զբոսաշրջության, ֆիզիկական դաստիարակության և սպորտային գործունեության կազմակերպման համար նախատեսված ու օգտագործվող հողամասերը, որպիսին անտառային ֆոնդի հողերը չեն հանդիսանում»:

Ըստ հաղորդագրության՝ «Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ՝ ՀՀ կառավարության՝ 2007 թվականի ապրիլի 5-ի թիվ 422-Ն որոշման ընդունման ընթացքում մի շարք պաշտոնատար անձանց՝ ՀՀ Կոտայքի նախկին մարզպետի, մարզպետարանի հողաշինության բաժնի պետի, ՀՀ տարածքային կառավարման նախկին նախարարի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահի և այլ գերատեսչությունների ղեկավարների կողմից, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու վերաբերյալ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ուստիև՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով»:

Orer.am-ի թղթակիցը կապ է հաստատել Հովիկ Աբրահամյանի հետ: Նա նշել է, որ ինքը մատնանշված տարածքում հողակտոր չունի և որ նման տեղեկությունները հերթական հերյուրանքն են իր հասցեին: Աբրահամյանը Քննչական կոմիտե հրավիրվել է ոչ թե որևէ հողատարածքի՝ իրեն պատկանելու կամ չպատկանելու շուրջ բացատրություններ տալու, այլ ուղղակի պարզաբանելու, թե ինչպես և ինչ նպատակով է կայացվել կառավարության որոշումը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031