Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության հայտարարությունը աշխատողի պարգևատրման չափի մասին տեղեկությունն անձնավորված հրապարակելու վերաբերյալ

Հունվար 23,2019 17:28

Վերջին օրերին ակտիվ քննարկվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց աշխատողներին տրամադրած պարգևատրումների վերաբերյալ տեղեկությունները անձնավորված ձևով հրապարակելու կամ չհրապարակելու իրավաչափության վերաբերյալ հարցը: Ընդ որում, ի թիվս այլնի՝ հարցը քննարկվում է նաև աշխատողների անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից:

Ելնելով վերոգրյալից և հիմնվելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ խորհրդատվություն տալու և տվյալների մշակման լավագույն փորձի մասին իրազեկելու ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության լիազորությունից՝ հարկ ենք համարում ներկայացնել աշխատողների անձնական տվյալներն այլ անձանց փոխանցելու (Օրենքի իմաստով անձնական տվյալների փոխանցում է համարվում ինչպես այլ անձանց տրամադրելը, այնպես էլ անձնական տվյալները հրապարակելը) վերաբերյալ գործող օրենսդրության կարգավորումները:

Այսպես, նախ հարկ է նշել, որ աշխատողին տրամադրվող պարգևատրումների հարցը գտնվում է աշխատող-գործատու հարաբերությունների շրջանակում, հետևաբար գործ ունենք աշխատանքային հարաբերությունների և աշխատողի անձնական տվյալների հետ: Իր հերթին «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը  սահմանում է անձնական տվյալների մշակման ընդհանուր սկզբունքները և կանոնները: Ուստի, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքից բացի անհրաժեշտ է խնդրո առարկա հարցը դիտարկել նաև աշխատողների անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ ՀՀ աշխատանքային օրենսգրքի կարգավորումների լույսի ներքո:

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ անձնական տվյալներն օրինական մշակելու հիմքերից են ինչպես անձի համաձայնությունը, այնպես էլ այլ օրենքներով ուղղակիորեն նախատեսված լինելը: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 134-րդ հոդվածի համաձայն՝ «Աշխատողի անձնական տվյալները փոխանցելիս գործատուն պարտավոր է պահպանել հետևյալ պահանջները. 1) աշխատողի անձնական տվյալները չհայտնել երրորդ անձանց` առանց աշխատողի գրավոր համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է աշխատողի կյանքին և առողջությանը սպառնացող վտանգը կանխելու համար, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում. (…)»:

Վերոնշյալից բխում է, որ որպես ընդհանուր կանոն՝ աշխատողի անձնական տվյալները այլ անձանց փոխանցելիս, այդ թվում՝ հրապարակելիս, գործատուն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 134-րդ հոդվածի պահանջին համապատասխան պետք է առաջնորդվի աշխատողի կամահայտնությամբ և առանց նրա գրավոր համաձայնության նրա տվյալները չփոխանցի այլ անձանց, բացառությամբ եթե այլ օրենքներով այլ բան է նախատեսված: Արդյունքում, օրենսգիրքը չի սահմանում միմիայն աշխատողի գրավոր համաձայնությամբ նրա անձնական տվյալները հրապարակելու իմպերատիվ կանոն, այլ թույլ է տալիս բացառություն, այն է՝ առանց աշխատողի համաձայնության նրա անձնական տվյալների հրապարակումը թույլատրվում է, եթե նախատեսված է օրենքով և հակառակը՝ եթե որևէ օրենքով սահմանված չէ աշխատողի անձնական տվյալների հրապարակումը, ապա պետք է առաջնորդվել նրա համաձայնությամբ:

Հաշվի առնելով քննարկվող հարցի հասարակական հնչեղություն՝ը հարկ ենք համարում նաև ընդգծել, որ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կողմից աշխատավարձերի և պարգևավճարների վերաբերյալ տարբեր մարմիններին տրված խորհրդատվությունները վերաբերում են աշխատողի անձնական տվյալների մշակման ընդհանուր կանոններին և չեն կարող մեկնաբանվել որպես քննարկվող որևէ դեպքում տվյալների հրապարակման կամ չհրապարակման իրավաչափության վերաբերյալ եզրակացություն (Գործակալությունը անձնական տվյալների մշակման իրավաչափությունը քննում է վարույթի շրջանակներում, իսկ քննարկվող որևէ դեպքի կապակցությամբ հարուցված վարույթ չկա): Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում կախված գործատուի կարգավիճակից, աշխատողի կարգավիճակից, աշխատողի տվյալները պահանջողի կարգավիճակից կամ փոխանցման դեպքից՝ պետք է վերհանել վերաբերելի օրենսդրությունը և պարզել՝ արդյոք տվյալ դեպքում օրենքով սահմանված է գործատուի իրավունքը կամ պարտականությունը հրապարակելու աշխատողի անձնական տվյալները, թե սահմանված չէ և պետք է առաջնորդվել աշխատողի համաձայնությամբ:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031