Լրահոս
Օրվա լրահոսը

22-ամյա Արգիշտի Բրոյանը Սուրենավանում 3 հոգու հրազենային վնասվածքներ էր հասցրել ոչխարների համար վեճի պատճառով

Հունվար 23,2019 17:14

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողները Սուրենավան գյուղի տարածքում հնչած կրակոցների հետքերով են գյուղի անասնագոմերից մեկի մոտ եկել։

Հունվարի 22-ին՝ ժամը 16-ն անց 30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից բաժին հաղորդել էին, որ անասնագոմի տարածքում հնչած կրակոցների հետևանքով վիրավորներ կան։ Արարատի ոստիկանները պարզեցին, որ դեպքի վայր ժամանած շտապօգնությունը «Արարատ» բժշկական կենտրոն է տեղափոխել Սուրենավանի երեք բնակչի, որոնք 30, 35 և 47-ամյա տղամարդիկ են։ Նրանց մոտ ախտորոշվել էին հրազենային վնասվածքներ։

Դեպքի վայրում հայտնաբերված մեքենաներից մեկը ևս վնասված էր, նախնական վարկածով՝ կրակոցների հետևանքով։ Տեղում ձեռնարկված հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները օպերատիվ պարզեցին, որ մեքենաներից մեկը՝ «Ժիգուլին», տուժող կողմինն է։ Շուտով հայտնի դարձավ, որ «Նիվան» էլ մյուս կողմինն է։

Միջադեպից հետո մեքենան թողել էին դեպքի վայրում ու հեռացել։ Ոստիկանների տվյալներով՝ «Նիվան» պատկանում է հենց Սուրենավանում ապրող, 22-ամյա Արգիշտի Բրոյանին։ Մինչ քննիչներն ու փորձաքրեագետներն ուսումնասիրում էին դեպքի վայրը՝ հայտնաբերելով արնանման հետքեր և «Կալաշնիկով» ինքնաձիգի կարակված պարկուճներ, քրեական հետախույզները պարզեցին կատարվածի մի շարք հանգամանքներ։

Նախնական տվյալներով՝ Արգիշտի Բրոյանի ոչխարները մտել են հետագայում հիվանդանոց տեղափոխված անձանց պատկանող հողատարածք և վնաս հասցրել։ Իբրև վնասի հատուցում՝ տուժողները Բրոյանի ոչխարներից մի քանիսը վերցրել են։ Բրոյանն էլ, իմանալով այդ մասին, ազգականների հետ «Նիվայով» եկել է ոչխարները հետ վերցնելու։ Սկսված վեճի ընթացքում էլ մեքենայից վերցրել է ինքնաձիգն ու կրակահերթ արձակել համագյուղացիների ուղղությամբ, ինչից հետո հեռացել են։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել սպանության փորձի հատկանիշներով։ Արարատի ոստիկանները, համագործակցելով ոստիկանության այլ ստորաբաժանումների գործընկերների հետ, ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ Արգիշտի Բրոյանին ու հանցագործության գործիք ինքնաձիգը րոպե առաջ հայտնաբերելու և նախաքննությանը ներկայացնելու ուղղությամբ։

Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության որևէ ստորաբաժանում կամ զանգահարել 1-02, 010 59 06 31 հեռախոսահամարներով։ Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։

 

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031