Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ չէ, որ ԵԽԽՎ Բյուրոյում Ադրբեջանը ներկայացուցիչ ունի, մենք՝ ոչ, բայց գործընթացի վրա ազդել չենք կարող». Էդմոն Մարուքյան

Հունվար 23,2019 16:54

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի ընթացքում ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովն ընտրվեց ԵԽԽՎ 18 փոխնախագահներից մեկը: Նա դարձել է նաև ԵԽԽՎ Բյուրոյի անդամ:

Հիշեցնենք՝ ԵԽԽՎ անկախ հանձնաժողովն անգամ պատժամիջոց է կիրառել Սամեդ Սեյիդովի նկատմամբ, քանի որ մեղադրվում էր ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտի հետ հանցակից լինելու և կոռուպցիոն սկանդալների մեջ ներքաշված լինելու մեջ: Սամադ Սեիդովը երկու տարով նաև զրկվել էր ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից:

Aravot.am-ը փորձեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանից պարզաբանում ստանալ՝ այդ ինչպե՞ս պատահեց, որ ԵԽԽՎ փոխնախագահ ընտրվեց կոռուպցիոն սկանդալների մեջ ներքաշված Սամադ Սեիդովը, մինչդեռ Հայաստանը ներկայացուցիչ չունի ոչ ԵԽԽՎ նախագահությունում, ոչ Բյուրոյում:

Ռուբեն Ռուբինյանը մեր զանգին ի պատասխան նշեց, որ երկու ժամից կկարողանա պատասխանել մեր հարցերին, սակայն երկու օր շարունակ հնարավոր չեղավ նրա հետ կապ հաստատել:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեցինք՝ այն, որ Հայաստանը ներկայացուցիչ չունի ոչ նախագահությունում, ոչ Բյուրոյում, վտանգավոր չէ՞ մեզ համար, պարոն Մարուքյանը պատասխանեց. «Սամադ Սեիդովը ռոտացիոն կարգով է դարձել ԵԽԽՎ նախագահ: Իր հերթն էր, ուստի նա է ընտրվել և ավտոմատ ի պաշտոնե նաև Բյուրոյի անդամ դարձել: Մենք ներկայացուցիչ չունենք, քանի որ մեր հերթն անցել է: Մեկ տարի առաջ էլ Արփինե Հովհաննիսյանն էր, դրանից առաջ Հերմինե Նաղդալյանը: Սա հերթով ընթացող գործընթաց է, որի վրա ազդել չենք կարող»:

Անդրադառնալով վտանգներին՝ Էդմոն Մարուքյանն ասաց. «Բնականաբար, լավ չէ, որ Բյուրոյում Ադրբեջանից ներկայացուցիչ կա, մեզնից չկա, միևնույն ժամանակ ուշադրությամբ պետք է հետևենք, որ նրա՝ այնտեղ լինելը որևէ կերպ չանդրադառնա և չազդի հայկական հարցերի վրա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031