Լրահոս
Օրվա լրահոսը

«IUnetworks»-ը կառավարության ուշադրությունն է հրավիրում ՏՏ ոլորտի տեղական ընկերությունների խնդիրներին, որոնք, ծրագրային ապահովում արտահանելով, ստեղծելու են հավելյալ արժեք Հայաստանի համար

Հունվար 23,2019 16:01

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է: Այս մասին հայտարարել է թե՛ նախորդ, թե՛ ներկայիս կառավարությունը: Վերջերս էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց՝ ամեն ինչ անելու են, որպեսզի այս բնագավառը դառնա տնտեսությունն առաջ մղող շարժիչ ուժերից մեկը:

Վերջին տարիների ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում էական զարգացում է ապրել: Այս մասին վկայում են նաեւ ոլորտի մասնագետները, սակայն գտնում են, որ նոր կառավարությունը լուրջ ու հեղափոխական անելիքներ ունի այս ուղղությամբ, որպեսզի աշխարհում Հայաստանի անունն ասոցացվի բարձր տեխնոլոգիաների, նորարարական ինժեներական լուծումների, խելացի մարդկանց հետ, ինչպես Չինաստանի, Իսրայելի ու Հնդկաստանի պարագայում է:

«IUnetworks» ընկերության տնօրեն Վահրամ Մերանգուլյանի խոսքով, Հայաստանն ունի եւ՛ մշակույթ, եւ՛ ճկուն ուղեղով մարդիկ, եւ՛ բոլոր այն նախադրյալները, որպեսզի մեր երկրի մասնագետների ստեղծած արտադրանքը կարողանա մրցակցել համաշխարհային արտադրության հետ, եւ ժամանակն է՝ կոտրել այն կարծրատիպը, որ հայկական ընկերությունները հիմնականում եկամուտ են ստանում օտարերկրյա կազմակերպություններից, որոնք իրենց համար այդ աշխատանքները պատվիրում են Հայաստանում:

IUnetworks ընկերությունը ստեղծվել է 2008 թվականին եւ այսօր արդեն ունի ավելի քան 230 աշխատակից:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Մերանգուլյանն ասում է, որ «IUnetworks»-ը հայկական կապիտալով ընկերությունն է: «IUnetworks»-ի բոլոր ծրագրերը ստեղծվում են ընկերության մասնագետների կողմից՝ Հայաստանում. «Մեր գործունեության հիմնական ուղղություններն են ծրագրավորումը, տեխնիկական միջոցների մատակարարումը, էլեկտրոնիկայի եւ ցածր լարման համակարգերի ինժեներական լուծումների իրականացումը»:

Ընկերության մասնագետների կողմից առաջարկվող լուծումների շնորհիվ, ըստ Վահրամ Մերանգուլյանի, ունեն տեսլական՝ միջազգային շուկա դուրս գալու. «Մեր ժողովրդի հմտությունների, ընդունակությունների, այսպես ասած՝ պոլիտեխնիկության շնորհիվ, մենք բավականին մրցունակ ենք միջազգային շուկայում»:

«IUnetworks»-ի հիմնական ուղղությունը ծրագրավորումն է, որն իր մեջ ներառում է պետական համակարգի ավտոմատացումը, էլեկտրոնային կառավարությունը եւ հեռահաղորդակցության ոլորտում մասնավոր հատվածի հետ աշխատանքը:

«Մեր կողմից արդեն ավտոմատացվել են պետական գերատեսչություններ՝ ՊԵԿ-ի, Ֆինանսների նախարարության մի շարք ծրագրեր: Մշակվել են որոշակի ծրագրեր եւ մեթոդական մոտեցումներ, որպեսզի տարեցտարի ավելի բարելավենք ու բարձրացնենք այդ աշխատանքի որակը»,-ասում է մեր զրուցակիցը՝ նշելով, որ ծրագրավորման, բիզնես վերլուծության, ճարտարապետական լուծումների ծրագրավորման ոլորտում բավականին ուժեղ մասնագետներ ունեն, որոնց ստեղծած պրոդուկտի շնորհիվ «IUnetworks»-ն իրեն թույլ է տվել մասնակցել մի քանի միջազգային մրցույթների եւ հաղթող ճանաչվել:

Ընկերության ստեղծած ծրագրերը բարելավում նաեւ Տաջիկստանի եւ Ղրղզստանի պետական կառավարման համակարգերը:

«Շարունակում ենք փորձել ընդլայնվել հետխորհրդային երկրներում, բայց, միաժամանակ, հայացք ենք գցել դեպի եվրոպական երկրներ: Արդեն իսկ կան մշակված ծրագրեր, որոնք փոխանցվել են եվրոպական գործընկերներին եւ այս պահին Եվրոպայում անցնում են թեսթավորում: Եթե ամեն ինչ հաջողվի, կկարողանանք եւս մեկ անգամ պարծենալ հայ ծրագրավորողի ստեղծած պրոդուկտով, որը կկարողանանք արտահանել եւ կապիտալ բերել Հայաստան»,-ասում է Վահրամ Մերանգուլյանը: Ըստ նրա, ներկայումս աշխատում են եւ շարունակում են համագործակցությունը զարգացնել «Յուքոմ» ընկերության հետ, ինչի արդյունքում ստեղծել են մի շարք ծրագրեր: Ընկերության մասնագետները մշակել են նաեւ սմարթ բիզնես լուծումներ՝ Հայաստանի բանկերի, ապահովագրական, հեռահաղորդակցության ընկերությունների, փոքր բիզնեսի համար: Կիրառվող գործիքների շնորհիվ վերոնշյալ ընկերություններն ու բիզնեսը կկարողանան իրենց գործը հեշտացնել եւ միջոցներ խնայել:

Ընկերության ղեկավարն ասում է՝ մեծ ուշադրություն են դարձնում աշխատակիցների պրոֆեսիոնալ զարգացմանը: Ծրագրավորման ֆակուլտետներում սովորող ուսանողների ընտրություն են կատարում, վճարում, որպեսզի նրանք դասընթացներ անցնեն եւ ավելի խորացված գիտելիքներ ստանան իրենց ուսումնառության ընթացքում եւ «IUnetworks»-ում ընդունում աշխատանքի՝ պայմանով, որ գործը չի խոչընդոտելու ուսմանը:

Պարոն Մերանգուլյանի խոսքով, այսօր այս ոլորտում մասնագետների շուկան բավականին կրիտիկական վիճակում է: Բարձր մակարդակի մասնագետները քիչ են, եղածներին էլ պահելու խնդիր կա, քանի որ նրանց աշխատավարձերը եռամսյակը մեկ բարձրանում են. «Եթե Հայաստանը ասպարեզում միշտ կարողանում է ցույց տալ երկրի առավելությունը՝ ասելով, որ գին եւ որակ համադրության մեջ հայկական շուկան այսօր բավականին առաջ է անցնում այլ շուկաներից, ի դեպ, նաեւ թե՜ Եվրոպական թե՜ Հնդկական շուկաներից, ապա, 3-4 ամիսը մեկ ուսումնասիրելով տարածաշրջանի շուկան, տեսնում ենք՝ ինչ է տիրում. գների վիճակը մոտենում է կրիտիկականի: Եթե մենք չկարողանանք սա ինչ-որ կերպ կարգավորել, կմոտենանք Արեւելյան Եվրոպայի երկրների գներին, ինչը եվրոպական երկրներին հնարավորություն կընձեռի՝ օգտվել ոչ թե հեռավոր Հայաստանից, այլ՝ իրենց ավելի մոտ գտնվող ծրագրավորողների ծառայություններից»:

Ուստի, Վահրամ Մերանգուլյանը նոր կառավարության ուշադրությունն է հրավիրում ՏՏ ոլորտի տեղական ընկերությունների առաջ ծագած խնդիրներին, որոնք Հայաստանից ծրագրային ապահովում արտահանելով ստեղծելու են հավելյալ արժեք Հայաստանի համար:

Շարունակելով ընկերության ղեկավարի խոսքը՝ «IUnetworks»-ի բիզնեսի զարգացման տնօրեն Լեւոն Բաբայանն ասում է՝ նոր կառավարությունն այնպիսի ծրագրեր պետք է մշակի ՏՏ ոլորտի համար, որ մասնագետների ներգաղթ լինի. «Նոր կառավարությունը մեզ պետք է սատարի, Հայաստանը պետք է ողջ աշխարհում ասոցացվի տեխնոլոգիաների հետ՝ ինչպես Չինաստանը, Իսրայելը, Հնդկաստանը: Այն ճանապարհն, ինչ Իսրայելն է անցել, մենք պետք է անցնենք: Չնայած հայերը սակավաթիվ ազգ են, փոքր երկիր ենք, բայց, միեւնույն է, մենք պետք է այնպիսի լուծումներ տանք աշխարհին, որ երբ ասեն «Հայաստան», այն ասոցացվի խելացի մարդկանց, բարձր տեխնոլոգիաների, նորարարական ինժեներական լուծումների, ՏՏ ոլորտի հետ եւ դրան մենք պետք է հասնեք նաեւ կառավարության կողմից իրականացվող քաղաքականության շնորհիվ»:

Լեւոն Բաբայանը վստահեցնում է, որ հայերի մշակույթը շատ մոտ է Եվրոպական մշակույթին. «Լեզվի իմացությունը, մշակույթների մոտ լինելը մեծ դեր են կատարում: Մեզ պետք է բեկում մտցնել միջազգային շուկայում, որպեսզի Հայաստանի մասին սկսեն մտածել, որպես տեխնոլոգիական երկրի եւ սկսեն մեզ հետ աշխատել, որովհետեւ այստեղ կա միտք, պոտենցիալ, կան մարդիկ, որոնք կարողանում են ստեղծել աշխարհում նմանատիպը չունեցող լուծումներ»:

Նշենք, որ IUnetworks-ը հանդես է գալիս «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում՝ ի թիվս մեկ տասնյակից ավել ՏՏ եւ հեռահաղորդակցության, վաճառքների եւ սպասարկման, անշարժ գույքի եւ շինարարության ոլորտում աշխատող ընկերությունների ։ «Գալաքսի» ընկերությունների խումբը իր գործունեությունը Հայաստանում սկսել է 1999 թ.-ին։ Ընկերությունների խմբում աշխատում են ավելի քան 3000 աշխատակիցներ, եւ, ի դեմս կազմում հանդես եկող ընկերությունների, այն հանդիսանում է Հայաստանի խոշոր հարկատու։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031