Երեկ Դավոսի գագաթաժողովի շրջանակներում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի համարում «բանակցային գործընթացի պաշտոնական մեկնարկ կամ հանգրվան»: Այս մասին քիչ առաջ նա հայտարարեց «զրույց քաղաքացու հետ» իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ հանդիպումը ծրագրված չի եղել. «Սա Իլհամ Ալիեւի հետ մեր երրորդ հանդիպումն ու խոսակցությունն է ու նախկինում էլ այդ հանդիպումները պլանավորված չեն եղել։ Խնդիր կա`քննարկել այն իրավիճակները, երբ երկուսս էլ մասնակցում ենք միեւնույն միջոցառմանը»։
Ըստ Նիկոլ Փաշինյանի, պատահում է, երբ դեմ դիմաց դուրս են գալիս եւ «որոշակի իրավիճակներ են ստեղծվում», քանի որ հանդիպման հարցը նախապես չեն քննարկել:
Ինչեւէ, վարչապետը հայտարարեց. «Այս հանդիպմանը եկել ենք պայմանավորվածությանը, որ եթե մի տեղում ենք գտնվում, առնվազն չենք խուսափում հանդիպումից»։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանի նախագահի հետ զրույցում, ինչպես նախորդ հանդիպումներում, խոսել են բանակցային գործընթացի պատմությունից. «Ոչ մի կոնկրետ դետալ մենք չենք քննարկում: Ուղղակի մտքեր ենք փոխանակում, բանակցային գործընթացի վերաբերյալ ընկալումները փոխադարձ ներկայացնում։ Քննարկումների հիմնական առանցքն այն ամենն է, ինչի մասին խոսում ենք նաեւ հրապարակային»:
«Դավադրություններ լինել չեն կարող ու նույնիսկ աբսուրդ է դրանց մասին մտածել»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը`անդրադառնալով այս հանդիպման եւ, առհասարակ, Արցախի խնդրի կարգավորման շուրջ հնարավոր զարգացումների տարատեսակ մեկնաբանություններին։
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/303664473620577/?notif_id=1548241181448804¬if_t=live_video_explicit
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ