Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախագահների դավոսյան անակնկալը եւ Արցախի հարցը

Հունվար 23,2019 15:45

«ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի դավոսյան երեկվա հանդիպումը երկրորդական նշանակության իրադարձություն չէր»,- այսօր «Հայացք» մամուլի ակումբում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանը` համաձայնելով լրագրողների այն դիտարկումներին, որ նախկինի նման տեղեկատվությունը փակ է եւ Հայաստանում կրկին ռուսական լրատվամիջոցներից տեղեկացան նման հանդիպման մասին: «Այո, դավոսյան միջանցքներում մեկուկես ժամանոց հանդիպում հնարավոր չէր պայմանավորվել»,- ասաց նա` հավելելով, որ իր ենթադրությամբ, այդ հանդիպման ընթացքում նախագահները քննարկել են հավանաբար ԱԳ նախարարների մի քանի ժամանոց հանդիպումների արդյունքները, որոնք փոխանցվել են նախագահներին. «Չեմ կարող ասել, թե այդ հանդիպման որ դետալի շուրջ ինչպիսի՞ համաձայնություն են տվել ղեկավարները, բայց ակնհայտ է, որ եւ ՀՀ վարչապետը, եւ Ադրբեջանի նախագահը, ըստ էության, համաձայնել են առնվազն մի քանի հարցերի, որոնց շուրջ, ԱԳ նախարարների մակարդակով եղել է համաձայնություն»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյան- Իլհամ Ալիեւ հանդիպումից տարածված լուսանկարին, որը սոցիալական ցանցերում լուրջ քննարկումների տեղիք տվեց`ՀՀ վարչապետի ընկճված տեսքի համար, Ստեփան Սաֆարյանը մանիպուլյատիվ համարեց նման նկարները եւ ասաց, որ լուրջ չի վերաբերվում դրանց, մանավանդ, երբ բանակցային գործընթացի վերաբերյալ տեղեկություններ չկան:

Բանախոսը կարեւորում է այն հանգամանքը, որ 2015 թվականի վերջից բանակցային գործընթաց ուղղակի գոյություն չունի, ուստի, 2016-ից սկսած բոլոր հանդիպումները նա համարում է «հետէսկալացիոն ստաբիլիզացիայի քայլեր», որոնց նպատակն է ապրիլյան պատերազմից հետո տարածաշրջանը հետ բերել նախկին՝ ելման դիրքին։

Ստեփան Սաֆարյանը փաստում է` բանակցությունները փակուղի են մտել հակամարտող կողմերի՝ ծայրահեղ հակադիր դիրքորոշումների պատճառով, ուստի այժմ, ըստ նրա, վաղ է խոսել առարկայական բանակցությունների մասին։

«Պատահական չէ, որ այսօրվա իշխանությունների ընդդիմախոսները հարց են տալիս՝ արդյոք օրակարգից դուրս են եկել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որովհետեւ այդ խնդիրն իսկապես կա։ Այնպես չէ, որ դրանք օրակարգից անհետացել են, դրանք օրակարգ չեն բերվել, որովհետեւ Հայաստանն ու Ադրբեջանը կես քայլ հետ են գնացել իրենց նախկին կարծր դիրքորոշումներից։ Կարելի է արձանագրել, որ համանախագահող երկրները օրակարգից հանել են երկու կողմերի համառությունը պայմանավորող օրակարգերը։ Այս իրավիճակում, երբ նախկին օրակարգերը սեղանից մի պահ հեռացվել են, այժմ կարելի է համարել, որ տեղի է ունենում կոնտակտների վերականգնում եւ հաստատում։ Առայժմ տեղի է ունենում հռետորաբանության շտկում, բանակցությունների բազում դետալների համաձայնեցում։ Չի գտնվի մի սթափ մարդ, որ չկարևորի բանակցությունների պահպանումը իրավիճակի կառավարման տեսանկյունից։ Փակել այդ պատուհանը, նշանակում է նվեր տալ Ալիևին, նրան զինել հարցը պատերազմով լուծելու հնարավորությամբ»,- ասաց Ստեփան Սաֆարյանը։

Այլ մանրամասները` տեսանյութում

Ստեփան Սաֆարյանը մի բանում համոզված է` ՀՀ նոր իշխանությունները չպետք է թույլ տան խեղաթյուրելու ոչ միայն հակամարտության էությունը, այլ նաեւ բանակցային բուն գործընթացը, ինչը եղավ նախկինում։

Ինչ վերաբերվում է Արցախի`բանակցային սեղանի շուրջ վերադարձնելուն, Ստեփան Սաֆարյանը հանուն արդարության փաստում է` Սերժ Սարգսյանն էլ քանիցս փորձ արեց այդ հարցը դնել եւ լուծել, բայց չստացվեց: Ըստ նրա, Ռոբերտ Քոչարյանի սխալը շատ թանկ է նստում մեզ վրա, բայց Մինսկի խմբի շրջանակներում եղել է չգրված պայմանավորվածություն, ինչի մասին խոսել են բոլորը` ինչ-որ պահից Արցախը պետք է միանա:

Արցախին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելն այն նվազագույնն է, որին, ըստ նրա, Ադրբեջանն առարկել չի կարող։ Որքանո՞վ ՀՀ իշխանություններին կհաջողի հասնել դրան, հարց է։ Ինքը տարակուսում է, որ այդ հարցի պատասխանը խորհրդարանական ընտրությունների ժամանակ չի լսել: Իր համար մի փոքր անհասկանալի կլինի, եթե ՀՀ վարչապետը գնա այլ ճանապարհով, քան այն, որ ինքը խորհրդարանում քանիցս հայտարարել է` Արցախի ժողովրդից քվե չունի այդ հարցը լուծելու համար, հետեւաբար, Հայաստանն Արցախի փոխարեն որոշումներ չի կայացնելու. «Նման վրիպումը կարող է ճակատագրական լինել ոչ միայն իր համար»:

Միաժամանակ, եթե Արցախի Հանրապետության կողմից որեւէ մտահոգություն չենք լսում, ըստ նրա, ուրեմն մտահոգվելու առիթ չկա, քանզի բոլոր հանդիպումներից առաջ եւ հետո ՀՀ վարչապետը եւ ԱԳ նախարարը հանդիպում են իրենց արցախցի գործընկերների հետ:

Հասարակություններին խաղաղության նախապատրաստելու ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների կրկին աղմուկ հանած թեզը, որը հետո նաեւ ԱՄՆ նախագահը կրկնեց` Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում նշանակվելու համար շնորհավորանքում, Ստեփան Սաֆարյանը կրկին դիտարկում է նախկինի սխալները գիտակցելու եւ դրանք այլեւս թույլ չտալու հարթությունում.«Երբ Ալիեւը ամեն հանդիպումից հետո հայտարարում է, որ հարցի լուծման միակ ճանապարհը ռազմականն է, բանակցությունները չէին կարող արդյունքի բերել: Թեպետ անուններ չեն տրվում, բայց լավ հասկանալի է, թե խոսքն ինչի մասին է: Մինսկի խմբում կա հստակ գիտակցում`նախկինում թույլ տրված սխալների մասին, որոնք այժմ չեն ցանկանում էլի թույլ տալ: Լուծումը վերեւից պարտադրված չի կարող լինել։ Որոշողը հասարակություններն են, որոշողն Արցախի ժողովուրդն է»: Ինքը անգամ ուրախ է, որ ԱՄՆ նախագահն էլ է այդ մասին ասել, քանի որ դա նշանակում է` կա մոնիտորինգ, ինչը թույլ կտա ավելի արդյունավետ բանակցություններ վարել: Այս համատեքստում, նա նկատում է, որ հայկական կողմի ելակետային դիրքերն ու հայտարարությունները ճիշտ են արված:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031