Նախկին պատգամավոր, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը նոր խորհրդարանի պատգամավորների հետ կապված մտահոգություններ ունի: «Սպասում էի, որ պոտենցիալի առումով այն մի քանի անգամ հաստատապես կգերազանցի նախկին խորհրդարաններին»,- այսօր «Հայացք» մամուլի ակումբում ասաց Ստեփան Սաֆարյանը` հավելելով, որ նախորդ գումարման խորհրդարաններում գոնե 20-30 մարդ կային, որոնք պիտանի էին խորհրդարանական դիվանագիտության համար։
«Այս խորհրդարանում առայժմ չես կարողանում մեկ ձեռքի մատներից ավելի մարդկանց թվարկել։ Իսկ ահա Ադրբեջանի՝ խորհրդարանական վեհաժողովներում վարած քաղաքականությունը մաս է կազմել իրենց պատերազմի քաղաքականության»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:
Բոլոր այս հակափաստարկները, թե նորընտիր պատգամավորները կսովորեն, կաշխատեն, Ստեփան Սաֆարյանի մոտ հարց են առաջացնում`կսովորեն կանոնակարգին, իսկ ոլորտի՞ն ինչպես են սովորելու. «Եթե նրանք խորապես չեն պատկերացնում որեւէ ոլորտ, նյուանսներ, Ադրբեջանի քաղաքականության նրբերանգներ… Տակավին խորհրդարանի եւ խորհրդարանական դիվանագիտության կարողություններն անհայտ են։ Միամտությունն ու անփորձությունը կարող են տխուր հետեւանքներ ունենալ»։
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց նաեւ մարզպետների աղմուկ հանած պարգեւատրումներից: «Չեմ կարծում, որ գտնվի մեկն, ով ասի, որ մեր երկրում աշխատավարձերը բարձր են։ Բայց ես չեմ կարող ընդունել, եթե ասում են, որ 640 հազար դրամ աշխատավարձ ստացող մարզպետի աշխատավարձը ցածր է։ Արդար չի, ՀՀ Սահմանադրության մեջ գրված այն բառերը, որ Հայաստանի Հանրապետությունը սոցիալական, ժողովրդավարական պետություն է, հենց այնպիսի բառեր չեն։ Արդյոք արդա՞ր է ունենալ 50-70 հազար դրամ աշխատավարձ ստացող մանկավարժ եւ ունենալ սուրճ խմող մարզպետի տեղակալ՝ այն էլ երեք օրինակից։ Սա խայտառակություն է։ Ո՞ւմ ենք պարգեւավճարներ տալիս՝ սենյակներից սենյակներ վազող, ֆեյսբուքներում լայքող-մեկնաբանություններ անողների՞ն»,- պատասխանեց Ստեփան Սաֆարյանը։
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ