Գարո Արմենի հերթական ուղերձը Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ
Շնորհավորում եմ Հայաստանին և աշխարհի տարբեր անկյուններում բնակվող հայերին: Անցյալ դեկտեմբերի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Նիկոլ Փաշինյանն ավարտին հասցրեց այն պատմական հաղթանակը, որ սկսվել էր ապրիլյան Թավշյա հեղափոխությամբ: Աշխարհն անխուսափելիորեն նկատեց փոքրիկ երկրի և հինավուրց ժողովրդի այս աննախադեպ և շեշտակի առաջընթացը: «Էկոնոմիստ» ամսագիրը «Տարվա երկիր» ամենամյա անվանակարգը Հայաստանին շնորհելով՝ Հայաստանը «մեծարանքի արժանի» երկիր է անվանել՝ արժևորելով մեր առաջընթացը։
Հիմա, երբ Հայաստանը խաղաղ, ժողովրդավարական անցում է կատարել և հետևում թողել նախկին ռեժիմի կոռումպացված և վնասարար գործելաոճը, երկիրն ու ժողովուրդը առաջխաղացման համար գերազանց դիրքերում են: Առաջամուղ ուժեղ քամու առկայությունը Հայաստանին հնարավորություն է տալիս լինելու երկիր, որը նշաձող է սահմանում այլ՝ նմանատիպ երկրների համար նույնանման ճանապարհ անցնելու համար: Մենք՝ որպես պետություն և սփյուռք, կարող ենք նպաստել առաջընթացի և բարեփոխումների գլոբալ միացյալ ճակատի կայացմանը՝ ժողովրդավարական, տնտեսական, տեխնոլոգիական և բնապահպանական ոլորտներում:
Առջևում մեզ սպասող աշխատանքը պահանջում է մանրակրկիտ, լավ մտածված, շուրջօրյա, ամենժամյա ջանքեր: Յուրաքանչյուր հայ աշխարհում կամ Հայաստանում հնարավորություն և պատիվ ունի հանձն առնելու այն ամենը, ինչ պետք է արվի՝ իրագործելու համար այս խոստումը: Մեծ թե փոքր՝ մենք կարող ենք մեր արդյունքն արձանագրել:
Ամենից առաջ և ամենակարևորը մեր երիտասարդությանը՝ հայերի հաջորդ սերնդին, գործիքակազմ տրամադրելն ու ոգեշնչելն է՝ մեծ երազանքներ ունենալու և իրենց նպատակներն իրագործելու՝ միաժամանակ մաքրվելով անցյալի բեռից: Երկրորդ՝ տարածաշրջանում ուժեղ պետություն կառուցելն է՝ ոչ որպես սպառնալիք հարևաններին, այլ որպես նրանց աճի և բարգավաճման գործընկեր: Երրորդ՝ աշխարհի համար մեծապես գրավիչ ներդրումային միջավայր ստեղծելն է՝ հստակ ցույց տալով մեր փոքր, բայց ուժեղ երկրի բարեկեցության համոզիչ պոտենցիալը: Մենք արդեն տեսնում ենք Հայաստանում աճի և առաջարկվող հնարավորությունների նկատմամբ հետաքրքրության սերմերը: Մասնավորապես՝ գործարար ոլորտը սկսում է առաջընթաց արձանագրել, համալսարանների շրջանավարտները սկսում են զբաղեցնել բարձր պոտենցիալ ունեցող աշխատատեղեր, և սփյուռքից հայրենադարձները տեղափոխվում են Հայաստան:
Աշխարհը, որում ապրում ենք, տպավորիչ արագությամբ է զարգանում: Մենք հիմա գործիքակազմ և առաջնորդություն ունենք՝ օժտված ժողովրդի մանդատով, հասնելու և անցնելու:
Սպասելիքները պարոն Փաշինյանից ահռելի են: Մինչ այժմ նա փայլուն ռազմավարություն է մշակել և իրականացրել։ Նա իր ժողովրդի համեստ ծառան է եղել: Իր շրջապատում նորարար մտածողությամբ երիտասարդ առաջնորդներ են, որոնք ջանադրաբար աշխատելու են՝ գերազանցության համաշխարհային չափանիշներին հասնելու համար: Այս ամենն իրագործելի է, սակայն դրա համար անհրաժեշտ են ոչ միայն բարի մտադրություններ ու գիտելիք, այլև լայնախոհություն և քննադատական մտածողություն։ Սա կյանքի կոչելը գուցե սկզբում դժվարին խնդիր թվա, սակայն անհրաժեշտ ջանք է հաղթելու համար։
Իհարկե, մենք կարող ենք իրականացնել այս ամենը և անգամ ավելին:
Ինչ վերաբերում է ինձ, ես կշարունակեմ մեր երիտասարդ սերնդին ապահովել այն գործիքակազմով, որը կուժեղացնի նրանց, և նրանք կառաջնորդեն իրենց երկրի զարգացումն այնպես, ինչպես մենք դեռ չենք տեսել: Սա եղել է և կշարունակի լինել ոչ միայն իմ անձնական առաքելությունը, այլև այն խորը պարտավորությունը, որ ես զգում եմ մեր ժողովրդի հանդեպ: Այժմ՝ առավել քան երբևէ, ես տեսնում եմ այն գեղեցիկ, կենսունակ ներկապնակը, որով նկարվելու է ապագայի բնապատկերը: Անհամբերությամբ սպասում եմ արդյունքներին:
Աստված մեզ պահապա՛ն։
Դր. Գարո Արմենը «Agenus»-ի՝ ԱՄՆ-ում քաղցկեղի բուժմանն ուղղված առաջատար բուժամիջոցների ստեղծմամբ զբաղվող կենսատեխնոլոգիական ընկերության հիմնադիրը, նախագահն ու գործադիր տնօրենն է, նաև՝ հիմնադիրն ու նախագահն է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (COAF), որը զբաղվում է Հայաստանի գյուղական համայնքների առողջապահության, կրթության և տնտեսական զարգացման հիմնախնդիրների լուծմամբ և առաջխաղացմամբ:
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ