Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյան. «Ուռուցքաբանական վիրահատությունները կլինեն անվճար»

Հունվար 23,2019 14:54

Այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց՝ ուռուցքաբանական վիրահատությունների դեպքում նախկինում գործում էր համավճարի սկզբունքը, եւ այն բժշկական կենտրոնները, որտեղ կատարվում էին նման վիրահատություններ, պետությունը վճարում էր գումարի շատ փոքր մասը, բեռի մեծ մասը մնում էր հիվանդների վրա: Նախարարի խոսքով՝ տրամաբանական չէր այդ վիրահատությունները համարել պետպատվեր։ Ուստի, նախարարությունը որոշել է՝ պետությունը կփոխհատուցի այդ վիրահատությունների համար ամբողջությամբ եւ քաղաքացուց համավճար չի գանձվի։

Թորոսյանի խոսքով՝ «Ուռուցքաբանական ծառայությունների համար մենք այս տարի ունենք 700 մլն դրամի աճ, որը ավելացել է անցյալ տարվա 1,1 մլրդ-ի վրա։ Որոշում պետք է կայացվեր, թե այդ 700 մլն դրամն ինչի՞ վրա ենք ծախսելու։ Քննարկումների արդյունքում եկանք այն եզրահանգման, որ պետք է փորձենք մեղմել քաղաքացիների վրա եղած բեռը՝ համավճարը։ Որոշվել է, որ այդ 700 մլն դրամի մեծ մասը ծախսվելու է այդ համավճարը հանելու համար։ Այսինքն՝ հիմա, եթե կարիք եղավ ուռուցքաբանական վիրահատության, այն բժշկական կենտրոնները, որոնք կունենան պետպատվեր, այնտեղ վիրահատության համար գումար քաղաքացին չի վճարի, պետությունը կփոխհատուցի գումարն ամբողջությամբ եւ շուկայական գնով, սա շատ կարեւոր է, որովհետև մենք ունենք նաև այլ ծառայություններ, երբ ասում ենք պետպատվեր, սակայն ծառայությունների գումարները շուկայականից ցածր են, եւ բուժհաստատությունները միշտ այլ ակնկալիքներ են ունենում։ Այժմ այլ ակնկալիքներ չեն լինելու, գները լինելու են ինքնարժեքից բարձր»:

Նախարարը վստահեցրեց՝ «Ուռուցքաբանության վրա նաեւ ավելացվելու է արագացուցիչներով ճառագայթային բուժումը, որը մինչեւ հիմա չի եղել, եղել է միայն «գամմա» կամերաներով ճառագայթային բուժում, սա էլի 200 քաղաքացիների համար: Յուրաքանչյուր կուրսը 1 միլիոն դրամից ավելի է: Այսինքն՝ ճառագայթային բուժում, որն այս տարի Հայաստանում առաջին անգամ արվելու է պետպատվերի շրջանակներում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031